«ԾՆԱԾ ՏԵՂՍ` ԱՇՏԱՐԱԿ»

«ԾՆԱԾ ՏԵՂՍ` ԱՇՏԱՐԱԿ»

4838

Աշտարակ. այս անունն արտասանելիս սեր ու ջերմություն եմ զգում, քանի որ այս քաղաքն իմ ծննդավայրն է: Այստեղ է անցել մանկությունս ու պատանեկությունս. հուսամ կյանքիս մնացած հատվածն էլ Աշտարակում  կանցնի:

Սիրում եմ Աշտարակն իր թարմ օդի, անկեղծ ու հյուրասեր բնակիչների, երբեմն նաև կիսաքանդ փողոցների համար:

Աշտարակի յուրքանչյուր ավանդապահ ընտանիքում սուջուխն ու ալանին սեղանի անփոխարինելի զարդն են:

Սուջուխ պատրաստելը մի հետաքրքիր, ինչու չէ, նաև ժամանակատար գործընթաց է. խաղողը հավաքելուց հետո քամում են դրա հյութը, մեջը հող լցնում, աշտարակցիները «շեկ հող» են ասում, հետո «պարզի» հետո ժամերով եփում: Թաթախելուց առաջ ասում են «ուրախությունով լինի», իսկ թաթախելուց հետո դրան հաջորդում է մեկ այլ գործընթաց. շփոթից՝ նույն ինքը սուջուխից, տան տիկինները լցնում են ափսեների մեջ, հարևաններին ու բարեկամներին հյուրասիրում. «հնուց եկած սովորույթ է»` ասում են Աշտարակի կանայք:

Դե Աշտարակի տղամարդիկ էլ չեն զիջում իրենց հյուրասիրությամբ: Թե ամռանը այլ երկրից հյուր է գալիս, Քասաղ գետի ափին, որն ավելի շատ «Աշտարակի ձոր» անունով է հայտնի, խորոված ուտելը պարտադիր է. իրենց ձեռքով են պատրաստում ու հյուրասիրում:

Ձորից բացի Աշտարակում կան նաև եկեղեցիներ. Ս.Մարիանե, Ս.Սարգիս, Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր: Վերջին երկուսը կիսավեր վիճակում են, սակայն զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն են: Հենց այդ եկեղեցիների կողքին էլ գտնվում է Աշտարակի ամենահին դպրոցը: Նախկինում Պ.Պռոշյանի անունով էր կոչվում, հիմա՝ Սմբ. Շահազիզի: Ութ տարի այնտեղ եմ սովորել. մանկությանս հիշողությունների պատառիկներից այնտեղ էլ կան:

Իսկ դպրոցից քիչ հեռու գրող Պ.Պռոշյանի տուն-թանգարանն է: Ինչպես յուրաքանչյուր աշտարակցի` ես նույնպես եղել եմ նրա թանգարանում, ծանոթացել մեծն գրողի ստեղծագործություններին, սովորություններին, անձնական իրերին:

Աշտարակի հրապարակում է տեղակայված Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու արձանը, ով  խաչակնքում է քաղաքի բնակիչներին ու այցելուներին: Քիչ հեռու գտնվում է  ակադեմիկոս Նորայր Սիսակյանի կիսանդրին, որի անունով էլ կոչվում է այդ փողոցը, դրան հարող փողոցում էլ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի կիսանդրին է:

Արևշատ Ավագյան, Վահան Խորենյան, Արամ Իսաբեկյան, Գոգո Ոսկանյան. այս նկարիչները նույնպես Աշտարակի հայտիներից են` անուններ, որոնք ոչ միայն աշտարակցիների, այլև ողջ ազգի պարծանքն են:

Այսպիսին է Աշտարակը. իր փոքր տարածքով, բայց մեծ մարդկանցով, որոնցով կարելի է հպարտանալ աշխարհի ցանկացած  վայրում  գտնվելիս:

Աննա Ղուկասյան

3-րդ կուրս

Կիսվել