«Փորձում եմ ուսանողներիս տալ մաքսիմալ գիտելիքներ, որոնք ինքս էլ ստացել եմ բուհում»....

«Փորձում եմ ուսանողներիս տալ մաքսիմալ գիտելիքներ, որոնք ինքս էլ ստացել եմ բուհում». Սոնիա Հակոբյան

950

Զրուցել ենք ծրագրավորող,ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ և դասախոս Սոնիա Հակոբյանի հետ։

-Ինչպե՞ս որոշեցիք ռադիոֆիզիկից դառնալ ծրագրավորող:  

-2018 թվականին համալսարանի պատի վրա տեսա մի պաստառ, որտեղ գրված էր, որ կա  գիտահետազոտական կենտրոն, որն ունի ընդունելություն երկամսյա պրակտիկայով, որը հնարավորություն է ընձեռում պրակտիկանտներին աշխատել իրենց գիտնականնների հետ որևէ նախագծի շուրջ, և դրա հետ կապված իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ։ Դիմեցի ու ինձ ընտրեցին, ամեն երկրից ընտրում էին մեկին, այդ տարվա հաջողակը ես էի՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։ Աշխատել եմ ֆիզիկայի հետ կապված գիտական աշխատանքի վրա, բայց նաև բացի ֆիզիկայից ծրագրավորման որոշակի հատվածներ էի կատարում, և ընթացքում ծանոթացա տեղի ծրագրավորողներից մեկի հետ, իր հետ մտերմացա, ու ինքն ինձ ուղղորդեց, որից հետո էլ սկսեցի հետաքրքրվել ծրագրովորմամբ։ Հայաստան գալուն պես՝ ընդունվեցի մագիտրատուրա, կրկին ռադիոֆիզիկայի ֆակուլտետ և զուգահեռ սովորեցի նաև ծրագրավորում։

-Երբևէ կմտածեի՞ք, որ կդասավանդեք այն ֆակուլտետում, որտեղ վեց տարի եղել եք ուսանողի կարգավիճակում. ինչպե՞ս ստացաք առաջարկը։

-Առաջարկը ստացել եմ դասախոսիցս, որը սիրով ընդունել եմ։ Դասավանդում եմ այն առարկան, որն ամենաշատն եմ սիրել ուսումնառությանս տարիներին։ Մեծ սիրով եմ կատարում աշխատանքս, փորձում եմ ուսանողներիս տալ մաքսիմալ գիտելիքներ, որոնք ինքս եմ ստացել բուհում։

-Կհիշե՞ք առաջին օրն արդեն որպես դասախոս. ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ուսանողների հետ։

-Հիշում եմ առաջին օրը, երբ պիտի դասախոսություն կարդայի, կյանքիս ամենապատասխանատու օրերից մեկն էր, ես անգամ դիպլոմայինիս պաշտպանությանն այդքան չեմ լարվել, ինչքան լարվել էի այդ օրը, որովհետև, եթե դիպլոմայինի ժամանակ ինչ-որ հարց հնչի, որին չես կարողանա պատասխանել, մտածում էի ՝դա ավելի նորմալ է, քան ուսանողը հարց հնչեցնի, որի պատասխանը չգիտես։ Սակայն ընթացքում սովորեցի, որ նաև հնարավոր է հարց հնչի, որի պատասխանը տվյալ պահին կարող ես չիմանալ ու կարող ես ուսանողին հավասար սովորել։ Կան որոշ ուսանողներ, որ հասկակիցներ ենք։ Ի սկզբանե խնդրել եմ ուսանողներիս, որ ընկեր Հակոբյանի փոխարեն դիմեն ուղղակի իմ անունով, անգամ ունեմ ուսանողներ, ովքեր դու-ով են դիմում. ինձ համար ոչ ֆորմալ և ֆորմալ դիմելաձևը կարևոր չէ,կարևոր է ուսանող-դասախոս հարաբերությունները, միմյանցից  չկաշկանդվելը, որովհետև բոլորս էլ եղել ենք ուսանող և վերապրել ենք նույն զգացողությունները։

-Զբաղվում եք նաև երգով և լուսանկարչությունով, այդ երկուսից ո՞րն է առավել հոգեհարազատ:

-Ամեն տարիքում հոբբիները տարբեր են լինում, իմ դեպքում կան որոշ հոբբիներ, որոնք անփոփոխ են: Դրանցից մեկը երգելն է, երգելն ինձ համար, եթե չլիներ հոբբի, կլիներ մասնագիտություն։ Բացի երգելուց, նաև ֆոտոնկարչությամբ եմ զբաղվում, սիրում եմ տարբեր կադրեր ֆիքսել։ Ուսանողական տարիներիս Գերմանիայում մեկ շաբաթ հեռախոսիս հետ խնդիր էր առաջացել, ու այնտեղի մայրամուտը միշտ ամենասիրունն էր իրականում, և տպավորություն էր, որ այդ մեկ շաբաթում ամենագեղեցիկ մայրամուտներն են եղել, քան երկու ամսվա ընթացքում։ Սիրուն կադրերը մեր կյանքում շատ են. ամեն անգամ կադր անելիս համոզվում եմ, որ պետք է իրենց նկատել, քանի որ մենք շատ զբաղված ենք և շատ սիրուն պահեր ուղղակի բաց ենք թողնում։ Այդ ամենը պարտադիր չէ նկարել, պետք է կարողանալ ապրել դրանցով։

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել