ԱԼԿՈՀՈԼԸ ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ՄԻԱ՞Կ ՄԻՋՈՑ

ԱԼԿՈՀՈԼԸ ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ՄԻԱ՞Կ ՄԻՋՈՑ

1682

Նկատելի է դարձել, որ հայ երիտասարդության շրջանում գնալով մեծ տարածում է գտնում ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Դեռահասները ալկոհոլ և թմրադեղեր են օգտագործում տարբեր պատճառներով. այն հաճույք է պատճառում, մեղմում է լարվածությունը, իրենք իրենց չափահաս են զգում և ընդհանուր միջավայրից դուրս չեն մնում: Այս ամենին կարելի է ավելացնել նաև զուտ հետաքրքրության փաստը: Դժվար է կանխատեսել, թե որ դեռահասները կփորձեն ու կդադարեն, իսկ որոնք կունենան լուրջ խնդիրներ: Ռիսկի խումբ են կազմում այն դեռահասները, որոնք.

  • ունեն ժառանգական նախատրամադրվածություն,
  • ընկճված են (տառապում են դեպրեսիայով),
  • ունեն ցածր ինքնագնահատական,
  • զգում են, որ ընդհանուր միջավայրից դուրս են մնացել:

Դեռահասները չարաշահում են տարբեր նյութեր, որոնք ձեռք են բերում թե օրինական և թե ապօրինի ճանապարհով: Առաջինների թվին են պատկանում ալկոհոլը, դեղատոմսով դուրս գրված դեղերը, ինհալանտները (սոսինձների, աէրոզոլների և լուծիչների գոլորշիները) և առանց դեղատոմսի վաճառվող՝ հազի, մրսածության դեմ, քնաբեր և այլ դեղերը: Ապօրինի կերպով ձեռք բերված դեղերից են մարիխուանան, խթանիչները (կոկաին, կրեկ, սփիդ), LSD, PCP, ապիատները, հերոյինը և այլն:

Դեռահաս տարիքում ալկոհոլի չարաշահման հետեւանքով փոխվում է ԴՆԹ-ի բանաձևն ուղեղում՝ դրա զարգացման կարեւորագույն փուլում: Ուղեղի հյուսվածքների անալիզը օգնել է պարզել, որ ԴՆԹ-ն ավելի շատ է «փաթաթված» սպիտակուցներով այն առնետների մոտ, որոնք ալկոհոլի զգալի չափեր են ընդունել  դեռահաս տարիքում: Դրանք ուղեղի հենց այն պաթոլոգիկ փոփոխություններն են, որոնք կոչվում են դեռահասների ալկոհոլիզմ:

Հետազոտության հեղինակ Սուբխաշ Պանդին կարծում է, որ գործընկերների հետ համատեղ բացահայտել է այն մեխանիզմը, որի միջոցով դեռահասային ալկոհոլիզմը ազդում է մարդու վրա նրա ամբողջ հետագա կյանքի ընթացքում, նույնիսկ եթե մարդը դադարում է խմել 20 տարեկանից հետո:

Ծնողական ոճը ուժեղ և անմիջական ազդեցություն ունի դեռահասների վրա, երբ խոսքը գնում է մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործման մասին – այսինքն հինգ և ավել հաջորդաբար խմված բաժակներ – այսպիսին են Brigham Young University համալսարանի կողմից անց կացված նոր հետազոտությունների արդյունքները:

Երբ իմ հասակակիցներից փորձեցի հասկանալ ալկոհոլի օգտագործման պատճառը, պատասխանը միանշանակ էր. «լիցքաթափման հրաշալի միջոց է, ուրախանում ենք էլի»:

Հարցը հոգեբանության տեսակետից հասկանալու համար, փորձեցի ճշտել, թե մարդիկ ինչու են խմում: Հոգեբան Հասմիկ Հակոբյանի խոսքերով խնդիրը իրականում ունի ավելի խորը արմատներ. «Խմելը իրականում կարող է ունենալ մի քանի պատճառ, այն կարող է լիցքաթափման միջոց լինել, ժամանակավորապես մոռացնել խնդիրների մասին կամ ինքնադրսևորման և ինքնահաստատման միջոց լինել: Երիտասարդները հիմնականում խմում են ինքնահաստատվելու և իրենց հասակակիցներից «ետ չմնալու» համար: Հոգեբանորեն կայուն և ուժեղ կամքի տեր մարդիկ չեն ընկնում այդ հոսանքի մեջ, որովհետև հասկանում են որ դա առաջին հերթին վնասում է իրենց առողջությանը»:

Չնայած նրան, որ գրեթե բոլորը գիտեն ալկոհոլի վնասակարության մասին, միևնույն է` շատերը այն օգտագործում են և վնասակար չեն համարում: 21-ամյա Անիի խոսքերով, եթե ամեն ինչ  չափի մեջ է, ուրեմն վնասակար չէ: Հետաքրքիր էր, բայց Անիի պես էին մտածում նաև նրա ընկերուհիները, ովքեր ծիծաղելով նշեցին. «Խնջույքն առանց ալկոհոլի, նույնն է, ինչ հարսանիքն առանց հարսի»:

Զարմալի էր, բայց, երբ փորձեցի նույն հարցումն անցկացնել տղաների շրջանում` պատկերն այլ էր: Տղաների խոսքերով խմում են շատ ավելի հազվադեպ ու հանգամանքների բերումուվ. դա կարող է լինել կամ հաճելի առիթ կամ ինչ-որ վատ դեպք մոռանալու միջոց:

Լուսինե Քոչարյանի ( Before փաբի բարմեն) խոսքերով իրենց հաճախորդները հիմնականում խմում են զվարճանալու ու ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք երիտասարդները խմում են  ինքնակամ թե իրար ինչ-որ բան  ապացուցելու համար, Լուսինեն պատասխանեց. «Փաբերում բոլորն իրար խելքի են ընկնում ու խմում, ընկերական միջավայրից է կախված։ Իրականում խմելու մեջ վատ բան չկա, եթե դա չափը չի անցնում ու ամեն օր չի կրկնվում։ Կարելի է ընկերների հետ մի քիչ ուրախանալ»:

 

 

Մերրի Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել