«Պիտի մերը մեզ վերադարձնենք…»

«Պիտի մերը մեզ վերադարձնենք…»

923

Գարնանը Արսենենց տուն գնալիս ձեզ կդիմավորեին Արսենի կնոջ՝ Արևիկի ծաղկանոցի բազմերանգ ծաղիկները, հետո նոր միայն տանտերերը։ Տարվա այդ եղանակին ծաղկանոցի մոտ  հաճախ կարելի էր տեսնել Արսենին ու Արևիկին՝ սուրճի գավաթները ձեռքներին զրուցելիս։ Արևիկը ծաղիկները խնամում էր հոգատար մոր պես, նույնիսկ բակի երեխաները ծաղկանոցի մոտ գնդակ չէին խաղում՝ անզգուշաբար ծաղիկներին չվնասելու համար։  Հիմա  ծաղկանոցի դիմացի բետոնե երկար շարվածքին՝ Արսենի տեղում,  որդին՝ Էրիկն է նստում ու ուշադիր զննում հոր՝ ռազմաճակատից ուղարկած դանակը։ Հայրիկին մեկնելու ժամանակ անձամբ էր խնդրել, որ իր համար դանակ բերի Արցախից։

«Գիտե՞ք, պապան ասել ա, որ ինձ Ղարաբաղից դանակ ա բերելու, որ ես էլ մեծանամ, զինվոր դառնամ»,- պատերազմի օրերին անցնող-դարձողին հպարտորեն ասում էր հինգամյա Էրիկը։

Արսենը որդուն տված խոստումը կատարեց, բայց մասամբ՝ դանակը հասավ որդուն, բայց ոչ թե իր, այլ զինակից ընկերների ձեռքով։

Արսենը Արցախ մեկնեց սեպտեմբերի 28-ին, նախորդ օրն աշխատանքից ուշ էր վերադարձել ու չէր հասցրել միանալ կամավորներին տեղափոխող ավտոբուսներին։

«Սեպտեմբերի 28-ի երեկոյան համացանցում կամավորների մեկնման վայրից հոլովակներ տեսա. տղաները քոչարի ու յարխուշտա էին պարում, կարծես վեպից դրվագ լիներ՝ սասունցիները պարով մարտի են նետվում,  ու հանկարծ պարողների շարքում Արսենին տեսա, ժպիտը դեմքին քոչարի էր պարում։ Բոլորն էլ ժպտում էին, չէ՞ որ սասունցիներ էին՝ ռազմապարի մեջ հույսի, մարտնչելու, հաղթանակի ու  Միացյալ Հայրենիքի ձգտում դրած»,- պատմում է Արևիկն ու ավելացնում՝ «Արյունը ջուր չի դառնում»։

Արսենը սկզբում մարտնչել է Մատաղիսի համար, հետո նրան տեղափոխել են Ջաբրայիլ, այնուհետև Հադրութ, Շուշի, Շուշիից էլ Մարտունի։

Նա արտաքնապես շատ նման էր Մոնթեին, իսկ մորուքն ավելի էր ընդգծել այդ նմանությունը, դրա համար էլ զինակից ընկերները նրան կոչում էին Արսեն-Մոնթե։

«Արսենը հա՛մ արտաքինով էր նման Մոնթեին, հա՛մ հայրենասիրությամբ, համ էլ Մոնթեի նման հեղինակություն էր տղաների համար»,-պատմում է Արսենի զինակից ընկերներից մեկը։

Արսենի հայրենասիրությունը վարակիչ էր տղաների համար, ասում են՝ բացառիկ մարտիկ էր, քաջ ու անվախ։

«Պատերազմի սկսվելուց ահագին ժամանակ էր անցել, Արսենի հետ մեկնած տղաներից մի քանիսը հետ էին վերադարձել, եկան մեզ այցելելու։ Հարցրի՝ ինչպես եղավ, որ ձեզ ուղարկեցին, Արսենին՝ չէ։ Պատասխանեցին, որ Արսենին էլ են տուն ուղարկել, հրաժարվել է հետ գալ նախքան պատերազմի ավարտը»,-ասում է Արևիկն ու հավելում, որ նման ևս 2 հնարավորություն է ունեցել տուն վերադառնալու, սակայն կտրականապես մերժել է ու դարձել մահապարտ։

