«Պլաստիկ վիրաբուժությունը գեղեցիկի համադրումն է գիտության հետ». Հայկ Պապիկյան

«Պլաստիկ վիրաբուժությունը գեղեցիկի համադրումն է գիտության հետ». Հայկ Պապիկյան

1299

Վերջին շրջանում կտրուկ աճել է պլաստիկ վիրահատությունների թիվը: Մարմնի թերությունները շտկելու, իդեալական տեսք ունենալու համար  մարդիկ պատրաստ են ծախսել միլիոնավոր դրամներ:

Հայաստանում նույնպես պլաստիկ վիրաբուժական միջամտության դիմողների քանակն աճել է: Զրուցելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմածնոտային վիրաբույժ Հայկ Պապիկյանի հետ՝ պարզեցինք, թե հիմնականում ինչ խնդիրներով են դիմում, և ովքեր են պացիենտները՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

«Եթե համեմատենք մոտավորապես 10 տարի առաջվա հետ, այսօր ավելի շատ են դիմում պլաստիկ վիրահատության։ Որպես վիճակագրություն՝ կարող եմ ասել, որ ավելի շատ դիմում են քթի պլաստիկ միջամտության, այն է՝ ռինոպլաստիկայի համար։ Դիմում են նաև ականջների պլաստիկ վիրաբուժության համար։ Դիմողների մեծ մասը կանայք են, սակայն գնալով ավելի է շատանում դիմող տղամարդկանց թիվը»:

Իդեալական տեսք ունենալ ցանկանում են բոլորը: Ներկայումս նույնիսկ դեռահասներն են ցանկություն հայտնում՝ շտկումներ կատարել: Ցանկությունը՝ ցանկություն, բայց թույլատրելի տարիքը աղջիկների դեպքում 17-ն է, իսկ տղաների դեպքում՝ 18-ը: Սակայն, երբեմն հատուկ ցուցումների դեպքում, հնարավոր է ավելի վաղ տարիքում կատարել պլաստիկ վիրահատություն:

Պլաստիկ վիրաբուժության զարգացումները թույլ են տալիս կատարել գրեթե ամեն տեսակի փոփոխություններ: Ցանկանալով պարզել՝  կա՞ արդյոք միջամտության տեսակ կամ գուցե չափ, որին սկզբունքորեն անգամ  վիրաբույժն է դեմ, Հայկ Պապիկյանը նշեց. «Պլաստիկ վիրաբուժության բոլոր տեսակները, ինչպես առհասարակ ողջ բժշկությունը, արագ տեմպերով զարգանում է։ Չկա որևէ տեսակի միջամտություն, որ համարվի անհնարին։ Սկզբունքորեն որևէ միջամտության դեմ չեմ։ Մարդն ինքն է որոշում կայացնում. որոշումը մանրամասնորեն քննարկվում է բժշկի հետ։ Շատ կարևոր է բժշկի կողմից ցուցաբերել գրագետ մոտեցում, բացատրել տվյալ վիրահատության բոլոր կողմերը, հետևանքները։ Հատկապես պլաստիկ վիրաբուժության դեպքում անհրաժեշտ է նախապես պացիենտի հետ մանրամասնորեն քննարկել սպասվող փոփոխությունները»։

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատություններին՝ չենք կարող չնկատել, որ այստեղ առավել տարածված է քթի վիրահատությունը: Վերջին տարիներին բավականին լայն տարածում գտած ռինոպլաստիկայի այլընտրանքնային տարբերակները՝ տարատեսակ ներարկումներով, թելերի օգնությամբ, թույլ են տալիս մարդկանց առանց վիրահատական միջոցների, կարճ ժամանակում հասնել ցանկալի արդյունքի:  Վիրաբույժը խորհուրդ է տալիս. «Առաջնային ռինոպլաստիկայի պարագայում, երբ պացիենտը առաջին անգամն է կատարում պլաստիկ միջամտություն,  ավելի ճիշտ է վիրահատական եղանակը, սակայն այդ ամենը խիստ անհատական է, և երբեմն բժիշկը, քննարկելով պացիենտի հետ,  որոշում է կայացնում այլ եղանակով կատարել պլաստիկան։ Այսօր ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք կիրառում ենք և մշտապես զարգացնում։ Արդյունքը գոհացնող պետք է լինի և՛ բժշկի համար, և՛  իհարկե՝ պացիենտի»։

Լինում են դեպքեր, երբ անգամ կա մեծ ցանկություն, բայց վիրահատություն չի իրականացվում: Որոշ հիվադությունների դեպքում, ինչպիսիք են՝ շարակցական հյուսվածքի ընդհանուր հիվանդությունները, մաշկային խնդիրները, շաքարախտը, ռինոպլաստիկան հակացուցված է։

«Մինչև վիրահատությունը  կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները և անալիզները, որպեսզի լիովին պատրաստ լինենք վիրահատության և բացառենք հակացուցումները»։

Մարդիկ մշտապես փորձում են համապատասխանել գեղեցկության չափանիշներին: Բացի այդ, առկա խնդիրները հաճախ ազդում են ինքնագնահատականի վրա: Դրանք շտկելով՝ մարդը դառնում է առավել ինքնավստահ: Այսպիսով՝  հարց է առաջանում. պլաստիկ վիրաբուժությունը որքանո՞վ է բժշկություն և որքանո՞վ՝ էսթետիկա:

«Ցանկացած բժշկական միջամտություն, նախ և առաջ,  բժշկություն է։ Պլաստիկ վիրաբուժությունը գեղեցիկի համադրումն է գիտության հետ, մեր դեպքում՝ բժշկության հետ, որի արդյունքում ունենում ենք գոհ, ավելի ինքնավստահ և երջանիկ հասարակություն»,-վստահեցրեց Հայկ Պապիկյանը:

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել