Ո՛չ գազ, ո՛չ հույս. Տավուշ գյուղի մի քանի ընտանիք տարիներ շարունակ պայքարում...

Ո՛չ գազ, ո՛չ հույս. Տավուշ գյուղի մի քանի ընտանիք տարիներ շարունակ պայքարում են գազ ունենալու համար

879

Տավուշ գյուղում խնդիրներ շատ կան: Դրանց մի մասն արդեն լուծվել է, որոշների դեպքում դեռևս հույս կա, բայց գազի խնդիրը Տավուշ գյուղի մի քանի ընտանիքների համար վերածվել է անհաղթահարելի մարտահրավերի: Բնակիչները չեն էլ հիշում, թե երբվանից են պայքարում գազ ունենալու համար։

«Մի քանի տարի առաջ կարողանում էինք անտառից փայտ բերել։ Այդպես վառարանը վառում էինք, որն էլ ինչ-որ չափով կարողանում էր փոխարինել գազին։ Իսկ հիմա ոչ մի բան չենք կարողանում անել։ Ես չեմ աշխատում, կինս չի աշխատում, տղաս էլ պայմանագրային զինծառայող է։ Մի քանի կոպեկով ո՞նց ապրենք»,- գրեթե հռետորական հարց է տալիս տավուշեցի Արսեն Ադամյանը։

Բնակիչները միջոցներ չունեն գազն իրենց տներ հասցնելու համար։ Նրանք հույսը դրել են պետության վրա, պետությունն էլ՝ իրենց վրա։

Մարզպետարանից տեղեկացրին, որ կառույցը չունի ֆինանսական նման միջոցներ՝ գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու համար։ Անհատական տների գազաֆիկացման աշխատանքները կարող են իրականացվել բնակչի կողմից համապատասխան վճարում կատարելուց հետո։ Համայնքապետարանի և մարզպետարանի կողմից տարվում են աշխատանքներ՝ հնարավորինս սուղ միջոցներով խնդիրը լուծելու համար։

Արսեն Ադամյանն այնքան է խոսել խնդրի մասին, որ արդեն հոգնել է։ Մի քանի խոսք ասելուց հետո բացում է հին, ճռռացող դուռն ու հեռանում։ Ամուսնու խոսքը շարունակում է կինը՝ Վալյան։

«Մի օր եկան, չափումներ արեցին: Ասացին՝ պիտի 600.000 դրամ տաք, որ գազ քաշենք։ Գումարի չափն այնքան ահռելի էր, որ լսելուց հետո նույնիսկ ծիծաղս եկավ։ Ախր մեր տունն ու ներքին թաղամասի գազատարն այնքան էլ հեռու չեն իրարից, ու դժվար թե այդքան մեծ գումար պահանջվեր»,- պատմում է Վալյան։

Ամուսինները ասում են՝ կարող են տալ ընդամենը 100-150 հազար դրամ, «թող պետությունն էլ մնացածը վճարի»։

Նշենք, որ մարզի 62 բնակավայրից գազաֆիկացված չէ երեքը՝ Աճարկուտ, Բերքաբեր և Կիրանց համայնքները։ Քանի որ գազաֆիկացումը մեծ ներդրումներ է պահանջում, որպես խնդրի այլընտրանքային տարբերակ     նախատեսվում է արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Հենց չգազաֆիկացված 3 համայնքում էլ կիրականացվի ծրագիրը, որի բյուջեն կազմում է 143500.0 հազ. դրամ։

Այս տարի  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որով Իջևան և Դիլիջան քաղաքների 6  փողոցի 5 գազատար կփոխարինվի նորով։ Ներդրման ծրագրի արժեքը կկազմի շուրջ 100 մլն դրամ։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել