Զրուցել ենք բլոգեր և լուսանկարիչ Լիլիթ Դավթյանի հետ։
–Բլոգեր դառնալու գաղափարը ինչպե՞ս ծագեց, ո՞վ մոտիվացրեց Ձեզ։
-Մինչ իմ բլոգեր դառնալը ու այդ մտքին գալը, Հովոս՝ ամուսինս ու իր քույրիկը՝ Արուսը, վաղուց այդ ամենի մեջ էին։ Ես շատ էի ցանկանում օգտակար մի բան անել: Հայ բլոգերներից ոչ մեկի մոտ ԱՄՆ-ի ուղղվածությամբ կոնտենտ չէի տեսել։ Որոշեցի իմ առաջին անգամ ԱՄՆ մեկնելու ու Գրին Քարտով անցած ճանապարհի մասին պատմել: Սկսեցի միանգամից հենց այդ ուղղվածությամբ էջս բացել ու վարել։
–Ավարտել եք ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժինը, զբաղվում եք նաեւ լուսանկարչությամբ, իսկ բլոգինգն, ըստ Ձեզ, մասնագիտությու՞ն է, թե՞ հոբբի։
-Շատ տարբեր բաներ են չէ՞, բայց բոլորն էլ ինձ դուր են գալիս, ավելին ասեմ՝ այսքանով չեմ սահմանափակվելու։ Դեռ շատ մասնագիտություններ կան, որ կցանկանամ փորձել, նույնիսկ՝ աշխատանք չդառնալու դեպքում:
Բլոգինգը սկզբում հոբբի էր, իսկ հիմա, ինչքան խորանում եմ, հասկանում եմ, որ խելացի ու ճիշտ էջի համար պետք է շատ բաներից տեղեկացված լինել, ընթացքում շատ բաներ ես սովորում: Ամենակարևորը՝ ինչքան ժամանակները փոխվում են, հասկանում եմ՝ ինչ ճակատագրական հետևանքներ կարող են թողնել ինստագրամն ու բլոգինգը։
–Նշեք Ինստաբլոգեր լինելու առավելությունները եւ թերությունները։
-Իրականում շատ առավելություններ կան։ Սկզբում ուզում եմ ասել, որ ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի պարտավորված եմ դարձել իմ լսարանի առաջ (լավ իմաստով), ավելի պատասխանատու ասածս ցանկացած արտահայտությանս համար։ Հաճելի է, երբ քեզ այնքան են վստահում, որ պարտավորվում ես ճիշտն ասել ու հուսախաբ չանել մարդկանց։ Հաճելի է, երբ դրսում քեզ ճանաչում են։
Թերություններից՝ երբ հաճախ չես կարողանում անկեղծ հույզերդ ցույց տալ, որպեսզի սխալ չհասկանան։ Երբ մի քիչ շատ լսարան ես ունենում, մարդիկ սկսում են քեզ մարդ կերպարի մեջ չտեսնել։ Շատերը մտածում են՝ եթե բլոգեր ենք, ուրեմն մեզ կարելի է վատ ու գռեհիկ կարծիք հայտնել, ու դա նորմալ է, մենք էմոցիաներ չունենք կամ չգիտենք՝ տխրելն ու հուզվելն ինչ բաներ են, ինչքան էլ այն ցույց չենք տալիս։
–Ո՞ր դեպքում է բլոգերը կորցնում իր վարկանիշը լսարանի առաջ։
-Երբ սկսում է չափից շատ կամ անկեղծ կամ կեղծավոր լինել։ Երկու դեպքում էլ, հավատացեք, վարկանիշի վրա ազդում է։ Սա այն հարթակն է, որ, այո՛, չափից շատ անկեղծությունը նույնպես վնասակար է։ Ամեն ինչ չափի մեջ ու ճիշտ ժամանակին։
–Ի՞նչ է հարկավոր բլոգեր դառնալու համար, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:
-Կարևոր առաջին պայմանները՝ ինքնավստահություն, ճաշակով ու աչքին հաճելի էջ, օգտակար ինֆորմացիայի տրամադրում: Ոչ մեկին մի՛ լսեք, ովքեր կասեն «չի ստացվում»,
«քոնը չի»։ Բոլորի մոտ էլ կստացվի, եթե մինչ այդ հասկանան՝ ինչի համար են ուզում բլոգեր դառնալ։
-Ո՞րն է Ձեր սիրելի հրապարակումը։
-Այս հրապարակումը, քանի որ ամենաէմոցիոնալն է: Հիշում եմ՝ հուզված, կարոտած ու արցունքների մեջ եմ գրել։
Վերա Հայրյան
4-րդ կուրս