ԿԱՆԱՉԻ ԲՈԼՈՐ ԵՐԱՆԳՆԵՐԸ

ԿԱՆԱՉԻ ԲՈԼՈՐ ԵՐԱՆԳՆԵՐԸ

1870

«Եղի՛ր մարդ, հետո ինչ ուզում ես». մշտապես ասում է Տիգրան Մանսուրյանը: Ապրիլի 28-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Հանդիպումը սկսվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով, ով ներկայացրեց մեր կողքին ապրող լեգենդի կենսագրությունը:

Կոմպոզիտորի ստեղծագործությունների հիմքը Շիրակի դաշտի գույներն են, քանի որ, ծնվելով Բեյրութում, 8 տարեկանում տեղափոխվել են Արթիկ: Մաեստրոն ամենն ու բոլորին գույների հետ է ասոցացնում, իսկ իր կյանքի գույնը թունդ կանաչն է: Օրինակ՝ Կոմիտասի «Գարնան գութան հանեցի» երգում կոմպոզիտորը հրաշք պատկեր է տեսնում, ասում, որ այնտեղ ամփոփված են կանաչի բոլոր երանգները:

Մանսուրյանն իրեն հանճար չի համարում՝ ասելով, որ նա ընդամենն իր աշխատանքն է կատարում: Նրա սերը դեպի երաժշտություն միջնորդ օղակ չի ունեցել, իսկ ներշնչանքի աղբյուր, անշուշտ, ունի. «Ներշնչանքիս հիմքը հանցանքի զգացումս է: Երբ չեմ աշխատում՝ չեմ ստեղծագործում, ինձ թվում է ծանր հանցագործություն եմ անում: Եվ երբ ստեղծվում է երաժշտությունը, երջանկանում եմ. լռության վրա նստող հնչյունը ստեղծում է մի հիասքանչ բերկրանք»:

Լսելով մանսուրյանական երաժշտությունը՝ հոգիդ խաղաղվում է ու լցվում անասելի ջերմությամբ: Ինչպես մաեստրոն է սիրում ասել, դա նրանից է, որ երաժշտության բառերը սիրահետում են մեղեդուն, իսկ մեղեդին բառերին:

Սիրահետել ասելով՝ միշտ հիշում է առաջին համբույրը, որն իր դասընկերուհի Նունեինն էր՝ 2-րդ դասարանում: «Հենց նրա սերն ինձ դարձրեց երդվյալ ընթերցասեր». կարոտած ժպիտով ասում է արվեստագետը:

Տիգրան Մանսուրյանի կուռքն իր ընտանիքի զավակ լինելն է, ձեռքբերումը, ինչպես ինքն է ասում, այս տարիքին հասնելն ու առողջ լինելը, իսկ կյանքի կարգախոսի մասին. «Ժամանակին ըմբոստ էի ու կռվարար, կարգախոսս էլ՝ գործ անենք, կործանենք»:

Երբ դահլիճից մեկն ասաց՝ պատիվ է ունեցել լսելու մաեստրոյի վերջին ստեղծագործությունը, որը կարելի է ասել կործանեց թշնամուն, Մանսուրյանը սաստող, բայց բարի ժպիտով ասաց. «Վերջին բառը զգույշ գործածեք»:

Երբ խոսում են բացթողումների մասին, կոմպոզիտորն ասում է, որ շատ սիրելով ու յուրացնելով հայերենի բոլոր բարբառները, այդպես էլ չկարողացավ քեսաբերեն սովորել:

Ամփոփելով հանդիպումը՝ տիկին Հակոբյանը հանձնարարականներ տվեց մասնագետներին.

  • Հատուկ մաեստրոյի համար աճեցնել սպիտակ ճակնդեղ, քանի որ նա մանուկ հասակում պաշտում էր թոնիր դրած սպիտակ ճակնդեղը:
  • Վերականգնել Եղիշե Չարենցի առաջին գրքի վնասված էջերը, որը Մանսուրյանը մինչ օրս իր մոտ է պահում:
  • Տպագրել մաեստրոյի հեղինակային բանաստեղծությունները և ձայնագրել 3 տարեկանից մինչ այսօր ունեցած հիշողությունները, որպեսզի հետո ստեղծվի հուշագիր:

Իսկ մաեստրոյին հանձնարարվեց ապրել, ստեղծագործել ու ապրեցնել:

 

Անի Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել