Դասընկերոջս՝ Վիգենի մասին նյութ պատրաստելիս գիտեի, որ պիտի շատ երկար գրեմ։ Նաև գիտեի, որ ոչինչ չեմ ասի իր մասին միայն գրելով։ Ցանկացած մեկը, ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ նյութով, Վիգենին ուղղակի ճանաչել էր պետք…
Արցախյան երկրորդ պատերազմում 40 օր շարունակ Մարտունիում, Ջրականում, Հադրութում թշնամու դեմ մարտնչած Վիգեն Գևորգյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ 2019 թվականի հուլիսի 24-ին էր զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով որպես նռնականետի նշանառու։ Պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ հոսպիտալում էր՝ առողջական խնդիրների պատճառով։ Մայրը՝ Անին, կարոտով լի հայացքով նայելով հյուրասենյակի փոքրիկ անյունում դրված Վիգենի լուսանկարներին, բոլոր մանրամասնություններով պատմում է այն օրվա մասին, երբ գնացել էր տղային տեսնելու, ու մտքի ծայրով էլ անգամ չէր անցնում, որ վերջին անգամ է տեսնում որդուն։ Տեսակցություն չէին թողնում, մի կերպ միայն ինքն է կարողացել մի քանի րոպե տեսնել տղային, առաջարկել է, որ գնան դարպասի մոտ` ընտանիքի մյուս անդամներին էլ տեսնի, բայց Վիգենը կտրուկ հրաժարվել է, չէր ուզում հարազատներին ճաղերի արանքից տեսնել․ «Ինչի՞ հո ես բռնավոր եմ, ինչ եմ, ինձ ճաղերի հետևից պետքա տենան, գնացեք տուն, մի բան կանեմ, կգամ»։ Ավաղ, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը թույլ չտվեց, որ Վիգենը տուն վերադառնա, նա պիտի հասներ իր ընկերներին, որոնք կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։ Հոր՝ Տիգրանի խոսքով՝ նույն օրը զանգել ու ասել էր․ «Պա, արի մի բան արա, ես ստեղից գնամ չաստ, հասնեմ տղերքին, էս իրավիճակին ես չեմ դիմանա, կխախտվեմ։ Վիրավորներին, որ բերում են, որի ոտքերը, որի ձեռքերը չկան, տղերքով, ով ի վիճակիա, մենք ենք հանում վիրահատարան, ես էս տեսարաններին չեմ դիմանա։ Ամեն րոպե շտաբի դուռը որ բացում են, ես գիտեմ՝ իմ վաշտի տղերքին են բերել։ Ամաչում եմ ես, որ տղերքին բերեն, ես իրանց վիրավոր տենամ, ես իրանց կողքին պիտի լինեմ, ես ստեղ անելիք չունեմ»։ Ու գնաց` չսպասելով դուրս գրման․ սեպտեմբերի 29-ին շտապեց առաջնագիծ։
Վիգենը միշտ հպարտությամբ էր նշում, որ հայրը՝ Տիգրանը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Հոր պատմությունները կլանված, առանց ընդհատելու լսում էր, և ընդհանրապես, ցանկացած մեկը բանակից կամ պատերազմից եթե պատմեր, զգաստանում էր ու խորացած լսում, հարցեր չէր տալիս, ո՛չ խոսում էր, ո՛չ խանգարում, ուղղակի լսում էր։ Իր լսած պատմությունները, սակայն, Վիգենը պիտի իր իսկ աչքերով տեսներ։
Պատերազմի ամբողջ ընթացքում ընտանիքի անդամներին երբեք չի ասել, թե որտեղ է, միայն հետո զինակից ընկերներն են պատմել նրա մղած կռվի մասին։ Նրանց խոսքով՝ չգիտեն՝ որտեղից 40-ից ավել «բուշլատներ» է գտել, ծխախոտով ու ուտելիքով հասել է Մարտունի։ Ասում են՝ հանգիստ էին, որ Վիգենը հոսպիտալում էր, որ իրեն ոչ մի բան չի պատահի, բայց երբ իմացել են՝ գալիս է, ինչ-որ տեղ նաև ուրախացել են, ոգևորվել, որ իրենց կողքին կլինի․ իր հետ հանգիստ էր ավելի ու ապահով։ Վիգենի մարտական ընկերը՝ Արտակը, պատմում է, որ սկզբում Մարտունիում, ապա՝ Ջրականում են ուժեղ կռիվներ մղել, որից հետո նորից վերադարձել են Մարտունի, որտեղ էլ հրաման է գալիս, որ պիտի ՀԱՆ-17 մեկ հաշվարկ գնա Հադրութի Տող գյուղ, Վիգենն ասել է․ «Արտակ, հել մենք գնանք»։
«Երկու զենքով էր կռիվ տալիս՝ АГС-17 ու AK74, ասում էր՝ ես քեզ ոնց բերել եմ ստեղ, տենց էլ պիտի հետ տանեմ, ու տենց էլ եղավ, ինքը իրա խոսքի տերը եղավ»,- պատմում է Արտակը։
Հադրութից դեպի Մարտունի վերադառնալու համար Վիգենն ու իր մարտական ընկերները ոտքով 80 կմ ճանապարհ են անցնում՝ անտառների, սարերի միջով, ծանր զենքերը քարշ տալով, սակայն ճանապարհին մոլորվում են ու ընկնում շրջափակման մեջ։ Երեք օր անց մոտակա գյուղից իրենց կարողանում են գտնել ու դուրս բերել շրջափակումից։ Արտակը հիշում է՝ Վիգենը միշտ էր հարցնում․ «հո դուխդ չե՞ս գցել», ինքն էլ՝ «չէ, քո հետ եմ ես միշտ, բարձրա դուխս»։ Նոյեմբերի 2-ին հրաման է գալիս, որ պիտի բարձրանան Կողակ կոչվող սարի վրա։ Սիփանը՝ Վիգենի հետ կողք-կողքի կռված մյուս մարտական ընկերը, պատմում է, որ նույն փոսի մեջ են եղել, հենց խփում էին, Վիգենը կատակով ասում էր. «Ծուռ եք խփում, 100 մետր աջ պահեք, կխփեք,- հետո, երբ արկը ընկնում էր իրենց փոսի մոտ, ասում էր,- Կատակ եմ անում, արա՜, 500 մետր էն յան խփեք»։ Սիփանի խոսքով՝ Վիգենն էր իրենց «դուխ տվողը», ամեն ինչ ինքն է կազմակերպել կռվի ժամանակ՝ չլինելով ո՛չ սերժանտ, ո՛չ հրամանատար․ «Ամբողջ անձնակազմը իրեն էր ենթարկվում, սիրում ու հարգում, շատ պահանջկոտ էր, միշտ ասում էր, որ ուշադիր լինենք, հակառակորդի ցանկացած շարժի մասին իրեն էինք ասում առաջինը։ Գալիս էր, դիտարկում անում, մեկի տեղը մի քանի «ռացիա» ուներ, կապ էր տալիս, բոլորին տեղյակ պահում ցանկացած շարժի մասին, ասում, թե ով ինչ պիտի անի նման իրավիճակներում։ Ամբողջ գիշեր չէր քնում, որ վտանգի դեպքում առաջինը ինքը կռիվ տար, ապահովեր տղերքի անվտանգությունը»։
