Գայա Ասոյան. երազանքներն իրականալու հատկություն ունեն

Գայա Ասոյան. երազանքներն իրականալու հատկություն ունեն

1257

Մինչև պատերազմը Գայա Ասոյանը բնակվում էր  Բերձորում, կապված էր իր քաղաքի հետ, այնտեղ է անցկացրել  իր մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ էին իր դպրոցն ու ընկերները։ Նա բանաստեղծություններ է գրում։ 17 տարեկան է, պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստան և սովորում է 12-րդ դասարանում: Գայայի գրված բանաստեղծությունները տպագրվել են Տարագիր  համահեղինակային գրքում։

Նրա հետ խոսել ենք իր ստեղծագործությունների, տպագրված գրքի և ԵԳԸ-ի (Երիտասարդ Գրողների Ընտանիք) անդամ լինելու մասին։ ԵԳԸ-ն  ստեղծվել է  կարանտինի օրերին: Նազենի Հովհաննիսյանն ամեն ուրբաթ կազմակերպում էր «Պոետիկ երեկոներ» և  ուղիղ եթերների միջոցով  կապ էր հաստատում երիտասարդ ստեղծագործողների հետ։ Այդ երիտասարդները հետագայում համախմբվել են և իրենց բոլորի ստեղծագործություններով տպագրվել է գիրք, որը կոչվում է »Թանաքն ունի ոտքեր», իսկ  ԵԳԸ  անունով նրանց կոչել է Ավետ Բարսեղյանը։

-Երիտասարդ Գրողների Ընտանիքի անդամ եք։ Ի՞նչ եք անում այնտեղ, ինչո՞վ եք զբաղվում։

-ԵԳԸ-ն փոքրիկ ընտանիք է, որն ունի տուն, բայց այդ տունը ոչ թե 4 պատն է, այլ գիրն ու գրականությունը։ Այն բավականին մեծ ու կարևոր դեր ունի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ ինձ համար։

-12-րդ դասարան եք, իսկ ե՞րբ եք սկսել գրել:

-13-14 տարեկանի էի, երբ սկսեցի գրել: Սկզբնական շրջանում ստեղծագործություններս ոչ մի տեղ չէի հրապարակում, որոշ ժամանակ անց   ֆեյսբուքում բացեցի ստեղծագործական էջ և բանաստեղծությունները այնտեղ էի տեղադրում:  Երբ նկատեցի, որ շատերն են կարդում և հետաքրքրված, սկսեցի հանդես գալ իմ անունով և նկարներով։ Միշտ արձակ եմ գրել։ Ինձ համար գրելը ապրելակերպ է։ Ժամանակի ընթացքում, երբ անընդհատ գրում էի, օր օրի մտքերս ավելի էին հասունանում, որովհետև դրա հետ մեկտեղ հասունանում էին ապրումներս:

-Ո՞վ է Ձեր ընթերցողը։

-Առաջին ընթերցողները քույրս և ընկերուհիս են: Մյուս ընթերցողները համացանցային տիրույթում  ընթերցող անձիք են։

Ունե՞ք այնպիսի ստեղծագործություն, որը գրել եք ինքներդ  Ձեզ համար։

-Այո՛, իհարկե, կան ու կլինեն։ Նախ գրում եմ ինքս ինձ համար, իմ խաղաղության համար, ապա հետո մեկ ուրիշի ցավը որոշ չափով ամոքելու և, ինչու ոչ, նաև ուժ տալու համար։

Ունե՞ք մոտիվացիայի աղբյուր։

-Բոլոր ապրումներս, զգացմունքներս, որոնք կամ ինձ ժպիտ են պարգևում, կամ խլում են ժպիտս։ Ինձ շրջապատող աշխարհն է ինձ մոտիվացնում:

-Դուք ունեք արդեն տպագրված գիրք, որը կոչվում է «Երբ որոտաց պատերազմը»: Քանի՞ տարեկան էիք, երբ գրեցիք:

-16 տարեկան էի։ Չեմ կարող նկարագրել զգացողություններս, որովհետև գրքում գրված ամեն տողը ես ապրել եմ ու, ցավոք, դեռ ապրում եմ։ Դա ինձ համար սովորական գիրք չէ, դա տունն է այն ցավիս, որն իմ հոգում բույն դրեց պատերազմի ժամանակ։

Իսկ ինչո՞ւ որոշեցիք գրել:

-Ապրումներս չէի կարողանում իմ մեջ պահել: Հասկացա, որ պետք է պատերազմի մասին գիրք գրեմ, խոսեմ։   Պետք է կարողանամ ցավիս մասին խոսել բարձրաձայն, մարդկանց թույլ տալ դա տեսնել մինչև վերջ, ու գուցե իմ խոսքերի միջոցով նրանք կարողանան իրենց ցավը սփոփել։ Այս փոքրիկ գիրքը ես գրել եմ 6 ամսվա ընթացքում։

-Եթե կարողանայիք հայտնվել գրքում, ո՞րը կլիներ։

-Գուցե այդ գիրքը լիներ  Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», կամ Էթել Վոյնիչի «Բոռը»:

Նշենք, որ գիրքի շնորհանդեսը  տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ն Հովհաննես Թումանյանի տուն -թանգարանում։ Շնորհանդեսը կազմակերպվել էր Քաշաթաղի շրջանի  «ՄԵՐԱՆ» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի նախաձեռնությամբ։ Գիրքը շուտով կվաճառվի գրախանությում։

Սիլվի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել