«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ, ՈՐԸ ԿՊԱՏՐԱՍՏԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ...

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ, ՈՐԸ ԿՊԱՏՐԱՍՏԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԿԱԴՐԵՐ

899

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում մեկնարկում է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը, որի նպատակն է կրթել մասնագետներ, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ հմտությունները գիտությունը և տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:

2 ամիս տևողությամբ (հուլիսի 22-ից սեպտեմբերի 22-ը) դասընթացի ընթացքում կազմակերպվելու են գիտության և լրագրության տարբեր ճյուղերի դասընթացներ, վարպետության դասեր և սեմինարներ, որոնք վարելու են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտասահմանից, իրականացվելու են այցեր գիտահետազոտական և տեխնոլոգիական լաբորատորիաներ, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում տրվելու է երաշխավորված պրակտիկայի հնարավորություն առաջատար մեդիա կազմակերպություններում։

Այսօր՝ դասընթացի բացմանը, մեզ հետ զրույցում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի («ISTC»), Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Գիտուժ» նախաձեռնության գործակցությունն աստիճանաբար տեսանելի և արդյունավետ է դառնում. «Այսօր մենք արձանագրում ենք հերթական ձեռքբերումը. ծնվում է նոր դասընթաց: Համոզված եմ՝ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը կարճ ժամանակ անց կներառվի ֆակուլտետի ուսումնական պլանում և կիրականացվի լավագույն մասնագետների ջանքերով»:

Նրա խոսքով, դասընթացի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության կողմից երաշխավորված գիտնականներ. «Ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ բոլորը, ըստ էության, համաձայն են, որ գիտակրթական ոլորտում հաջողության հասնելու և հաջողություններ արձանագրելու միակ ճանապարհը նորամուծություններն ու բարեփոխումներն են»:

«Ես կարծում եմ, որ այս դասընթացը կարևոր խնդիր պետք է լուծի. որքան հնարավոր է պատրաստի լրագրողներին հնարավորինս ճիշտ լուսաբանելու ոլորտը, դրանում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև հայաստանյան ու համաշխարհային զարգացման ուղղությունները: Կարծում եմ՝ սա մի ոլորտ է, որտեղ մենք լուրջ ձեռքբերումներ ենք արձանագրել և արձանագրելու, որտեղ հայկական ակադեմիական միջավայրի ներկայացուցիչները բավական մրցունակ են համաշխարհային շուկայում, և նրանց գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտությունն օրախնդիր է»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

«ISTC» հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը ծնվել է համատեղ քննարկումների արդյունքում, հատկապես այն փաստի արձանագրումից, որ թեև տեխնոլոգիական ոլորտը զարգանում է, բայց դրա մասին համապատասխան ձևով չի լուսաբանվում:

«Միտք առաջացավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներդնել մագիստրոսական ծրագիր, որը միտված կլինի պատրաստելու կադրեր տեխնոլոգիական ոլորտը լուսաբանելու համար, բայց մինչ դա որոշեցինք իրականացնել կրթական կարճ ծրագիր, որը կօգնի հասկանալ դասընթացների որակն ու արդյունքները, ըստ այդմ՝ լրամշակել ու դարձնել մագիստրոսական լիարժեք ծրագիր»,- նշեց Արեգ Գևորգյանը:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Earlyone» և «Limetech» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանն էլ փաստեց, որ այսօրվա միջոցառմամբ մեկնարկում է կարևոր նախաձեռնություն, որի ընթացքում երիտասարդները կսովորեն ճիշտ ու լավագույնս լուսաբանել գիտությունը:

Այսօրվա միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը և Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, որոնց հետևեցին պանելային քննարկումներ՝ «Գիտության հանրայնացումը և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում. խնդիրներ և լուծումներ» խորագրով:

Ի դեպ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկայում ներկայացվելու է նաև «Թվային հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը, որը ԵՊՀ ժուռնալիստիկայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների և «ISTC» հիմնադրամի համատեղ նախագիծն է:

Սկզբնաղբյուրը՝ ysu.am

Քնար Միսակյան

Կիսվել