Դաջվածքները՝ կյանքի ուղեկիցներ

Դաջվածքները՝ կյանքի ուղեկիցներ

1020

Դաջվածքը մշտական բան է, իսկ դրանից ազատվելը՝ թանկ ու ցավոտ, երբեմն, նաև անհնար գործընթաց: Սովորաբար դաջվածքները ծառայում են որպես ինքնարտահայտման միջոց, ընդգծում են մարմնի որոշ հատվածները, սպիերը թաքցնելու հնարավորություն են տալիս և վերջապես էսթետիկ նշանակություն ունեն։ Ուստի նման որոշիչ քայլի գնալուց առաջ պետք է  մտածել: Այս թեմայի շուրջ զրուցեցինք տարբեր մարդկանց հետ:

Սամվել Պողոսյան  (սարկավակ)

-Երեք պատճառ կա, որի համար քրիստոնեության մեջ ընդունված չէ դաջվածք անել: Առաջինը մշակութայինն է, երկրորդը՝ մարդաբանականը, երրորդը՝  սուրբ գրայինը:  Սրանք պայմանական կատեգորիաներ են: Մշակութային` այսինքն  արևելյան ժողովուրդների մեջ ի սկզբանե դաջվածքներ արել են հանցագործների վրա, և ադպես հասարակության մեջ մարդկանց տարբերակել մյուսներից և բնակավայրեր չեն թողել: Օրինակ մեր եկեղեցու առաջին ժողովներից մեկում մարդկանց վրա, ովքեր խեղաթյուրել են ավետարանը, դրել են  դաջվածքներ և այդպես առանձնացրել: Մարդաբանական  պատճառը պայմանավորվում է նրանով, որ մենք հավատում ենք՝ մեր մարմինները մկրտությունից հետո վերադառնում են այն արարչական վիճակին, որով որ  սահմանված էին ի սկզբանե լինելու՝ հեռու ամեն վնասից  ու ցավերից: Մենք քրիստոնեության մեջ մարմինները ընկալում ենք որպես սրբություն, և այդ մարմնի վրա ներարկել ինչ-որ բան, որը կարող է փչացնել այն, ընդունված չէ: Կա նաև մասունքների պաշտանմունք, այսինքն մենք հավատում ենք, որ մարդու մարմնի մեջ Աստծու զորությունն ու ներկայությունը կա: Ուստի շատ զգույշ ենք մոտենում մեր մարմիններին՝ որպես քրիստոնյա: Աստվածաշնչյանը հին կտակարանի՝ Ղևտացիների արևելահայերեն գրքում հստակ ասվում է, որ Աստված թույլ չի տալիս մարդկանց  իրենց մարմինների վրա դաջվածք անել: Նույն կերպ նաև Պողոս առաքյալը արդեն Քրիստոսից հետո եկեղեցիներից մեկին նամակ է գրում, որում ասում է, որ մեր մարմինները սուրբ հոգու տաճար են, և մենք պետք է մեղքի չենթարկենք:

TATOO ARTIST 

-Դաջվածքներին վերաբերվում եմ որպես արվեստ: Մարդիկ արտահայտում են իրենց էմոցիաները դաջվածքների  տեսքով: Հիմնականում նախընտրում են դաջել կենդանակերպի նշաններ, կամ սրբապատկերներ, իսկ կանայք ավելի նուրբ պատկերներ են ընտրում: Ես որևէ վատ բան չեմ տեսնում, երբ աղջիկներն են դաջվածք ունենում, որովհետև այն սեռական խտրականություն չպետք է ունենա:

Սոֆյա  (15 դաջվածք ունեցող աղջիկ)

-Ես տասնհինգ դաջվածք ունեմ. իրականում մի մասը դեռ անավարտ է, բայց ավարտին հասցնելուց հետո ավելանալու են: Դեմքս, պարանոցս, ձեռքերս պահպանում եմ մարմնիս գույնից որպես հուշ: Ընտրած յուրահատուկների  մեջ են մտնում, ինչպես ասացի, գայլը, ուսիս դաջած լուսինը և ձեռքիս մայր ու աղջիկ դաջվածքը, նրանց նշանակությունները պարզից էլ պարզ են, գայլի դեպքում միայնության խորհուրդ  է: Իրականում, հոգուս մեջ միայնակ եմ, կողքիս կան շատ հարազատ մարդիկ, բայց նրանք հոգուս մեջ ներթափանցել չեն կարող․ եթե սիրեմ մեկին, ապա նրան կսիրեմ հավերժ, իսկ լուսինը՝ մայրս է, մարդիկ ունեն հայր՝ որպես արև, և մայր՝ որպես լուսին․ ես ունեմ միայն մայրիկիս, այդ իմաստով է լուսինը հայտնվել ուսիս։ Մի փոքր խոսեմ ձեռքիս դաջվածքի մասին. այնտեղ ես ու մայրս ենք և տիեզերքը: Այս դաջվածքին նայելիս ջերմություն եմ զգում ու հասկանում, որ նույնիսկ տիեզերքը ինձ ու մորս չի կարող բաժանել։   Երբ ես անում էի իմ առաջին դաջվածքը, չէի մտածում, որ 2-3 հատից ավել կանեմ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ունեմ արդեն 15-ը, և դա վերջնական չէ։

