Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի: Այս պատերազմն՝ իր ծավալներով, մարտական գործողությունների վարման ձևով և դրանցում ներգրաված զինատեսակների կիրառմամբ հանրությանը հայտնի դարձավ նաև «հինգերորդ սերնդի պատերազմ» բնորոշմամբ:
Յուրաքանչյուր պատերազմ, ռազմական գործողություն ունի իր առանձնահատկությունները, կառուցվածքը, գործառույթները, իրեն բնորոշ գործիքակազմը: 5-րդ սերնդի պատերազմներում մարդկային գործոնն ու կենդանի ուժի կիրառումը մղված են դեպի երկրորդ պլան, այստեղ հիմնականում կիրառվում են գերճշգրիտ տեխնոլոգիաներ:
Արցախյան վերջին պատերազմը աչքի ընկավ այս գերճշգրիտ տեխնոլոգիաների կիրառմամբ և, ցավոք սրտի, մեր կորուստների «առյուծի բաժինը» ունեցանք թշնամու կողմից վերջիններիս օգտագործման պատճառով: Հինգերորդ սերնդի տեխնոլոգիական նվաճումներից են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնց մի շարք տեսակներ նույնպես կիրառվեցին 44-օրյա պատերազմում:
2017 թվականին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետը համալրվեց «Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» բաժնով: Այս բաժնում սովորելուց հետո կուրսանտները, ստանալով որակյալ կրթություն և լիարժեք տիրապետելով իրենց մասնագիտությանը, որպես սպա, ծառայությունը շարունակում են ՀՀ Զինված ուժերում:
ՀՀ Զինված ուժերի լեյտենանտ Գուգար Սմբատյանն ավիացիոն համալսարանի կուրսանտ է, որն ավարտել է ավիացիոն ֆակուլտետի «Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» բաժինը. «Մանկուց առանձնակի հետաքրքրություն էի տածում ռադիոէլեկտրոնիկայի և մեխանիկայի նկատմամբ, և երբ եկավ բուհում կրթություն ստանալու ժամանակը, որոշեցի նախասիրություններս զարգացնել հայրենիքի պաշտպանության ասպարեզում»,- պատմում է Գուգարը:
Իր խոսքով՝ համալսարան ընդունվելուց հետո մասնագիտության հանդեպ սերը բազմապատկվել է, քանի որ համոզվել է՝ ճիշտ ու պիտանի ընտրություն է կատարել: «Հիմա, երբ արդեն զինված ուժերի մի մասն եմ, օրեցօր ավեի եմ համոզվում՝ կատարածս ընտրությունը ամենաճիշտն էր»,-ասում է Գուգարը:
Ըստ նրա՝ արցախյան վերջին պատերազմը ավելի է ամրապնդել իր կարծիքը: «Պատերազմական գործողություններից չէին կարող անմասն մնալ ռազմական ավիացիոն ուժերը: Մենք չէինք կարող լինել ռազմական գործողությունների իրականացման վայրում, սակայն պարտավորված էինք զգում րոպե անգամ չկորցնել, պատրաստ լինել, որպեսզի հարկ եղած դեպքում հարկ եղած խնդիրը կարողանաք կատարել: Այդ ժամանակ որոշեցինք բաժանվել խմբերի, որ կատարած աշխատանքները ավելի արդյունավետ լինեին»,-հիշում է Գուգարը:
Նրա խոսքով՝ իրենք վարում էին մասնագիտական իրազեկման, նոր մասնագետների պատրաստման դասընթացներ, փորձի փոխանակում, տեխնիկական փորձարկումներ, որոնք միտված էին առաջնագծի իրենց ընկերներին օգտակար լինելուն:
Հիմա, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են համեմատական խաղաղ պայմաններում, բայց մեր գլխին դեռ «կախված» է մոտալուտ պատերազմի վտանգը, ըստ Գուգարի՝ պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել անօդաչու թռչող սարքերի շահագործման և կիրառման ոլորտին, քանի որ առանց դրա պատմությունը ցավալի կրկնություն կունենա:
«Առաջին հերթին պերք է հասարակությանը իրազեկել, որ ՀՀ-ում հնարավոր է դառնալ անօդաչու թռչող սարքերի շահագործման և կիրառման մասնագետ, ցավոք, այսօր Հայաստանում դրա մասի քչերը գիտեն, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ ոլորտի համաչափ զարգացման համար»,- եզրափակում է Գուգարը:
Հավելենք, որ առցանց դրամահավաքի միջոցով հավաքված բավարար ֆինանսական միջոցներով Հայաստանում մեկնարկել է անօդաչու թռչող սարքերի առաջին օդանավակայանի կառուցման շինարարական աշխատանքները:
Դիանա Պետրոսյան
4-րդ կուրս