Լարված նյարդեր, անքուն գիշերներ․․․Վճարովիից անվճար

Լարված նյարդեր, անքուն գիշերներ․․․Վճարովիից անվճար

680

Մտնում եմ թիվ 510 լսարան։ Այստեղ մի խումբ ուսանողներ վարակիչ  ուրախությամբ ինչ-որ բան են քննարկում։  Քիչ առաջ միջանցքում՝ ռոտացիոն հայտարարության թերթիկի առաջ, նրանց հույզերն ավելի վառ էին։ Որոշեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, ու նրանց ետևից մտա լսարան։

2019-2020 ուստարում ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Անգլերեն, գերմաներեն լեզուներ և հաղորդակցություն բաժին ընդունվեց 23 ուսանող։ Կար 5 անվճար տեղ։ Մերի Անանյանը անվճար ընդունված ուսանողներից մեկն է, որը պատմում է, որ գիշերները չքնելով ու առավոտյան շուտ առցանց դասերին միանալով է կարողացել բոլոր քննություններից 20 ստանալ ու ավարտել տարին 20 միջին որակական գնահատականով։ Իսկ Տաթև Սահակյանը, որն ընդունվել էր վճարովի համակարգ, ծանրաբեռնված սովորելու շնորհիվ կարողացել է տարին եզրափակել կրկին 20 ՄՈԳ-ով։ Տարին 20-ական միջին որակական գնահատականով են ավարտել անվճար համակարգ ընդունված 4 ու  վճարովի համակարգ ընդունված 2 ուսանողներ ևս։ Նրանց բոլորին հետաքրքրում էր մի հարց. ինչպե՞ս պետք է լուծվի 5 անվճար տեղի հավակնող  20-ական մոգ  ունեցող 8 ուսանողների հարցը։ Մերին պատմում է, որ մինչև վերջին պահը կարծում էր, թե հիմա էլ երևի մյուս ուսանողներին կդարձնեն անվճար։ «Արդեն մտածում էինք վարձի մասին»,- ասում է Մերին ժպտալով։ Պարզվում է` ԿԳՄՍ  նախարարությունը որոշում է ընդունել ավելացնել ևս երեք անվճար տեղ`այդպիսով ապահովելով բոլոր 8 ուսանողների անվճար ուսման հնարավորությունը։

«Սա իմ կյանքի լավագույն նվերներից մեկն էր։ Եթե ձգտում ես, հավատում, ողջ ուժդ ես ներդնում, կարողանում ես հասնել ամեն ինչի»,- ասում է Տաթևը՝ արցունքից փայլող աչքերով նայելով ինձ, մի ձեռքով պահելով հեռախոսը։ Դուրս է գալիս լսարանից՝ թեթևակի փակելով դուռը, ու ես լսում եմ նրա հուզված ձայնը. «Մա՜մ, չես պատկերացնի…»։ Ժպտում եմ ու հեռանում լսարանից՝ դրական լիցքեր ստացած։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել