«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԻՐԻ ՄԵՋ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ ԵՄ ԴՆՈՒՄ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՅԴ ԻՐԸ ԿՐՈՂԻ ՀԱՄԱՐ»

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԻՐԻ ՄԵՋ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ ԵՄ ԴՆՈՒՄ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՅԴ ԻՐԸ ԿՐՈՂԻ ՀԱՄԱՐ»

2149

Մասնագիտությամբ հոգեբան Անահիտ Հարությունյանը 27 տարեկան է: Մոտ 6 տարի է, ինչ զբաղվում է ձեռագործ իրեր` կաշվե պայուսակներ, վզնոցներ, թևնոցներ, հուշանվերներ պատրաստելով: Անահիտն այսօր արդեն իր սպառողին է ներկայանում «Ծիրանէ»  ապրանքանիշով:  

-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ձեռքի աշխատանքներ պատրաստելով:

-Փոքրուց սիրել եմ մայրիկիս օգնությամբ պատրաստել ձեռագործ իրեր: Այն ժամանակ հիմնականում գործելով, կարելով և ասեղնագործելով էի սահմանափակվում: Հետագայում սկսեցի պատրաստել նաև կաշվե իրեր՝ հիմնականում հարազատներիս և ինձ համար: Ժամանակի ընթացքում այն ինձ համար սիրելի զբաղմունքից վերածվեց սիրելի աշխատանքի, սկսեցի վաճառել աշխատանքներս: Ուստի որոշեցի նաև ֆեյսբուքյան էջի միջոցով ընդլայնել իրերիս վաճառքի «տարածքը»: Այժմ արդեն այդ էջի միջոցով պատվերներ եմ ստանում և հիմնական վաճառքը կատարում եմ վիրտուալ տիրույթում:

-Ինչու՞ Ծիրանէ: Ի՞նչ խորհուրդ ունի այդ անվանումը:

-Երբ սկսեցի լուրջ զբաղվել այս գործով, որպես տարբերանշան հայկական անուն ընտրելու ցանկություն կար, որպեսզի այն հիշվող, յուրահատուկ և գեղեցիկ լինի: Հայկ Խաչատրյանի «Հայոց թագուհիները» գրքից ընտրեցի Ծիրանէ թագուհու անունը, որն ըստ Հայկ Խաչատրյանի Էրիմենա արքայի կինն էր: Հետագայում իմացա, որ Ծիրանէն, ցավոք, հորինված կերպար է՝ Հայկ Խաչատրյանի կողմից: Վերջինս երբեմն  լրացրել է  մեզ անհայտ թագուհիների որոշ կերպարները (այս դեպքում՝ Էրիմենա արքայի տիկնոջ անունը): Բայց այս հանգամանքը չխանգարեց, որ իմ աշխատանքները ներկայացնեմ արդեն ինձ հարազատ դարձած Ծիրանէ անվան ներքո:

-Հիմնականում ի՞նչ նյութեր եք օգտագործում:

-Տարբեր նյութեր եմ օգտագործում, բայց հիմնականում՝ արհեստական կաշի, տարբեր որակի կտորներ, քարեր՝ հնաոճ զարդեր (հիմնականում մանյակներ) պատրաստելու համար: Շատ եմ պատրաստում նաև փայտե իրեր:

-Ի՞նչ փուլերով եք պատրաստում աշխատանքները:

-Աշխատանքները պատրաստելիս ինձ մոտ հստակ փուլեր չկան մշակված, կամ կարելի է ասել՝ պատրաստում եմ մեկ փուլով՝ միանգամից: Դա թերևս պայմանավորված է նրանով, որ մեծ հաճույքով ու սիրով եմ պատրաստում՝  յուրաքանչյուր  պատրաստվող  իրի մեջ դնելով բարեմաղթանք՝ ապագայում այդ իրը կրողի համար:

-Ի՞նչ եք կարծում, մեր երկրում բավարար ուշադրություն դարձնու՞մ են տեղական արտադրանքին, թե՞ ավելի շատ նախընտրում են արտասահմանյան հայտնի բրենդների զարդեր կրել:

-Հավատացած եմ, որ ժամանակի և ազգային գիտակցության հարց է տեղական արտադրանքը նախընտրելը: Ցավոք, առայժմ բավարար չեմ համարում համապատասխան վերաբերմունքի աստիճանը: Քանի որ արդեն բավական ժամանակ է, ինչ զբաղվում եմ զարդեր պատրաստելով, դրսում շատ  ուշադիր եմ լինում, թե մարդիկ ինչպիսի զարդեր են կրում, ինչ նախընտրություններ ունեն: Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ վերջերս մեծ տարածում են գտել օրինակ թուրքական նախշեր պարունակող զարդերը, գոտիները,անգամ հագուստները: Սա ինձ համար անընդունելի երևույթ է: Մենք  պետք է առնվազն գիտակցենք, որ նախընտրելով թուրքական արտադրանքը՝ գումար ենք փոխանցում նրանց բանակին: Մեզ հարկավոր է վերանայել մեր բրենդային նախընտրությունները:

 -Ո՞րն է եղել Ձեր պատրաստած  ամենասիրելի զարդը:

-Ամենասիրելին որպես այդպիսին չեմ առանձնացրել, բայց շատ եմ սիրում այն իրերը, որոնց վրա կատարում եմ նկարչական աշխատանքներ: Թեև չունեմ համապատասխան կրթություն, սակայն շատ եմ սիրում իրերը զարդարել հայկական՝ հատկապես կենաց ծառի խորհուրդը կրող պատկերներով, տարբեր ժայռապատկերներով : Բացի հայկականից օգտագործում եմ նաև  կելտական, սկանդինավյան մշակույթին վերաբերվող ծիսական սիմվոլներ, որոնցից յուրաքանչյուրը կրում է իմաստ և ունի  կիրառելու իր եղանակը:

-Եղե՞լ է դեպք, երբ պատվիրատուի համար ինչ-որ զարդ եք պատրաստել, բայց այնքան եք հավանել, որ չեք վաճառել:

-Չի եղել, բայց եթե շատ հավանեմ ինչ-որ իր, գրեթե բոլորն էլ կարող եմ վերապատրաստել: Ասացվածք կա՝ «Մի պահիր այն, ինչ գնում է, և մի հրաժարվիր նրանից, ինչ գալիս է»: Իմ դեպքում «գնացողները» զարդերս են, որոնք, հետևելով ասացվածքին՝ չեմ պահում:

-Հիմնականում ի՞նչ զարդեր  են պատվիրում Ձեզ մոտ

-Հաճախ են պատվիրում փոքրիկ վզնոց-գրքույկներ (երբեմն գրքույկ-օղերի հետ միասին), շատ են գնում օղեր և հայկական ժայռապատկերներով թևնոցներ: Նախընտրությունները խիստ տարբեր են՝ պայուսակներից, մատանիներից սկսած` մինչև փայտե իրեր,  նոթատետրեր, գրչատուփեր:

-Եղե՞լ է դեպք, երբ պատվիրատուն խնդրի Ձեզ, որ իր համար պատրաստված զարդից այլևս ոչ մեկի համար չպատրաստեք:

-Մի քանի դեպք եղել է: Բայց կան նաև իրեր, որոնք եզակի են լինում իսկզբանե:

-Երբ փողոցում հանդիպում եք ինչ-որ մեկին, ով կրում  է Ձեր պատրաստած զարդերից, ի՞նչ եք զգում այդ պահին:

-Հիշում եմ, երբ առաջին անգամ դրսում հանդիպեցի մարդկանց, ովքեր իմ պատրաստած զարդերն էին կրում, շատ էի ուրախացել, անչափ հաճելի էր անծանոթ մարդկանց մոտ քո աշխատանքները տեսնելը: Նրանք զարդերը գնել էին խանութներից մեկից, որոնց հետ ես նոր էի սկսել համագործակցել: Հետագայում սկսեցի ավելի հաճախ հանդիպել այդպիսի մարդկանց, և կարող եմ ասել, որ ամեն անգամ նույն  ջերմ ու  հաճելի զգացողություններն եմ ունենում:

-Ձեր պատրաստած իրերը վաճառվում են հիմնականում վիրտուալ տարածքում: Իրական դաշտ տեղափոխվելու և խանութ բացելու մտադրություն չկա՞

-Թեև մի քանի խանութ-սրահներում իրերս  ցուցադրված են վաճառքի, բայց շատ եմ ցանկանում իմ սեփական խանութն ունենալ, որտեղ ամբողջությամբ իմ աշխատանքները կլինեն, որտեղ գնորդը կայցելի  հենց «Ծիրանէ» ապրանքանիշի  համար: Սա ինձ համար երազանք է, որը հույս ունեմ մի օր  իրականություն կդառնա:

-Ի՞նչ նորությունների սպասենք «Ծիրանէ» ապրանքնիշից

-Տեսականու ընդլայնում, կտորային ապրանքատեսակների ավելացում: Կիմանաք նաև  մոտ ապագայում ամանորյա ցուցահանդեսներից մեկին ներկայանալու մասին:

 

Էլեն Պարսամյան

4-րդ կուրս

Կիսվել