ԵՊՀ գրադարանը համալրվում է նոր գրքերով

ԵՊՀ գրադարանը համալրվում է նոր գրքերով

922

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը համալրվում է նոր գրքերով: Այս, ինչպես նաև գրաադարանում առկա խնդիրների մասին խոսել ենք գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ,:

-Ի՞նչ գրքերով է համալրվում գրադարանը:

-Քանի որ ԵՊՀ-ն միայն կրթական հաստատություն չէ, այլ նաև կրթագիտական, դա նշանակում է, որ մենք պետք է ապահովենք ոչ միայն ուսանողների կարիքները, այլև մասնագետների, բայց  որոշ ֆակուլտետների գծով մենք նախընտրություն ենք տալիս կրթական դասագրքերին  կամ գիտական նյութերին, քանի որ այդ ֆակուլտետներում ավելի քիչ են ուսումնական ձեռնարկներ:
Օրինակ՝ բնագիտական մասնագիտությունների համար կան այնպիսի դասագրքեր, որոնք արդեն գրվել են, ունեն ռուսերեն կամ անգլերեն թարգմանություններ, որոնցով կարելի է սովորել երկար տարիներ, սակայն կան նաև այնպիսի մասնագիտություններ, ինչպիսին, օրինակ, լրագրությունն է, որոնց համար դասագրքերը պետք է անընդհատ թարմեցվեն:

Գրադարանը գրքերով համալրելիս արդյոք հաշվի եք առնում ուսանողների կարծիքները, թե ինչ կցանկանան նրանք կարդալ:

-Համալրումը տեղի է ունենում ֆակուլտետների կամ ամբիոնների պահանջարկի հիման վրա, քանի որ մասնագետներն են հանձնարարում ուսանողներին գրականությունը, և իրենք գիտեն, թե ինչ է պետք իրենց ֆակուլտետին: Բնականաբար, եթե ուսանողները ունենում են ինչ-որ ավելացումներ, դրանք հաշվի են առնվում,եթե, իհարկե, դրանք չեն հասնում մեծ ծավալների:

-Համալրումները հիմնականում գրքայի՞ն տարբերակով են, թե՞ էլեկտրոնային:

-Համալրումը լինում է թե՛ գրքային, թե՛ էլեկտրոնային: Մեր գրադարանն ունի կայքէջ, որտեղ այսօր կա մոտավորապես 5000-ից ավելի առցանց գիրք։ Ճիշտն ասած, ես էլեկտրոնային տարբերակների կողնակիցն եմ, քանի որ էլեկտրոնայի գրքերը ունեն  մի քանի առավելություններ. նախևառաջ էլեկտրոնային գրքերից կարող են օգտվել միաժամանակ ավելի շատ մարդիկ, էլեկտրոնային գրքերը հարմար են և կարելի է ունենալ սմարթֆոնի մեջ, սակայն կան ուսանողներ, որոնք շատ հաճախ նախընտրում են գրքային տարբերակը: Բայց եթե մենք գնում ենք դեպի թվայնացում, ապա պետք է «ներմուծենք» այդ հնարավորությունները: Կան շատ բուհեր, որոնք չունեն գրքային գրադարաններ, ամբողջովին էլեկտրոնային են, և մենք պետք է պատրաստ լինենք քայլելու ժամանակի հետ:

-Ի՞նչ ֆինանասկանան միջոցներ ունի գրադարանը, որով կարողանում է գրքեր ձեռք բերել։

-Ընդհանրապես, գրադարանաի համալրման աղբյուրները մի քանիսն են՝ ձեռքբերումներ, նվիրատվություններ, դրամաշնորհներ, ինչպես նաև գրքերի փոխանակումներ: Ամեն տարի համալսարանի բյուջեից նախատեսվում է որոշակի միավոր գումար նոր գրքերի ձեռքբերման համար, ինչպես նաև էլեկտրոնային գրքերի և ամսագրերի բաժանորդագրության համար: Տարբեր տարիներին, բնականաբար, գումարը տարբեր է, և մենք փորձում ենք ամեն տարի ավելի մեծացնել ֆինանասական ներդրումները՝ ավելի շատ գրքերի ձեռքբերան համար:

-ԵՊՀ-ն ունի՞ հնարավորություն էլեկտրոնային գրադարան ստեղծելու:

-Շենքային պայմաններն ունենք, սակայն կա ֆինանսական խնդիր, քանի որ այդ ռեսուրսները շատ թանկ հաճույք են, ինչպես նաև խնդիր կա թե՛ դասախոսական կազմի, թե՛ ուսանողների, թե՛ աշխատակիցների հետ, այսինքն՝ մենք պետք է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ լինենք դա ընկալելու:

Մենք արտասահմանյան ամսագրեր ունենք, որոնք ստանում ենք էլեկտրոնային տարբերակով, այսինքն՝ մենք «ստիպում ենք» մեր դասախոսներին օգտվել էլեկտրոնային տարբերակներից։  Իհարկե, ունենում են որոշակի դժգոհություններ, բայց նույնիսկ լավ բաներից են լինում դժգոհություններ, և սա հիմնականում այն պատճառով է, որ մարդիկ դուրս են գալիս իրենց կոմֆորտ զոնայից, այսինքն՝ երբ որ մարդիկ պետք է նոր բան սովորեն, դա բարդ է:

Երբ 2006 թ. գրադարանի տնօրինությունը փոխվեց, և բերվեցին նոր համակարգիչներ գրամեքենաների փոխարեն, մեզ ասում էին, որ կքանդենք գրադարանը: Մենք բացատրեցինք, որ համակարգիչներով աշխատելն ավելի հեշտ է և ավելի արագ, այսինքն՝ էլի եղան դժգոհություններ, որոնք ժամանակի հետ հարթվեցին:

-Ի՞նչ խնդիրներ ունի գրադարանը:

-Գրադարանը, բնականաբար, ունի  շատ խնդիրներ, որոնք եկել են հեռուներից՝ Խորհրդային միությունից, դրանից հետո՝ մեր երկրի վիճակից։ Գրեթե ոչ մի հետխորհրդային երկրում պահպանված չեն գրապահոցի նորմալ պայանները: Երկու տարի առաջ մեզ հյուր էր Թբիլիսիի ազգային գրադարանի տնօրենը, որը ևս ասում էր, որ  գրքերի պահպանման սրահներն իրենց մոտ էլ են առաջացնում խնդիրներ: Գրադարանի խնդիրներից մեկը կապված է  քարտերի հետ, և ավելի գերադասելի կլիներ, որ քարտերը ևս լինեին էլեկտրոնային:
Կցանկանայի, որ գրադարանում ցանկացած ուսանող գտներ իր տեղը, կարողանար բավարարել իր պահանջմունքները և կարողանար ունենալ իր կոմֆորտ զոնան: Շատ հաճախ ուսանողներից ստանում ենք բողոքներ, որ մասնագիտական շատ գրքեր օտար լեզուներով են, իրականում դա գրադարանի խնդիրը չէ, այսինքն՝ էնպես չէ, որ կան տվյալ գրքերի հայերեն տարբերակները և գրադարանը ձեռք չի բերում:
Միաժամանակ խնդիր կա աշխատակազմի վերապատրաստման հետ և այլն։

-Ըստ Ձեզ՝ ուսանողների քանի՞ տոկոսն է օգտվում գրադրանից:

-Վերջին մի քանի տարիներին կտրուկ ավելացել է հոսքը: Կարելի է ասել, որ ուսանողները ձգտում են կրթվել, լավացել է ուսանողների որակը, նրանք ավելի արժևորում են կրթությունը, ինչպես նաև դա կապված է աշխատաշուկայի հետ, այսինքն՝ իրենց աշխատանքը միայն Հայաստանում չեն տեսնում, և դա մեծ առաջընթաց է կրթության բարելավման համար:

-Գրադարանը համագործակցու՞մ է այլ գրդարանների հետ:

-Բնականաբար, համագործակցում ենք հայաստանյան գրադարանների, համալսարանական գրադարանների, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրս կենտրոնի հետ, պարբերաբար ունենեում ենք նվիրատվություններ ինչպես Հայաստանի գրադարաններին, այնպես էլ Արցախին:

Մարիամ Մարտիրոսյան
Ռիտա Մնացականյան

4-րդ կուրս

Կիսվել