Տուն զանգելիս ասել էր․ «Ջարդները տվել ենք, նենց են նահանջել, փախել, դրանք, որ ամոթ ունենան, էլ էս յաները չեն երևա»։ Սակայն օր օրի վիճակը ավելի էր բարդանում։ Նոյեմբերի 7-ին մարտական մի քանի ընկերներով իրենց տեղը թողնում ու գնում են պահելու սարի մյուս՝ աջ թևը։ Սակայն զինակից ընկերներին օգնելու ժամանակ, չհասցնելով անձամբ դուրս գալ խրամատից, Վիգենը զոհվում է տանկի արկի պայթյունից։ Վիգենն ու իր ամենամտերիմ ընկերը՝ Արշակը, ում հետ ծառայության սկզբից անբաժան են եղել, միմյանց երդում էին տվել, որ մինչև վերջ, ինչ էլ որ լինի, չեն լքելու իրար ու իրենց դիրքը։ Այդպես էլ եղավ․ կռվեցին մինչև վերջին պահը ու ընկան մարտական ոգին սրտներում, աննահանջ կանգնած իրենց դիրքում։ Կողակ բարձունքի համար մղվող պայքարում Վիգենն ու իր տասը մարտական ընկերները հերոսաբար իրենց կյանքը նվիրում են հայրենիքին։
Վերջին խոսակցության ժամանակ՝ նոյեմբերի 6-ին, ձայնը հոգնած է եղել, հայրն ասում է․ «Չգիտեինք, որ տենց կռիվ են տվել, էնքան են կրակել, հոգնած էր, խոսալը չէր գալիս ու էլի չասեց՝ ինչա եղել, ասեց՝ մենք լավ ենք, ձեզ լավ նայեք, ես էլ նեղվա, ասի՝ տղա՛ ջան, փոխանակ ես ասեմ, դուք եք ըտեղ, դուք ձեզ լավ նայեք, զգույշ եղեք, դու՞ ես ինձ ասում։ Երևի թե իրենք գիտեին՝ ինչա լինելու հաջորդ օրը։ Իրենց կյանքը տվեցին ընկերը ընկերոջ համար, ցանկացած մեկն էլ կարող էր փախչել, բայց չեն փախել, մինչև վերջ կանգնել են։ Ես գլուխ չեմ գովում կամ պարծենում, բայց անվախ էր, ուժեղ էր իր ոգին ու ոգևորությունը»։
Նոյեմբերի 7-ից Վիգենից ոչ մի լուր չկար, օրեր շարունակ ընտանիքին ապրեցնող զանգը, որին այդքան սպասում էին, չկար։ Իրականության և երազի խաչմերուկում չէին տարբերում իրականը, երազում տեսնում էին, թե զանգել է, խոսել են, իսկ առավոտյան փորձում էին հասկանալ՝ իրականությու՞ն էր, թե՞ իրենց ամենանվիրական երազանքի արտահայտումը գիշերվա լռության մեջ։ Անսովոր էր Վիգենի՝ այդքան երկար ձգվող լռությունը, չէ՞ որ անգամ շրջափակման օրերին էր ելք գտել ու զանգել հարազատներին։ Հույսը չէր մարում ոչ մի վայրկյան, սակայն, ցավոք, 45 օր անց սպասումը ընդհատվեց․ դեկտեմբերի 24-ին՝ իր 20-ամյակից երեք օր առաջ, Հերոսի աճյունն ամփոփվեց Թալինի պանթեոնում։
Ամեն եկողի հետ Վիգենի մասին պատմությունները նորից ու նորից են կրկնվում, ու յուրաքանչյուր հիշողության հետ տունը կարծես լցվում է իրենով, ամեն ինչ նորից կենդանություն է առնում։ Զրույցի ընթացքում ընտանիքի անդամները Վիգենի խոսքերը այնքան կարոտով ու սիրով էին մեջբերում, առանց որևէ տառի փոփոխության, նույն ճշգրտությամբ, Վիգենի խրոխտ ձայնով ու բառապաշարով։ Մայրն արցունքները զսպելով մեջբերեց որդու խոսքերը, որոնք ասում էր ամեն անգամ զանգելիս․ «մա՛, ասա, որ թռնումա ծառայությունս»։ Մայրն ասում է, որ միայն հիմա է հասկանում՝ Վիգենը իրեն անընդհատ կարծես