«Ճիշտն ասած նեղսրտում էի, որ հրաժարվել է տուն գալ, մտածում էի՝ գար, հանգստանար ու նորից հետ վերադառնար, դժգոհությունս իրենից էլ չէիթաքցնում ու կարճ տևած հեռախոսազանգերի ժամանակ հայտնում էի։ Պատասխանում էր, որ չի կարող 18-20 տարեկան տղաներին թողնել թուրքի բերանում ու գալ «հանգստանալ», հայրենիքը միայն նրանցը չէ, բոլորինս է»,-հիշում է Արևիկը։

Արսենի վերջին հեռախոսազանգը Արևիկին շատ տարօրինակ էր թվացել: Արսենը խնդրել էր մոմ վառել ու աղոթել իր համար։

«Վերջին հեռախոսազանգը նոյեմբերի 8-ին էր: Արդեն բավականին ուշ էր, բայց, ժամին ուշադրություն չդարձնելով, բալիկներիս, սկեսուրիս ու մեր հարևանուհու հետ գնացինք եկեղեցի, աղոթեցինք Արսենի ու մեր հայրենիքի մյուս պաշտպանների համար»,-պատմում է Արևիկը։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը, սակայն Արսենից զանգ այդպես էլ չեկավ։

«Նոյեմբերի 9-ին զանգ չստացա, շատ անհանգիստ էի, փորձում էի կապ հաստատել Արսենի զինակից ընկերների հետ, սակայն բոլորը խուսափողական պատասխաններ էին տալիս, հաջորդ օրն արդեն պատերազմն ավարտվել էր, սակայն կրկին ոչ մի զանգ, կասկածներս արդեն գնալով ավելի էին մեծանում, ուզում էի վանել բոլոր վատ մտքերը, սակայն, դժբախտաբար, դրանք իրականություն դարձան»,-ասում է Արևիկը։

Արսենը զոհվել է, նոյեմբերի 9-ի առավոտյան, երբ մի քանի ժամկետայինների հետ գնացել էր զինակից ընկերներին ուտելիք բերելու։ Տղաներին նկատել էր թուրքական «բայրաքթարը»։

Արսենին հուղարկավորեցին իր ծննդավայրում՝ Թալինի շրջանի Իրինդ գյուղում: Նրան ճանաչողներն առ այսօր չեն կարողանում իր մասին անցյալով խոսել։

«Երբ տեսնում եմ, թե ինչպես է Արսենի մեքենան գալիս ու կանգնում իրենց ավտոտնակի առաջ, թվում է, թե միջից հիմա կիջնի Արսենը՝ միշտ ժպտուն, փայլող աչքերով և իրեն հատուկ ձևով կբարևի բակում հավաքվածներին»,-պատմում է Արսենենց հարևանը։

Այժմ էլ տան՝ եռագույնով զարդարված իր անկյունում նույն ժպտուն ու փայլող աչքերով Արսենի նկարն է դրված՝ մորուքով, խրոխտ կեցվածքով, հագին զինվորական համազգեստ, իսկ ձեռքին՝ զենք։

«Արսենի ժպիտը հայրենիքի համար կռվողի ու հաղթողի ժպիտն է, ու մենք պարտավոր ենք չկոտրվել, նույն ժպիտով պայքարել մեր կորուսյալ հայրենիքի համար, մենք պարտավոր ենք արժանի լինել Արսենի ու մյուս տղաների արյանը, պիտի մերը մեզ վերադարձնենք ու սրբորեն պաշտպանենք»,- ասում է Արևիկը։

Հիմա ծաղկանոցում արևի ճառագայթների տակ շողում է Արսենի տնկած արծաթափայլ եղևնին, իսկ եղևնու արմատների մոտ նստած է մի քնքուշ աղջնակ, Ալվարդիկն է՝ Արսենի դուստրը:

Նա նայում է իրենից 2 տարի փոքր եղբորն ու խստորեն կարգադրում, որ մայրիկի բացակայության ժամանակ չվերցնի դանակը, հանկարծ չկոտրի հայրիկի, ինչպես մայրիկն է ասում՝ ուժի, վրեժի, անարդարության հետ չհաշտվելու ու հայրենիքի համար պայքարելու խորհրդանիշ դարձած նվերը:

Լուսանկարները վերցված են Արևիկ Կիրակոսյանի անձնական արխիվից:

Դիանա Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել