ԵՐԲ ԵՐԵՎԱՆԸ ԳԻՆՈՎՑԱԾ Է

ԵՐԲ ԵՐԵՎԱՆԸ ԳԻՆՈՎՑԱԾ Է

1964

Գինին ճիշտ գնահատելու համար սկզբում պետք է այն արտաքինից զննել, հետո բույրը զգալ և նոր միայն համտեսել։ Ահա այսպես մայիսի 5-ին և 6-ին գինու սիրահարները Սարյան փողոցում փորձում էին հայ գինեգործների արտադրանքը։

«Երևանի գինու օրեր» միջոցառման այցելուները գնում էին 4000 դրամ արժողությամբ փաթեթ, որը ներառում էր մասնակից կազմակերպությունների գինու համտեսի կտրոններ և բաժակ։ Այնուհետև պետք էր մոտենալ տաղավարներին, ներկայացնել համապատասխան կտրոնն ու պարզել բաժակը։

Տոնն, իհարկե, գինուն էր նվիրված, սակայն մասնակցում էին նաև շամպայն արտադրող ընկերություններ։ Կարելի էր գնել տարատեսակ խորտիկներ, քաղցրեղեն, մինչև անգամ հուշանվերներ և հագուստ։ Այցելուներին անտարբեր չթողեց նաև պանրի լայն տեսականին։

Մասնակիցների թվում շատ էին արտասահմանցի հյուրերը։ Նրանք հատկապես հիացած էին հայկական նռան գինով։ Մոսկվայից նույն օրվա առավոտյան ժամանած երկու կանայք առանց ճանապարհից հանգստանալու շտապել էին գինու տոնին մասնակցելու. «Մենք հայկական գինի շատ ենք սիրում։ Երբ իմացանք, որ մեր այցելությունը համընկել է գինու տոնի հետ, շատ ուրախացանք, և շտապեցինք այստեղ։ Դեռ բոլորից չենք հասցրել փորձել, բայց անպայման կաշխատենք բոլոր տաղավարների գինուց էլ համտեսել»։

Միջոցառման բացումից մեկ ժամ անց արդեն տաղավարների մոտ սկսեցին հերթեր գոյանալ։ Իսկ ավելի ուշ փողոցով քայլելն էլ դժվարացավ։

Գայանե Ենոքյան

2-րդ կուրս

Կիսվել