նախապատրաստեր, որ պիտի բանակում ծառայի, միշտ խոսք էր բացում այդ մասին ու դա հենց այնպես չէր անում, գիտեր, որ իր ոտքի խնդրի պատճառով մայրը վստահ է, որ չի գնալու, իսկ հիմա կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվելու էր։ Ռազմաբժշկական հաձնաժողովի նիստի ժամանակ գեներալը Վիգենին հարցրել է՝ տղա ջան, պատրա՞ստ ես ծառայության, ասել է․ «Հոգեպես պատրաստ եմ, բայց այ ֆիզիկապես դուք պետքա ասեք, իմ թղթերը ձեր առաջ դրածա»։ Մայրը բառ առ բառ հիշում է որդու խոսքերը՝ ասաց․ «չխանգարեք ինձ, թողեք գնամ, գամ, երկու տարիա»․․․
Վիգենին մտաբերելիս բոլորը առաջինը խոսում են նրա չափազանց ընկերասիրության մասին։ Հայրը ժպիտով պատմում է, որ ինչքան էլ շտապ գործ ունենար, միևնույն է, կհասներ ընկերոջը օգնության․ «Տանը չէինք տեսնում իրեն, գնում էր, մեկ զանգում էր էստեղ եմ, հետո էդտեղից հասնում, մյուսին էր օգնում, հետո զանգում էին, վազում էր ուրիշ տեղ, առավոտը 7-անց ինքը էլի՛ չկար, էլի գնացել էր էտ ժամին»։
Մայրը հպարտությամբ է ասում․ «Ինձ համար պարծանք էր իրա մաման լինելը։ Ոչ մի անգամ ոչ մի վատ բան չի արել, որի համար ես կամ իր հայրը ամաչեինք»։ Հիմա, երբ Վիգենը չկա, ծանոթ, թե անծանոթ մարդիկ իր հարազատներին տեսնելիս մեծ ափսոսանքով ու հիացմունքով են պատմում նրա մասին։ Մի անգամ ընկերների հետ ուղղակի անցնելիս է եղել ու տեսել, թե ոնց է մի տարեց մարդ փայտ ջարդում, թույլ չի տվել, որ շարունակի՝ ասելով՝ «Հոպ, հլը էտի դիր ձեռիցդ, հեսա կգանք»։ Ասում են՝ բանակը հավաքած եկավ, մի ժամում ջարդեցին, տեղավորեցին, գնացին։
«Միշտ գալիս էին տղաներով մեր տուն, մեր տանը իրենք միշտ իրենց ազատ էին զգում, իրենց ամեն ինչ կարելի էր, իրենց տան նման»։ Հիմա, երբ որդին ֆիզիկապես կողքին չէ, մայրն ասում է, որ զգում է տղայի ներկայությունը ամեն անգամ, երբ Վիգենի ընկերները գալիս են իրենց տուն, թվում է, թե ինքն էլ հետները եկավ ու գնաց, ամեն անգամ դասընկերներին տեսնելիս էլ կարծես մի պահ Վիգենին էլ տեսնի, կարոտն առնի։
Քրոջ՝ Նազելիի խոսքով փոքր տարիքում Վիգենը ուրիշ էր, կյանքում խաղի հետևից չէր ընկնի, երբ մեծերը խոսում էին, ինքը, եթե էդտեղից սովորելու բան ուներ, աննկատ կնստեր, լուռ մինչև վերջ կլսեր, միշտ մեծերի կողքին իրեն լավ էր զգում։ Մայրն էլ համաձայնում է, միշտ է զգացել, որ որդին հոգեպես հասակակիցների տարիքի չէ, մեծի նման էր դատում։ Բոլորն են Վիգենին հիշում իր խորիմաստ խոսքերով, սրտացավ էր ու հասուն խորհուրդեր էր տալիս։ Քույրն ասում է՝ ցանկացած բարդ իրավիճակում եղբոր հետ կարող էր հանգիստ ամեն ինչ խոսել, ու նա իրեն կօգներ։ Վիգենն էլ իր հետ էր շատ կիսվում, հատկապես պատերազմի օրերին․ «Ես իր ընկերն եմ եղել, հնարավոր է՝ մի որոշ ժամանակ անց նոր պատմեր, բայց պատմում էր,- եղբոր բացակայության ցավը ավելի սրությամբ զգալով, հուզմունքը ձայնի մեջ խեղդելով հավելում է,- Վիգենս շատ լավ ընկեր, շատ լավ մարդ էր, եզակի մարդկանցից էր, որ ամեն պահի, ամեն տեղ պետք էր, հոգու մարդ էր, հոգու ընկեր»։
Վիգենի կյանքում կարևոր նշանակություն ունեին տատիկներն ու պապիկները։ «Տատ ու պապերի համար հոգին տալիս էր, երբ կանչում էին, ամեն պահի հասնում էր, զանգում, ընկերներին էլ ասում էր, թե գնացեք պապիս տունը, գործ կա»,- ծիծաղով պատմում է մայրը։ Սիրում էր իրենց գյուղը՝ Ակունքը։ Մայրը ժպիտով է հիշում, թե ոնց էր սիրում պապի հետ զրուցել, ասում էր․ «պապիս բան չասեք, իրան լսելը շատ հետաքրքիրա»։ Տատիկն էլ փոքրուց Վիգենի անունը դրել էր հռետոր, որ սկսում էր խոսել, էլ վերջ։ Սիրում էր փիլիսոփայել ու իր փիլիսոփայությունը ռուսերենով էր, այդ լեզվով էր մտածում միշտ։
Վիգենին ճանաչողները հիացմունքով են խոսում իր նախաձեռնող տեսակի մասին, ընտանիքի անդամներն ասում են՝ ձգտում էր ինչ-որ սեփականություն ունենալ, ծառայության ժամանակ օր չի եղել, որ զանգեր ու մի բան մոգոնած չլիներ, մտածում էր, հաշվարկ անում, իր մեջ «գցում-բռնում», ու որը որ խելքին մոտիկ էր, զանգում, ասում էր․ «մա էս ինչ բանը սենց եմ որոշել», նույնիսկ մինչև բանակ գնալը քրոջ հետ ջերմոցներ կառուցելու բիզնես պլան էին մշակել։ Մայրը հիշում է, թե ինչպես էր տղան միշտ ասում․ «բայց ո՞նց կարա մարդը առանց նպատակի ապրի, բա դու նպատակ չունենաս, որ գնաս դեպի քո նպատակը»։
Վիգենի ավագ դպրոցի դասղեկը՝ ընկեր Վրթանեսյանը, մեծ ցավով է պատմում սիրելի աշակերտի մասին․ «Իր տեսակը յուրահատուկ էր, բոլորս էլ գիտեինք, որ առանձնանում էր ամբողջ դասարանից։ Իր ամեն ասածի մեջ համ ու հոտ կար, կազմակերպող էր, նախաձեռնող, ոգևորող, հումորով, միշտ դասարանի կենտրոնում էր, Վիգենը լավի հավաքական կերպար էր։ Նվիրված ընկեր էր, բոլորին փորձում էր օգնել, ամեն ինչ իր ձեռքն էր վերցնում, ինչ-որ բան կազմակերպելիս վերջնական որոշումը, վճռական խոսքը Վիգենինն էր»։
Ինչպես ամենուր, այնպես էլ ծառայակից ընկերների համար Վիգենի խոսքը վճռական դեր է ունեցել։ Ասում են՝ էնպես էր կազմակերպել ամեն ինչ, եթե գործ լիներ, իրար վրա գցել չկար, պետք էր անել, ուրեմն բոլորով պիտի անեին։ Առողջական խնդիրներ ունեցող ծառայակիցներին էլ, որոնք չէին կարողանում ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, միշտ օգնել է, վերցրել է ձեռքներից ու ինքն է արել գործը։ Իրենց վաշտը ասում են՝ մատով էին ցույց տալիս, «Մարտունի 3-ի առանձինների վաշտ» էին կոչում։ Մեկը բոլորին, բոլորը մեկին սկզբունքով են առաջնորդվել։
Ընդունվել ու 1 տարի սովորել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում, ապագա տնտեսագետ էր։ Մեծ սիրով է համալսարան գնացել, միշտ իրենից գոհ տանը պատմել է, որ իր հետ դասախոսները շատ լավ են ու հավելել․ «դե ես էլ, գիդեք»։ Ընտանիքի անդամները ծիծաղով են հիշում, թե ոնց էր ասում․ «Վիգեն, Վիգենից մի հատ կա, սովորե՛ք»։ Վիգենի ինքնավստահությունը դատարկ տեղը չէր, բոլորն են շեշտում։ Մայրն էլ ասում է՝ ինքը ոչ թե պարծենում էր, այլ իր կարողացածի չափով իրեն մատուցում էր, ու դա փուչ չէր։
Մայրը խնամքով դարակից հանում է ալբոմը, որտեղ որդու ծառայության ու պատերազմի ժամանակ արված լուսանկարներն են։ Հուսահատ կարոտով լի հայացքով շոյում է լուսանկարներում որդու դեմքը ու պատմում, թե ոնց էր Վիգենը ամեն անգամ իր ստացված լուսանկարները տեսնելիս ասում․ «հլը նայի ինչ գժական, բոմբ նկարներ եմ արել»։ «Սիրում էր նկարվել, ու երբ նկարը ստացվում էր, ինքը ուրախանում էր, ասում էր՝ կյանք նկարներ եմ ուղարկել»։
Մայրն ասում է, որ ուզում է Վիգենին անընդհատ հիշեն, ու դա եսասիրություն, մեծամտություն չէ, բոլոր զոհված հերոսների մասին անընդհատ պիտի պատմենք, իրենք չպիտի մոռացվեն․
«Մենք բոլորս պարտավոր ենք ապրել էնպես, ինչպես իրենք էին ուզում, մենք պարտք ենք իրենց, մեծ պարտք ենք, ապրել ենք պարտք, կյանք ենք պարտք, ու լավ կյանք, որ իրենք երկնքից նայեն ու իրենց լիարժեք զգան։ Ինչ իրենք չհասցրեցին, մենք բոլորս պիտի անենք, որ դրանով գոնե իրենց բացը լրացնենք։ Մինչև վերջին օրը անգամ եթե շատ տանջված ու հոգնած էր լինում, ցույց չէր տալիս Վիգենս, երբեք իր ոգին կոտրված չէր։ Հիմա մենք փորձում ենք էնպես ապրել, որ ինքը իրեն լավ զգա, իրեն դուր չի գա, որ մենք կոտրվենք։ Զգում եմ, որ ինքնա ինձ ուժ տալիս, որ կարողանում եմ աշխատեմ, ապրեմ, դիմանամ»։
Այսօր Վիգենն արդեն տուն վերադարձած պիտի լիներ, սակայն որդու վերադարձի բերկրանքը վայելելու փոխարեն մոր ցանկությունն է գոնե երազում տեսնել որդու ազդեցիկ ու խրոխտ հայացքը, գոնե այդպես նրա կարոտն առնել։
«Ինքը ուրիշ տեսակ էր, իրոք ուրիշ մարդ էր, էնպես չի, որ իր գնալուց հետո եմ ես դա գիտակցում, ես միշտ էի զգում, որ ինքը ուրիշա, դրա համար հիմա մեր հետ չի։ Ինքն իրեն էլ էր շա՜տ սիրում, կյանքն էլ էր սիրում, մարդկանց էլ, շա՜տ, ամեն ինչը սիրում էր, սիրում էր կյանքը լիարժեք վայելել, ինքը լիքը անելիքներ ուներ, ինքը սիրուն կապրեր, սիրուն կապրեցներ, ինքը լավ մարդ էր դառնալու»,- իր խոսքը եզրափակեց մայրը։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Սոնա Պետրոսյան
4-րդ կուրս