Հայրենական յուրօրինակ արտադրանքը՝ «ՊանԱրմենիան Էքսպո 2021» ցուցահանդես-ֆորումում

Հայրենական յուրօրինակ արտադրանքը՝ «ՊանԱրմենիան Էքսպո 2021» ցուցահանդես-ֆորումում

697

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «ՊանԱրմենիան Էքսպո 2021» 12-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորումի  բացումը YerevanExpo ցուցահանդեսային-համալիրում:

Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը և ուրիշներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ողջունեց  կազմակերպիչներին, մասնակիցներին, արտադրողներին՝  նշելով, որ պետությունը կանգնած է արտադրողների կողքին. «Հայաստանի կառավարությունն ընդունել է 2021-2026 թթ․ նոր ծրագիրը, համաձայն որի՝ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կառուցենք բարձր արտադրողականությամբ, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն»։

Այս տարի Էքսպոյին մասնակցում է շուրջ 120 կազմակերպություն, որոնք ներկայացնում էին տարբեր տնտեսական ոլորտներ, այդ թվում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ոսկերչություն, գորգագործություն և այլն:  Կազմակերպությունները և արտադրանքը ոչ միայն Հայաստանից էին, ալյ նաև արտերկրից՝ Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից:

Երկահարկանի շենքի առաջին հարկում տաղավարները ավելի քիչ էին, սակայն միանգամից ներկայացվում էր հայաստանյան արտադրությունը:

Հենց առաջին տաղավարից կարելի էր տեսնել օծանելիքի փոքր սրվակներ, որոնց վրա երևում էին հայկական տառեր: Պարզվեց՝  ֆրանսիական հումքով, սակայն հայկական շնչով օծանելիքները Հայաստանում են արտադրվում, իսկ ամեն տառն ունի իր յուրահատուկ բույրը. «Բերում ենք Ֆրանսիայի Գրասսե քաղաքից Հայաստան, վերամշակում, փաթեթավորում ու ստանում բարձրորակ օծանելիք»,- մեզ հետ զրույցում նշեց խանութի վաճառողուհիներից Ալլան:

Շարժվելով առաջ՝ կարելի է նկատել Տիգրան Մեծի դիմանկարը, ավելի մոտենալով՝ նկատում ենք, որ այն պատրաստված է մեխերի և թելերի օգնությամբ:  Աշխատանքի հեղինակը Հովսեփ Բարսեղյանն է, ով սկզբից որպես հոբբի սկսել է սովորել համացանցից, այնուհետև հոբբին վերածել աշխատանքի և զբաղվում է արդեն իսկ սիրելի դարձած գործով. «Սկզբում համացանցից եմ սովորել ու ոգեշնչվել, հետո սկսեցի Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին, մեխերի օգնությամբ պատկերել, գետի քարերից մարդու պատկեր եմ փորձել ստանալ և այդպես շարունակ: Կարճ ասած՝ շուրջս ինչ կա, փորձում եմ արվեստի վերածել»:

Մեկ այլ տաղավարում առաջին հայացքից նկատվում էին ձեռագործ խաղալիքներ, սակայն դրանք սովորական խաղալիքներ չէին: Voice of Toys հայկական արտադրության խաղալիքները, պարզվում է՝ կարող են խոսել հենց մեր ձայնով. «Դուք կարող եք ձեր ձայնով ձայնագրել ցանկացած խոսք, կլինի դա երգ, մաղթանք, սիրո խոստովանություն, իսկ տիկնիկը այն կկրկնի: Միգուցե մարդիկ միանգամից չեն հասկանում այս ամենի իմաստը, սակայն բացի նրանից, որ տիկնիկները խոսում են, ամբողջ ծրագրի վրա հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ»,- մեզ հետ զրույցում նշեց խանութի հիմնադիր Էլեն Սարգսյանը:

Ցուցահանդես-ֆորումի երկրորդ հարկում տաղավարները ավելի շատ էին: Ներկայացվում էին խմիչքներ, օրգանական պարարտանյութեր, տնտեսական պարագաներ, մինչև անգամ տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ «Սփյուռ», «Հայաստան տեղեկատու», «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» և այլն:

Մեր աչքից չեն վրիպում փոքրիկ տոպրակները՝ Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի, հայոց այբուբենի, հայկական պարերի նկարազարդումներով: Դրանք պատկանում էին  Wildy Tisane բուսական թեյերի հավաքածուին. «Տեղում կարվում են փոքրի պարկերը, հենց տեղում էլ նկարազարդում ենք, իսկ արտադրանքը՝ ուրցը, նանան, միանշանակ, հայկական են: ՊանԱրմենիանին էլ առաջին անգամ ենք մասնակցում»,–մեր թղթակցի հետ զրույցում նշեց թեյերի հավաքածուն ներկայացնող Սոնան:

Այսպիսով «ՊանԱրմենիան Էքսպո 2021» ցուցահանդեսի նպատակը հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացումն է, Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, ինչպես նաև հայրենական արտադրանքի արտահանման ու Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանումն է:

Կազմակերպիչների խոսքերով՝ Էքսպոն շատ է օգնում հայկական արտադրանքի առաջխաղացմանը. «Ունեցել ենք արտադրողներ, որ մասնակցելով մի տարի էքսպոյին, հաջորդ տարի չեն կարողացել՝ պատվերների մեծ քանակների պատճառով: Եվ բացի ֆինանսական կողմից, փորձում ենք օգնել նաև հոգեպես՝ հաշվի առնելով  պատերազմը և համաճարակը: Այժմ էլ ունենք արտադրողներ, ովքեր Արցախից են և ներկայացնում են արցախյան արտադրանքը»:

Այս տարի ցուցահանդես-ֆորումի կազմակերպիչն էր «PromExpo» ՍՊԸ-ն, իսկ գլխավոր հովանավորը՝ «ArLeam» ընկերությունը: Պաշտոնական աջակիցներին են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը:

Ցուցահանդես-էքսպոն տևել է երեք օր՝ հոկտեմբերի 8-10-ը: Էքսպոյի ընթացքում տեղի են ունեցել նաև B2B հանդիպումներ  իրավաբանական անձանց և ընկերությունների  միջև՝ բիզնեսները մեծացնելու նպատակով:

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել