«ՍԵՓԱԿԱՆ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆ ՉԷ ՏՐՎԱԾ». ՎԱՀԵ ՔՈՉԱՐ

«ՍԵՓԱԿԱՆ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՆ ՉԷ ՏՐՎԱԾ». ՎԱՀԵ ՔՈՉԱՐ

1877

Երաժիշտի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Միանշանակ կարևոր է ապրելու վայրը: Ընդհանրապես յուրաքանչյուր անհատականություն ձևավորում է իր միջավայրը, նեղ իմաստով՝ ընտանիքը և ուսումը, լայն իմաստով՝ հայրենիքը և ազգային մշակույթը:

Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:

-Ի սկզբանե տարբեր բևեռներում են գտնվում, քանի որ ազգային ու ժողովրդական մշակութային ավանդույթները ձևավորվում են հարյուրամյակների, եթե ոչ՝ հազարամյակների ընթացքում և հղկվում ամեն անգամ, երբ փոխանցվում են սերնդեսերունդ: Այնինչ ստեղծագործողին՝ կոմպոզիտորին, տրված է մեկ կյանք և մեծ հաշվով՝ ընդամենը մեկ հնարավորություն: Ուրիշ բան, որ անհատ ստեղծագործողը կարող է գործել տվյալ մշակութային տեսակի համատեքստում, կամ հակադրվել այդ տեսակին: Դա ստեղծագործողի ընտրության խնդիրն է:

Որտեղի՞ց են սերում Քոչարի մուսաները:

-Նման գաղտնիքներ ոչ մի ստեղծագործող չի բացի: Այստեղ պետք է խոնարհաբար լռել:

-Երաժիշտ ծնվո՞ւմ են, թե՞` դառնում:

-Կարելի է ծնվել և այդպես էլ չդառնալ: Ընդհանրապես սեփական աստղը երկնքում տեսնելու երջանկությունը բոլորին չէ տրված: Կամ՝ այն տեսնելու համար պետք է գոնե մեկ անգամ հայացքը հառել դեպի վեր:

Ի՞նչ եք կարծում, ապագա սերունդների համար Ձեր ո՞ր ստեղծագործությունը ասելիք կունենա:

-Կարծում եմ՝ բոլորը: Տարբերություն չեմ դնում ստեղծագործություններիս միջև: Եթե ունենան…

Ի՞նչ եք փնտրում, որ դեռ չեք գտել:

-Այօրվա օրով եմ ապրում, չեմ մտածել…

-Եվ, վերջապես, խնդրում եմ՝ կիսվեք հաջողակ երաժիշտի գաղտնիքով:

-Դա աշխատասիրությունն է և կրկին աշխատասիրությունը: Պակաս կարեւոր չեն նաև նպատակասլացությունն ու ինքնավստահությունը: Ես համարում եմ, որ երաժիշտը պետք է ցանկացած հնարավորություն օգտագործի երաժշտական Օլիմպոսի իր ճանապարհին: Չի կարելի բաց թողնել ոչ մի առաջարկ: Եվ երբեք չի կարելի հուսալքվել:

 

Էլեն Պարսամյան

4-րդ կուրս

Կիսվել