 Սաթեն Գրիգորյան  (հոգեբան)

-Մեր հասարակությունում մինչ օրս դաջվածքների հետ կապված կարծրատիպային մոտեցում կա: Դաջվածք ունեցող անձինք հաճախ թիրախավորվում, երբեմն էլ `  խարանավորվում են: Խարան նշանակում է խտրականություն, կանխակալ վերաբերմունք, ստերեոտիպալ մտածողություն: Հին աշխարհում խարանը մարդու մարմնի վրա շիկացած երկաթով նշան թողնելն էր, որը դրվում էր ստրուկների կամ հանցագործների մաշկի վրա: Մինչ օրս մեր հասարակությունը, որն ապրում է որոշակի կարծրատիպերով, դեռևս ամբողջովին չի համակերպում հատկապես իգական սեռի ներկայացուցիչների՝ դաջվածքներ ունենալու փաստի հետ, և խոսքը վերաբերում է հատկապես միջինից բարձր տարիքի ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ տարիների ընթացքում հակասական վերաբերմունքը կնվազի, սակայն համատարած բնույթ կրել չի կարող, քանի որ այն անգիտակցական հիմքեր ունի:

Հարութ Խաչատրյան

-Ես ունեմ դաջած թևերի տեսքով: Առաջին հայացքից այն հասրակ է երևում, սակայն, եթե մի քիչ խորը մտածենք, այն ունի լայն իմաստ: Ես հորոսկոպով երկվորյակ եմ, այս  հորոսկոպի նշանը ունի թևեր, առաջին կողմից դիտարկենք հետևյալը: Երկրորդ իմաստով,  այն ձգտման, ազատության և մտքի թռիչքի  խորհրդանիշն է, իսկ երրորդը՝ մի կողմ բաց գույն է, մյուսը ՝մուգ, ինչն էլ կապվում է մարդու մութ կողմի և լուսավոր կողմի հետ: Ես պոզետիվ եմ մոտենում այն հարցին, երբ աղջիկներն են դաջվածք ունենում, այսինքն դա մարդու ընտրությունն է: Եթե մարդը իրեն հարմար է զգում այդպես, ուրեմն որևէ վատ բան չկա, իսկ թե ինչպես է դրան նայում հասարակությունը, արդեն երկրորդկան հարց է:

Անուշ Ղազարյան ( ուսանողուհի)

-Անկեղծ ասած, ես այնքան էլ չեմ ընդունում դաջվածքների գոյությունը, հատկապես եթե դրանք անջնջելի հետևանք են թողնում մարդու կյանքում: Կան դեպքեր, երբ մարդիկ պատանեկության տարիներին դաջվածք են անում իրենց սիրելիի անունը  կամ մեկ այլ պատկեր, իսկ հետո չեն կարողանում այն մաքրել: Բացի դրանից, ես կարծում եմ, որ այն կեղտոտում է մարդու մարմինը և, կարելիա ասել, փչաղցնում է: Չեմ ուզում խոսել աղջիկների մասին: Եթե տղաների հարցում կարող եմ դրսևորել չեզոք վերբաերմունք, ապա աղջիկների դեպքում այն անքննելի է, որովհետր բացարձակապես չի նայվում գեղեցիկ և չի ընդունվում հատկապես մեր կրոնում: Կարծում եմ յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է իր բնական տեսքով և իր պահվածքով, այլ ոչ թե նման պատկերների միջոցով:

Գոռ Նիկողոսյան (պատահական անցորդ)

-Ամեն մարդ զգացմունքները արտահայտելու իր ձևն ունի: Ինձ թվում է՝ կարելի է դաջել սիրելիդ անունը, կամ աչքերը, դա ինձ դուր է գալիս հատկապես աղջիկների վրա: Իհարկե կան տատուներ, որոնք չեմ հավանում. Դա ճաշակի հարց է: Եվ մեր հասարակությունը չէ, որ պիտի թելադրի, թե ինչ անենք. եթե ես գտնում եմ, որ դա ինձ դուր է գալիս, ապա կանեմ: Ի վերջո դա մեր կյանքն է, և մենք ենք այն ապրում:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել