Վաշինգտոնի Սիեթլ քաղաքից հասավ Երևան ու իր նպատակներից մեկը դարձավ Օպերայի և Բալետի թատրոնում աշխատելը։ Ազգությամբ ռուս 21-ամյա Ալիսա Նիշանովան, ով սովորել է Անգլիայի բալետի ուսումնարանում, պատմեց հայկական արմատներ չունենալու և մեկ տարում հայերեն գրելու ու խոսելու մասին. «Ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ, երբ ինձ հրավիրեցին մասնակցելու մի ներկայացման, որտեղ հայկական պար պետք է սովորեի։ Ազգությամբ ռուս եմ, շատ քիչ ուզբեկական արմատներ ունեմ և երբեք չէի պատկերացնի, որ հայկական այդ նուրբ շարժումներն ինձ այդքան հոգեհարազատ կթվան։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր ազգային պար սովորելիս, անհարգալից է չիմանալ այդ ազգի մասին։ Ես սկսեցի սովորել հայերեն, լսել հայկական երաժշտություն և քանի որ սիրում եմ հին երկրների պատմությունն ու մշակույթը, հայկական պարն ու երաժշտությունը դարձան իմ ոգեշնչման աղբյուրը»։
Օտար երկիր, նոր մշակույթ, տարբեր մտածելակերպ և աշխարհընկալում։ Ալիսան պատմեց սկզբնական շրջանում դժվար հարմարվելու և թատրոնում ինտեգրվելու մասին. «Հայերի հոգատար վերաբերմունքն ինձ համար բավականին խորթ էր։ Թատրոնում բոլորն ինձ օգնում ու աջակցում էին։ Նրանք ամեն օր ինձ հարցնում էին՝ ինչպե՞ս ես, հաց կերե՞լ ես: Ես չգիտեմ՝ դա հայկական խոսք է, թե՝ ոչ, բայց թատրոնում միշտ բոլորն իրար այդ հարցերն էին տալիս, սկզբում ինձ մոտ դա ծիծաղ էր առաջացնում, հետո հասկացա, որ իրականում շատ հոգատար են»։
Ալիսան համացանցով ծանոթացել էր հայ մի շարք օգտատերերի հետ՝ հայերեն խոսել սովորելու նպատակով և, ինչպես ինքն է պատմում, նրանք ոչ միայն օգնեցին իրեն, այլև Հայաստան ժամանելուն պես բոլորի հետհանդիպեց ու ամրապնդեց ընկերական հարաբերությունները.«Ինքս զարմանում եմ, որ այդքան լավ ընկերներ եմ ձեռք բերել այդտեղ։ Ես մարդամոտ չեմ և ընկերներ շատ քիչ ունեմ, բայց Հայաստանում զարմանալիորեն ընկերներիս թիվն ավելացավ, որովհետեև հայերը շատ բարեհամբյուր ու ընկերասեր են, իրենց հետ հեշտ է շփվել։ Ես միշտ շատ զուսպ եմ շփվել անգամ իմ ամենամոտ ընկերների հետ և երբեք նրանցից ոչ ոքի չեմ ասել՝ ես քեզ սիրում եմ։ Բայց իմ հայ ընկերներին ես անկեղծ դա ասում եմ, որովհետև նրանց, իրոք, շատ եմ սիրում»։
Ալիսային գրավել էր քաղաքի մաքրությունն ու հանգստությունը, նրա համար Երևանի փողոցները շատ ռոմանտիկ են, մարդիկ՝ դրական. «Սիեթլի համեմատ Երևանը շատ մաքուր և ապահով քաղաք է։ Այստեղի բնակչությունը շատ դժվարություններ է ապրել, բայց զարմանալիորեն բոլորն այնքա՜ն դրական են։ Ինձ դուր էին գալիս սրճարաններից լսվող հաճելի դասական երաժշտությունը (հատկապես երեկոյան), մարդկանց անկեղծ ժպիտները։ Որպես աղջիկ ինձ համար նաև շատ կարևոր հանգամանք էր, որ անգամ շատ ուշ ժամի փողոցով կարող էի հանգիստ քայլել և չվախենալ։ Հարյուր տոկոս վստահ եմ, որ եթե հանդիպեմ իմ երկրորդ կեսին, ապա նա հայ է լինելու, քանի որ ես ցանկանում եմ իմ կյանքը կապել Հայաստանի հետ»։
Բալետի պարուհու Հայաստան գալու հիմնական նպատակը՝ Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի արտիստ դառնալն էր, բայց ինչպես միշտ պատահում է կյանքում՝ Ալիսայի հեքիաթը նույնպես երկար ընթացք չունեցավ. « Մի քանի օր պարապեցի թատրոնում, բայց հետո տեղեկացրին, որ համապատասխան բալետի արտիստի համար թափուր տեղ առայժմ չունեն։ Առաջին անգամ էի Հայաստանում և երկար չէի պլանավորել մնալ, եկել էի պարապելու։ Դա է պատճառը, որ հիմա հետ եմ վերադարձել Վաշինգտոն»։
Թեև Օպերայի և Բալետի թատրոնում բեմադրություններն Ալիսայի խոսքով՝ անհամեմատ ավելի քիչ են, միևնույն է, նրա համար Ալ․Սպենդարյանի անվան թատրոնի բեմում ներկայանալը մնում է նպատակ։ Ապագայում պլանավորում է կրկին այցելել Հայաստան՝ այս անգամ երկարաժամկետ մնալու հույսով։
Էլիզա Գալուստյան
3-րդ կուրս