«Մեծանաս, Վարդանի նման զորավար դառնաս…»

«Մեծանաս, Վարդանի նման զորավար դառնաս…»

1329

Տիկին Ամալյան այգուց տուն վերադարձին գյուղում զինվորական համազգեստով  մոտ 100 երիտասարդի տեսավ: Տուն վերադառնալով՝ պատմեց  որդուն… մի քանի օր հետո որդին զինվորական համազգեստով մտավ տուն: Որդին դարձավ «Հալիձոր» ջոկատի հրամանատարը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:
Վարդան Առուստամյանը ծնվել է 1971թ.-ի հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզի  Հալիձոր գյուղում ( այժմյան Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում):
Վարդանի մայրը՝ տիկին Ամալյան պատմում է իր ճարպիկ, խելացի և ուժեղ որդուց. «Երբ Մխիթար Սպարապետի ֆիլմը նկարում էին, գյուղացիներից շատերս էինք գնում՝ հետևելու նկարահանումներին: Մի անգամ էլ, երբ գնացինք, Սպարապետի դերակատարը՝ Արմեն Ջիգարխանյանը կանչեց Վարդանին: Վարդանը ինձնից հեռու չէր գնում, համոզեցի, որ գնա: Երբ մոտեցավ, Ջիգարխանյանը նստեցրեց սպիտակ ձիու վրա, հարցրեց անունը, Վարդանն էլ ասաց: Ջիգարխանյան  ասաց՝ մեծանաս, Վարդանի նման զորավար դառնաս»:

Մի առանձին պատմություն էլ տիկին Ամալյան ունի Վարդանի դպրոց գնալու մասին. 6 տարեկան էր, երբ ցանկություն հայտնեց դպրոց գնալու, փոքր էր, նրան չէին ընդունում: Միայն երկարատև բանակացություններից հետո Վարդանը սկսեց հաճախել Հալիձորի միջնակարգ դպրոց:

Կատակասիրությունն ու աշխատասիրությունը լավ են բնութագրում Վարդանին:

Գրականություն, քիմիա ու ֆիզիկա էր սիրում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Վերիշենի Սովխոզ տեխնիկումի «Մեխանիզացիա» բաժնում: Ավարտելուց հետո մեկնում է ծառայության՝ Գուսինոոզյորսկ: 1,5 տարի էր ծառայել այնտեղ, թվում էր, թե Վարդանի  ծառայությունն այդքանով ավարտվեց…
1992թ.-ին՝ պատերազմի սկզբին, Վարդանն առաջիններից էր, ով մեկնեց ռազմաճակատ:

1993 թ. մարտի 20-ին տղաները  լուր են ստանում, որ ռազմական առաջադրանք կատարելիս զոհվել է «Շուռնուխ» պաշտպանական ջոկատի հրամանատար, հալիձորցի՝ Միշա Գրիգորյանը (Գիրոն):

Վարդանը որոշում է հրաժեշտ տալ կնոջը՝ Թամարային, ով իրենց առաջնեկին էր սպասում և « Հալիձոր» ջոկոտի հետ մեկնել Շուռնուխ: Շուտով նա նկատում է, որ ազերիներն իրենց ճակատը ուղղում են ժայռերի կողմ։ Զենքն օդում թափահարելով շեշտակի հարձակման ազդանշան է տալիս տղաներին, իսկ ինքը,  իր մյուս զինակից ընկերների հետ, մարտադաշտից հանում են իրենց զոհված և վիրավորված ըկերներին:

1994 թ.-ին, երբ Արցախում թեժ մարտերը դեռ  շարունակվում էին, Վարդանը զգում է, որ վտանգ է սպառնում «Հալիձոր» ջոկատին։ Հրամայում է տղաներին ետ նահանջել, մինչև պաշտպանական ջոկատների հասնելը։ Պաշտպանելով կրակակետը` նա չի նահանջում։

Վարդանն այդպես էլ չտեսավ իր առաջնեկին, կինը ՝ Թամարան, պատմում է. «Նա կուրորեն սիրում էր իր ազգը, իր հայ լինելը, իր հայրենիքը։ Մի առանձնահատուկ սիրով էր խոսում հայրենիքի մասին։ Շատ էր սիրում ընտանիքը։ Նա միշտ ասում էր . «Ամուր ընտանիքը, ամուր հայրենիքի գրավականն է»։ Հայրենիքի ազատության շունչը նրան տարավ ընտրյալ ճանապարհով։ Նա իրեն չէր խնայում, ամեն ինչ անում էր հաղթանակի համար»:

«Մի տարի հաց էինք թխում, հինգ լավաշ էի դրել սեղանին, Վարդանը հինգից էլ կտրեց, ասում էր` մամ, ես տաք լավաշ եմ սիրում: Հիմա էլ, ամեն անգամ հաց թխելիս՝ իրեն եմ հիշում»,-նշեց հերոսի մայրը:

Վարդանն ապրում է իր զինակիցների հուշերում. Լևոն Ստեփանյանը (Լյովան) պատմում է. «Վարդանը հրամանատար էր, ով չէր լքում իր զինվորներին, կռվի մեջ միշտ առաջինն էր: 1994թ.-ի  ապրիլի 14-ին ես ոտքիցս վիրավորվեցի, ինձ հանելով առաջին դիրքերից՝ բերեց երկրորդ: Ես խնդրեցի, որ ինքն ինձ բերի տուն, բայց չկարողացավ, որովհետև նահանջ չկար, իմ պատռաճով ստիպված տղերքը պետք է մնային պոստերում: Ինձ թողնելով՝ հետ գնաց առաջնագիծ: Ինձ տարան սանչաստ, այնտեղ մնացի 3 օր, որից հետո տեղափոխեցին հիվանդանոց: 3 օր հետո իմացա, որ մինչ հիվանդանոց հասնելս, Վարդանն արդեն այդ հիվանդանոցի մորգում էր: Վարդանն իմ հրամանատարն էր, ես ափսոսում եմ»:

Զոհվեց 22 տարեկանում, բայց տարիներ անց էլ նրա անունը լուսավորվում է Հալիձորում. Հորեղբոր անունն է կրում 25-ամյա Վարդանը, ասում է. «Մեծ պատիվ է Վարդան լինելը։ Միշտ հպարտանում եմ նրանով, նա ինձ համար իսկական հերոսի կերպար է, որից ոգեշնչվում եմ։ Մանկուց ես էլ եմ սիրել զինվորականի աշխատանքը, երևի հենց դրա համար էլ երկար ժամանակ զինվորական էի… Շատերն ինձ նմանեցնում են հորեղբորս, ու ես չեմ կարող բառերով նկարագրել հպարտությունս»:

Տիկին Թամարան իր դստերը միշտ պատմում էր իր լուսավոր, խելացի, թիկնեղ, ընկերասեր, հայրենասեր հոր մասին, աղջկան ևս այդ ոգով է մեծացրել: Ռուդինայի համար հաճելի էր լսել նրանց սիրո պատմությունը, որն այդպես էլ անավարտ մնաց։
– Դու Վարդանի աղջիկն ե՞ս։
Ամեն անգամ հոր ծննդավայր այցելելիս Ռուդինային չճանաչողները նրան այդ հարցն են տալիս, դրական պատասխան ստանալուց հետո պատմում հոր՝ անսահման բարի ու լավ մարդ լինելու, հայրենասեր հոգու և անձնվիրության մասին, նշելով, որ աղջիկը շատ նման է հորը: Վարդանի մարտական ընկերներն աղջկան շատ են պատմել իրենց զինակցի քաջության մասին:
«Իմ ողջ գիտակից կյանքում ես միշտ հպարտացել եմ, որ հայրս հերոս է, իսկ ես՝ հերոսի դուստր։ Շատ եմ ինքս իմ մտքերի հետ մենամարտի դուրս եկել, թե ինչու՞ ինքը չկա և իմ կողքին չէ, մտածել եմ, որ ավելի լավ էր նա ողջ լիներ և լիներ միայն իմ հերոսը, քան զոհվեր և բոլորը խոսեին նրա մասին, ինչպես հիմա է։ Մի հետաքրքիր զգացողություն ունեմ, ճիշտ է, ցավոք չհասցրեցինք իրար հանդիպել ես ու հայրս, բայց ես միշտ զգացել են նրա ներկայությունը, նա իմ կյանքում երբեք բացակա չի եղել և չի լինի։ Ես միշտ իմ մտքերում խոսում եմ նրա հետ, պատմում իմ դժվարությունների, հաջողությունների և ձեռքբերումների մասին։» -նշեց հերոսի դուստրը՝ Ռուդինան:

Իզա Ասծատրյան

3-րդ կուրս (հեռակա)

Կիսվել