«ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ՞»

«ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ՞»

2612

Մի առիթով լրագրողի հարցին ի պատասխան գրող-հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ասել է. «40-ից ավելի պրեմիերաներ հայաստանյան և արտերկրի բեմերում։ Ու երբ համեմատում եմ իմ առաջին, երկրորդ, երրորդ… և վերջին պրեմիերաները, հասկանում եմ, թե ինչ դժվարին ճանապարհ եմ անցել այդ բեմադրությունների միջոցով։ Պիեսը գրում ես քեզ համար (եթե պատվեր չէ), հետո դա ռեժիսորն է կարդում, գնում է թատրոն, բեմ՝ հասնում դերասաններին։ Եվ այդ ճանապարհը դու պետք է զգաս քո «մաշկի» վրա»,-այս ցանկին ավելացավ ևս մեկ ներկայացում:

Մայիսի 14-ին Երևանի պատանի հանդիսատեսի բեմում Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի՞» ներկայացումն էր: Բեմադրությունը ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանինն էր: Բեմանկարիչը Անտոն Քեշիշյան էր: Պարային կատարումները բեմադրել էր Նաիրա Հովհաննիսյանը, իսկ երաժշտական ձևավորումը  Իշխան Ղարիբյանը: Հանդիսատեսի շարքում էին նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը, առաջին և երկրորդ կուրսի ուսանողները:

Ներկայացումը պատմում է ժամանակի անվանի իրավաբանի թոռնիկի հետ պատահող իրադարձությունների մասին՝ պապիկի մահից հետո: Օրեր առաջ մահացած պապիկի կորստի վիշտը և նրա հետ կապված հիշողությունները հանգիստ չեն տալիս երիտասարդ տղային: Պապիկի՝ կյանքին հրաժեշտ տալուց 14 օր անց, նրա ծննդյան տարեդարձի օրը, անսպասելի, միմյանցից անկախ նրանց տուն են գալիս տղայի լուսահոգի պապիկի կյանքի տարբեր ժամանակահատվածների սիրելի կանայք: Նրանցից ոչ ոք չի իմանում իրենց ընդհանուր սիրելիի մահվան բոթը: Պապիկը մինչ անսպասելի մահը հրավիրել էր բոլորին իր տարեդարձին, սակայն ստացվում է այնպես, որ հյուրերը նշում են տարեդարձ առանց հոբելյարի: Իրադարձությունները զարգանում են այնպես, որ որոշ ժամանակ զրուցելուց և վիճաբանելուց հետո միայն թոռնիկը հնարավորություն է ունենում հայտնել լուրը: Տարբեր տարիքի կանայք՝ տարբեր մտածելակերպով և առարկաների տարբեր ընկալմամբ: Սակայն ընթացքում նրանք ընկերանում են և ճակատագրում ընդհանուր գծեր նկատում…

 

Միլենա Մկրտչյան

1-ին կուրս

Կիսվել