Մեկ բուհ, մեկ մասնագիտություն

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն

868

Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր կարգում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են ընդունելության  քննություններին, մասնագիտությունների հայտագրմանը, ժամկետներին և ձևաչափին։

12-րդ դասարանի աշակերտուհի Էլենը պատրաստվում է ընդունվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանչական գործ անգլերեն և հայերեն լեզուներ բաժինը: Մեզ հետ զրույցում Էլենը նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած դեպքերը իր մոտ վախի զգացում են առաջացրել. «Այդ դեպքերն ինձ ավելի ուժեղ են դարձրել, ստիպել են պայքարել, և հիմա իմ ամենամեծ երազանքն է՝ մեկ ամիս անց ետ նայել և ասել՝ ինձ մոտ ստացվեց»,-պատմում է նա:

Իսկ այն հարցին, թե առաջին հայտով չընդունվելու դեպքում ինչպես կվարվի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ վստահ է իր ուժերի վրա: Պայքարում է լավագույնին հասնելու համար. «Իսկ, եթե իմ ուզած ֆակուլտետը չընդունվեմ, այդ դեպքում ընդհանրապես չեմ ընդունվի, լիովին կհիասթափվեմ և կփորձեմ ինձ այլ բնագավառում գտնել»,- ասում է Էլենը:

Մեր մյուս զրուցակիցը՝ Օվսաննան պատրաստվում է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Շուկայագիտություն և մարկետինգի ֆակուլտետ: Օվսաննան նշում է, որ որքան էլ իր համար տարօրինակ է, բայց նա շատ հանգիստ է. «Նախորդ տարվանից միայն վախեցնում է քննությունների շատ բարդ լինելը, որի պատճառով շատ ցածր էին գնահատականները, բայց չեմ կարծում, որ այս տարի էլ այդպես կլինի»,-ասում է նա։

Օվսանան պարապում է անգլերեն և մաթեմատիկա: Չընդունվելու մասին աշխատում է չմտածել. «Եթե հանկարծ չընդունվեմ, այլ բաժին չեմ ընտրի, որովհետև դա հենց այն է, ինչ ես եմ ուզել։ Կշարունակեմ պարապել և մյուս տարի կրկին կփորձեմ»,-պատմում է Օվսանան:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, քանի որ այս տարի դիմորդները հանձնելու են 2 քննություն, նշանակում է, որ չընդունվողների քանակն ավելի քիչ կլինի։ Մինչդեռ կարող է լինեն ուսանողներ, ովքեր բարձր միավորներով չեն ընդունվի իրենց մասնագիտությամբ։

Ապագա իրավաբան Էսթեր Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  մասնագիտական ընտրությունը կատարել է դեռ մանկուց: Սա իր կյանքի կարևոր փուլերից մեկն է, և համոզված է, որ իր համառ ջանքերի շնորհիվ անպայման կընդունվի իր նախընտրած ֆակուլտետ. «Նախորդ տարվա դեպքերն ինձ ստիպեցին, որ ավելի լավ սկսեմ պարապել, որպեսզի ես էլ նման խոչընդոտների առաջ չկանգնեմ: Հիմա արդեն համոզված եմ, որ ընդունվելու եմ և դառնամ լավ իրավաբան»,-պատմում է Էսթերը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այս համակարգը սահմանափակում է դիմորդներին։ Նախկին համակարգը հնարավորություն էր տալիս ավելի շատ հայտերով դիմել և տարբեր բուհեր։ Այս համակարգը նաև թերագնահատում է դիմորդի միավորների կարևորությունը՝ առավելությունը տալով մասնագիտական կողմնորոշմանը. «Արդյունքում, մի շարք մրցակցային ֆակուլտետներից դուրս մնացած դիմորդներ կարող են դուրս մնալ կամ ստիպված լինեն դիմել այնպիսի մասնագիտություններով, որոնք իրենք չեն ուզում»,-ասում է փորձագետը։

Մենք փորձեցինք կապ հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ, սակայն բազմաթիվ զանգեր կատարելուց հետո, պատասխանեցին, որ մամուլում կան հրապարակումներ, իրենք արդեն խոսել են այդ թեմայով, ինչպես նաև իրենց պաշտոնական կայքում ևս կա ամբողջ ինֆորմացիան, և չպատասխանեցին ոչ մի հարցի:

Նախարարությունից հայտնում են, որ հայտագրման  այս  եղանակը  հնարավորություն  է տալիս մասնագիտական  հստակ  կողմնորոշվածություն  ունեցողին ընդունվել՝  նվազեցնելով պատահական  կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ  ընդունվելու խնդիրը:

Ըստ փորձագետի՝ դիմորդները հաճախ դիմում են այնպիսի մասնագիտություններով, որոնցում ավելի հեշտ է ընդունվել և ավելի էժան է։ Ոչ ոք չի կարող բացահայտել, թե ինչու է հենց այդտեղ դիմել դիմորդը. «Բազմաթիվ դիմորդներ կան, որոնք ուզում են ընդունվել իրավաբանական, բայց վարձի և մրցակցության պատճառով դիմում են, օրինակ՝ Քաղաքագիտության բաժին։ Այս օրինակը կարող ե՞նք համարել մասնագիտական կողմնորոշման վրա հիմնված քայլ, իհարկե՝ ոչ»,-բացատրում է Սերոբ Խաչատրյանը։

Իսկ այն հարցին, թե համակարգի ձախողման դեպքում, ինչ քայլեր պետք է ձեռնարկել Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ համակարգը պետք է արմատապես փոխվի. «Բուհերը պետք է սահմանեն ընդունելության շեմային միավորներ յուրաքանչյուր մասնագիտության համար։ Դիմորդն էլ պետք է որոշի, թե իր միավորներով ուր դիմի»,-ամփոփեց փորձագետը:

էլիզա Գրիգորյան

Նարե Բաբերյան

Տաթևիկ Գաբրիելյան

3-րդ կուրս

Կիսվել