Կոսմետիկայի փորձարկումը կենդանիների վրա դժգոհության նոր ալիք է բարձրացրել

Կոսմետիկայի փորձարկումը կենդանիների վրա դժգոհության նոր ալիք է բարձրացրել

1286

Գնելով կոսմետիկա և կենցաղային քիմիական նյութեր՝ մեզանից շատերը չեն էլ մտածում, թե ինչպես է ստեղծվել այդ արտադրանքը, արդյոք այն փորձարկվել է կենդանիների վրա։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն տարի փորձարկումներից մահանում է մոտ 100-150 միլիոն ողնաշարավոր կենդանի։

Գաղտնիք չէ, որ կենցաղային քիմիական նյութերը վտանգավոր են մարդու առողջության համար, այլ հարց են կոսմետիկ միջոցները։ Շատերը կարծում են, որ վտանգավոր և գլոբալ բան տեղի չի ունենա, եթե մկնիկի վրա լցնենք շամպուն  կամ շիճուկ, ընդհակառակը` մորթին ավելի խնամված, հարթ և մետաքսյա տեսք կունենա, բայց տարբեր փորձարկումներ իրականացվում են կենդանու համար սարսափելի պայմաններում։

Ամենից հաճախ փորձարկումներ արվում են փոքր կենդանատեսակների վրա՝ ծովախոզեր, նապաստակներ, առնետներ, մկներ, սակայն բացառություն չեն կազմում նաև խոշոր տեսակները՝ կապիկները, շները և կատուները։

Բոլոր արտադրանքներըերը ենթարկվում են փորձարկման կենդանի էակների մասնակցությամբ։

Փորձերն իրականացվում են չորս ուղղություններով՝ 65% թմրանյութերի անվտանգության փորձարկումներ, 26% հիմնական գիտական հետազոտություններ, 8% կոսմետիկ միջոցների արտադրություն, 1% կրթական գործընթացներ։ Կենդանի օրգանիզմում «լավ» նպատակներով իրականացվող վիրաբուժական միջամտությունները կոչվում են վիվիզեկցիա։ Նաև հարկ է նշել, որ փորձերը իրականացվում են առանց անզգայացման, պարզապես կենդանիները մահվում են անշարժացած վիճակում։

Journalist.am-ը կատարել է հարցում 20-45 տարիքային խմբի շրջանակում, պարզելու համար՝ արդյոք մարդիկ արտադրանքը գնելիս ուշադրություն են դարձնում՝ ենթարկված է այն փորձարկման կենդանիների վրա, թե ոչ: Հարցվածների 19%-ը ուշադրություն չի դարձնում, 10%-ը առհասարակ տեղյալ չէր, որ նման փորձարկումներ են արվում։ Հարցվածների 5%-ը ճիշտ է համարում նման փորձարկումների իրականացումը, 43%-ը օգտվում է հատուկ բրենդների պրոդուկներից, որոնք չեն փորձարկվում կենդանիների վրա ( Lush, Faberlic): Իսկ  հարցվածների 23%-ը ճիշտ է համարում հոգալ բնության մասին և շտապ դադարեցնել նման գործողությունների շարունակական լինելը։

Դեռահասների ու երիտասարդների շրջանում մեծ տարածում գտած TikTok սոցիալական մեդիայում հատկապես մայիս ամսին կենդանիների վրա կոսմետիկ միջոցների փորձարկման թեման շատ լայն ու բացասական քննադատության էր ենթարկվել. սպառողները բազմաթիվ հոլովակներ էին հրապարակում հարթակում և տարածում դրանք այսպիսի մեկնաբանությամբ. «Մենք դեմ ենք, որպեսզի կոսմետիկ միջոցները փորձարկվեն կենդանիների վրա, նրանք նույնպես կենդանի էակներ են»։

«Ինձ համար միևնույն է, այնպես եք խոսում, կարծես միս չեք ուտում, կամ կենդանիների մորթուց հագուստ չեք կրում, և, երբ անցել են երկար տարիներ, որոշել եք այդ մասին հիմա արձագանքե՞լ»,- կան նաև բազմաթիվ նման մեկնաբանություններ։

Journalist.am-ի հետ զրույցում կոսմետոլոգ Նարինե Վարդանյանն անդրադարձ կատարեց թեմային՝ ասելով, որ կենդանիների վրա փորձարկումները շատ վաղուց են իրականացվում և դեռ կշարունակվեն․ «Օրինակ՝ Չինաստանում ամբողջ կոսմետիկան փորձարկվում է կենդանիների վրա, և, եթե մեկ այլ ապրանքանիշ ցանկանում է իր կոսմետիկան վաճառել այս երկրում, ապա օրենսդրությունը պարտավորեցնում է նրան թեստեր անցկացնել։ Հետևաբար բնական խնամքի շատ արտադրողներ հրաժարվում են չինական շուկայից»։

Կոսմետոլոգն ուրախ է, որ շատ անհատներ սկսել են նախընտրություն տալ այնպիսի կոսմետիկ նյութերին, որոնք փորձարկված չեն կենդանիների վրա․ «Դա բարդ չէ, պարզապես ինչ-որ բան գնելիս, պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը, որոնց վրա սովորաբար լինում են «vegan» կամ «cruelty free» (դաժանությունից զերծ) բառերը և պատկերված է լինում նաև նապաստակ»։


Մարիամ Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել