Ադրբեջանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները

Ադրբեջանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները

427

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյբուքյան էջում սեպտեմբերի 14-ին գրառում է արել այն մասին, որ 2021 թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝  Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների՝ բացահայտվել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:

Նա առանձնացրել է մի քանի կետեր:

1.Ճանապարհի հսկողության համար տեղադրված է ընդհանուր թվով 10 տեսախցիկ, որոնցով տարբեր ուղղություններից հսկողություն է իրականացվում երթևեկության մասնակիցների, գլխավորապես՝ քաղաքացիական բնակչության շարժի նկատմամբ:

 Տեսախցիկներով ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը: 

Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով: 

  2.Արման Թաթոյանը բացարձակ անթույլատրելի է համարում այն, որ   ոստիկանական հենակետում ադրբեջանական զինծառայողները  մշտապես ծառայություն են իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակների ցուցադրական կրմամբ, դիմակավորված, ինչը բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է: Ավելին՝ ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը կտրուկ բարձրացնում է նրանց անօրինական արարքներ գործելու ռիսկը և ապահովում է անպատժելիություն:

 3. Գրառման մեջ անդրադարձ է կատարվել նաև հետևալ փաստին, որ հենակետի զինված ծառայողներն առանց որևէ օրինական հիմքի կանգնեցնում են այդ ճանապարհով օրինական հիմքերով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, վարորդներից առանց օրինական հիմքերի պահանջում են փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Ըստ ահազանգերի՝ իրանական վարորդներից պահանջել են  վճարել ՀՀ 3,000 դրամ-ից մինչև 70,000 դրամ: 

4)  Արման Թաթոյանն փաստում է նաև, որ ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները և որոնց անմիջական հարևանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ:

Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013թ. օրինական վկայականով:

Արման Թաթոյանը նշում է, որ  ադրբեջանական զինված ուժերը նշված անշարժ գույքին տիրացել են պատերազմից անմիջապես հետո ՝ՀՀ նշված քաղաքացուն՝ գույքի օրինական սեփականատիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքով և ընդամենը մի քանի ժամ տալով գույքը թողնելու համար:

 Սա նշանակում է, որ ադրբեջանական որևէ տեսակի տեղակայում Որոտանի նշված շենքում կամ հողատարածքում անիրավաչափ է, քանի որ տեղի է ունեցել ՀՀ-ին ուղղված պատերազմի սպառնալիքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացուն՝ նշված գույքի օրինական սեփականտիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքի ներքո ու առանց հատուցման՝ նրա սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարմամբ:

Այսպիսով, ադրբեջանական զինված ծառայողների նշված բոլոր արարքները, այդ թվում՝ կապված ոստիկանական հենակետի հետ, առաջացնում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ: Դրանք բնույթով քրեորեն պատժելի են և զուրկ են որևէ իրավական հիմքից, ուղղակիորեն արգելված են մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կանոններով, ուստի՝ ադրբեջանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված զինծառայողները պետք է անհապաղ հեռացվեն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակի մասին հիշյալ տեղեկությունները ուղարկվել են նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն:

Անգին Մարտիրոսյան, Մարիաննա Մխիթարյան

4-րդ կուրս

Կիսվել