Թերահավատությո՞ւն, թե՞ էմոցիոնալ խանգարում

Թերահավատությո՞ւն, թե՞ էմոցիոնալ խանգարում

970

Ի՞նչ է վախը, որո՞նք են դրա ակունքները, ինչպե՞ս ազատվել վախերից… Այս հարցերի շուրջ զրուցել ենք տարբեր ոլորտի մասնագետների հետ, ովքեր իրենց մասնագիտական դիտանկյունից կանդրադառնան այս՝ «բացասաբար երանգավորված հուզական գործընթացին»:

ՏԵՐ ՇԱՀԵ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար

լուսանկարը՝ qahana.am-ից

«Մենք մկրտությունով շահում ենք մի բան, որը կոչվում է սեր Աստծո, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ: Ահա այս մեծ, տիեզերական սիրով պատված՝ մենք երկյուղ չունենք»:

Վախի առաջին կանոնական սահմանումը տվել է Եղիշեն 5-րդ դարում իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքում․ «Վախը թերահավատության նշան է։ Մենք վաղուց ենք թերահավատությունը դեն դրել»։ Այսինքն՝ 5-րդ դարում, երբ Ավարայրում պատերազմը պիտի լիներ,  կար տագնապ, քանի որ մեծաքանակ էր պարսից զորքը։ Հայ պատմիչը ասում է, որ պետք է չվախենալ, քանզի իրենք վաղուց թերահավատությունը դեն են դրել, այսինքն՝ ճանաչել են ճշմարտությունը՝ ընդունել են քրիստոնեությունը։ Վախը անբնական է հոգու և Աստվածաշնչի տեսանկյունից։

Գնանք ակունքներ: Ե՞րբ վախը եղավ։ Ադամը ստեղծվեց, Աստված օրհնեց նրան, և մինչև պտղակերություն վախի գաղափարը չկար։ Բայց հենց Ադամը և Եվան պտուղը կերան, երբ Աստծո ոտնաձայնները լսեցին դրախտում, փախան, թաքնվեցին։ Ինչո՞ւ․ որովհետև վախեցան։ Այսինքն՝ վախը ի սկզբանե չկար, այն պատվիրանազանցությունից հետո ներգործեց մարդկության մեջ։ Նույն փուլը կարծես շարունակվում է, երբ, օրինակ, Աստված հարց է տալիս Կայենին, թե ուր է նրա եղբայրը, իսկ Կայենը խուսափում է պատասխանելուց, քանի որ արդեն սպանել էր Աբելին։ Արդյո՞ք վախի դրսևորում չէր նաև այն, երբ Սոդոմ-Գոմորի ավերման ժամանակ Ղովիտն իր ընտանիքին ասել էր՝ հրեշտակները ասացին՝ կրնաք և հետ չնայեք, սակայն նրա կինը հետ նայեց և դարձավ աղե արձան…

Վախը սկիզբ դրեց կռապաշտությանը ստեղծել կեղծ աստվածություններ կամ տարերքների հետ կապված աստվածություններ և պաշտել, որպեսզի այդ աստվածները չվնասեն նրանց՝ մարդկանց։

Կարող ենք դիտարկել այսօրվա իրականությունը, երբ մեր զինվորները ոչնչից չվախեցան, կանգնեցին թշնամու դեմ՝ պաշտպանելով իրենց հայրենիքը։ Այսինքն՝ քրիստոնյան չունի վախ։ Ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում իր թղթերից մեկում՝ սիրո մեջ երկյուղ չկա, ամենևին չկա։ Մենք մկրտությունով շահում ենք մի բան, որը կոչվում է սեր Աստծո նկատմամբ, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ: Ահա այս մեծ, տիեզերական սիրով պատված՝ մենք երկյուղ չունենք։

Իսկ ե՞րբ է տագնապը պատում մարդուն։ Պատահական չէր՝ Մովսեսին հուշվեց․ «Ահա քեզ 10 պատվիրանները, որպեսզի չխախտվի քո ներաշխարհը»։ Երբ փորձենք պահել այդ պատվիրանները, կզգանք, թե ինչպես է երկյուղը փախչում մեզնից, մենք դառնում ենք արդար։ Աստվածաշնչում հաճախ ասվում է «Եվ Նոյը արդար մարդ էր․․․ Աբրահամը արդար մարդ էր»։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր պահում էին Աստծո պատվիրանները։ Եվ այդ արդարները վախ չունեին։ Վախերից ազատվելու միջոցը Քրիստոսն է իր մեծ սիրով, հաղորդությունն է, պատվիրանները պահելու ձգտումն է։

Այսօր տեղի է ունեցել հոգևոր արժեհամակարգի փոփոխություն․ պետք է վերադառնալ մեր նախկին փառքերին։ Պետք է ճանաչենք ինքներս մեզ, որպեսզի անդրադառնանք Քրիստոսին։ Եթե մենք մեզ տալիս ենք մոլությունների, դրանք մեզ տանում են բացասական աշխարհ։

Ավետարանում Քրիստոսն ասում է՝ մի՛ վախեցեք, Ես եմ։ Մենք պիտի վերցնենք Քրիստոսի ես-ը և սեփականացնենք, որպեսզի դառնանք աներկյուղ, անսասան և լինենք խաչակիրներ այս կյանքում։

ՍԱԹԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոգեբան, ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դասախոս

լուսանկարը՝
Ս․ Գրիգորյանի անձնական արխիվից

«Վախերը հաղթահարելու լավագույն տարբերակը դրանց հետ առերեսումն է»:
Վախը պաշտպանական հակազդեցությունն է իրական կամ թվացյալ վտանգի հանդեպ, որը ինչ-որ չափով առկա է յուրաքանչյուր մարդու օրգանիզմում:

Մեր հուզական հիշողությունը սեփական հուզական վիճակների, զգացմունքների և աֆեկտների տպավորումն է: Եթե, օրինակ, երեխան մի անգամ վախեցել է իր վրա հանկարծակի հաչող շնից, դեռ երկար ժամանակ նույն տարածքում կունենա վախի

Զգացողություն, կամ գոնե տագնապ։ Անհրաժեշտ է ժամանակին օգնել երեխային հաղթահարել վախը, հասկանալ սեփական վախերը և պայքարել դրանց դեմ․ հակառակ դեպքում դրանք կվերածվեն կպչուն մտքերի։

Առանձնացվում են վախերի տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի՝ լսարանի առջև ելույթ ունենալու, անծանոթ մարդկանց հետ շփվելու, բաց կամ փակ տարածություններից, բարձրությունից, կենդանիներից, արյունից, ջրից, հիվանդություններից և այլ վախեր: Հարկ է նշել, որ մթությունից, կենդանիներից, փակ կամ բաց տարածությունից վախերի հիմքում, ըստ հոգեվերլուծության, չգիտակցված մահվան վախն է: Մահվան վախը հաճախ ստիպում է մարդուն ապրել այնպես, որ վերջինս անընդհատ պաշտպանվի մահից՝ այդպիսով ստանալով կյանքից ավելի քիչ, քան կարող էր ստանալ: Կարևորն այստեղ մահվան փաստի ընդունումն է և կյանքի բնականոն ընթացքը ապահովելը առանց կպչուն մտքերի, հակառակ դեպքում ի հայտ են գալիս նևրոտիկ վիճակներ:

Ի տարբերություն մեծահասակների` երեխաների շրջանում վախերը հաճախ համակցվում են. օրինակ՝ մթության հանդեպ առաջացած վախին հաճախ միանում է մենակության վախը, որի հետևանքով կարող են առաջանալ կակազություն, ջղաձգություններ, կծկանքներ, եղունգները կրծելու սովորություն և այլն:

Վախերը հաղթահարելու լավագույն տարբերակը դրանց հետ առերեսումն է, սակայն երբ այն էկզիստենցյալ բնույթ ունի, չի կարելի ամբողջությամբ վերացնել, քանի որ վերջինիս ի սպառ բացակայությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Դիցուք, եթե մարդն ունի բարձրությունից վախ և փրկարար ծառայության աշխատակից է, չի կարելի ամբողջովին վերացնել նրա վախը, քանի որ ինքնապաշտպանական բնազդի առկայությունը կարևոր է հենց տվյալ մարդու կյանքի համար:

ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոգեբույժ

լուսանկարը՝
Տ. Խաչատրյանի անձնական արխիվից

«Քանի որ վախը ուղիղ կապ ունի տեսակի և անձեռնմխելիության պահպանման հետ, այն գլխուղեղում ընկալվում է որպես ռեալ վտանգ»:
Վախը էմոցիայի խանգարում է, որը միշտ ունի կոնկրետ բովանդակություն, ուղղված է ներկային, առաջացնում է գերազանցապես փախչելու վարք և կրկնվելու նկատմամբ տագնապային զգացողություն։ Այսինքն՝ մարդն անընդհատ սպասում է, որ վախի հետ նորից կառնչվի, ինչն էլ առաջացնում է  տագնապային զգացողություններ։ Շատ կարճ ժամանակում անհատն իր համար յուրահատուկ արարողակարգ է ստեղծում, ինչն իրագործելուց հետո առաջանում է հոգեկան դիսկոմֆորտի թուլացում։

Տագնապային-ֆոբիկ խանգարման ժամանակ առաջանում է վախ ինչ-որ բանի նկատմամբ, որը տվյալ պահին վտանգ չի ներկայացնում։ Այս խնդիրն ունեցողները կենտրոնանում են մարմնական ապրումների վրա, ինչն էլ բերում է երկրորդային վախի առաջացման՝ կա՛մ մահվան, կա՛մ խելագարության, կա՛մ ինքնատիրապետման կորստի։ Ֆոբիաների մեջ առանձնացնում ենք չորս մեծ խումբ՝ նոզոֆոբիաներ (վախ հիվանդություններից), սոցիոֆոբիաներ (վախ ամբոխի մեջ գտնվելու տարատեսակ իրավիճակներից), ագորաֆոբիա (վախ տարածության մեջ), յուրահատուկ ֆոբիաներ (բոլոր այն վախերը, որոնք վերը նշված երեք դասի մեջ չեն ներառվում)։

Նոզոֆոբիան իռացիոնալ վախ է հիվանդությունների նկատմամբ։ Նոզոֆոբիայի ժամանակ անհատը կարող է ընդհանրապես գանգատ չունենալ, բայց անհանգստանալ նրա համար, որ հնարավոր է՝ անբուժելի հիվանդությամբ է տառապում։ Տարածված նոզոֆոբիաներից են վախը սրտային հիվանդություններից, խելագարությունից, կատաղությունով վարակվելուց և այլն։
Սոցիոֆոբիան վախերի համախումբ է, որն ընդգրկում է միջանձնային հարաբերությունների տարբեր ասպեկտները։ Սոցիոֆոբիայի մեջ կարող ենք տարբերակել մեկ կամ երկու վախի առկայություն, ինչպես նաև գեներալիզացված տարբերակ, որի ժամանակ վախ լինում է ամբոխի հետ կապված յուրաքանչյուր իրավիճակում, ինչն էլ կարող է հանգեցնել ինքնամեկուսացման։
Առաջին անգամ սոցիոֆոբիայի ախտանիշներն ի հայտ են գալիս դպրոցահասակ տարիքում ու առավել տարածված են պերֆեկցիոնիզմ ունեցողների շրջանում։

Տարածված սոցիոֆոբիաներից են լսարանի առաջ ելույթ ունենալու վախը,
վախը ամբոխից, միայնակ մնալուց, տհաճ հոտի աղբյուր դառնալուց, քրտնելուց, կարմրելուց և այլն։

Ագորաֆոբիան վախ է տարածությունից։ Այն ներառում է վախ բաց և փակ տարածությունից, բարձրությունից, հրապարակներից, դատարկ տարածքից, կամրջով քայլելուց, անվային տրանապորտից, արևի ճառագայթներից և այլն։
Գործնականում ագորաֆոբիան ներառում է նաև վախ տնից դուրս գալուց, որևէ վայր միայնակ գնալուց, քանի որ կա ինքնատիրապետման կորստի կամ ուշաթափության վախ։

Յուրահատուկ (իզոլացված) ֆոբիաներն այն վախերն են, որոնք չեն ներառվում նախորդ երեք խմբի մեջ։ Դրանք ուղեկցվում են արտահայտված մարմնական ախտանիշներով, որոնք էլ հանգեցնում են արտահայտված դեզադապտացիայի․ անհատը սկսում է խուսափողական վարք դրսևորել։ Խաթարվում են պրոֆեսիոնալ աճն ու միջանձնային հարաբերությունները։ Յուրահատուկ ֆոբիաներից են վախը կենդանիներից, անցքերից, արյան տեսքից, կենդանի թաղված լինելուց, 13 թվից, ծաղրածուներից և այլն։

Նախ՝ պետք է կյանքի փորձ ունենալ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք անձը վախենում է տվյալ երևույթից, թե՞ ոչ։ Քանի որ վախը ուղիղ կապ ունի տեսակի և անձեռնմխելիության պահպանման հետ, այն գլխուղեղում ընկալվում է որպես ռեալ վտանգ (հնարավոր է` վախն ընդհանրապես կյանքին վտանգ սպառնացող չլինի), այդ իսկ պատճառով էլ գործարկվում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմը։

Վախը, ինչպես և բնազդային այլ երևույթներ, կառավարվում են գլխուղեղի լիմբիկ համակարգում գտնվող նշաձև կորիզի առաջացրած պատասխանով։ Նշաձև մարմնում վախի ազդակների առաջացումից հետո տեղի է ունենում մեծ քանակությամբ կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին և այլ նյութեր) ձերբազատում արյան մեջ, ինչից հետո էլ օրգանիզմը հստակ նախապատրաստվում է փախուստի։ Հիմնականում դիտվում է հաճախասրտություն, հաճախաշնչություն, դող վերջույթներում, տեսադաշտերի նեղացում, ջերմահորդանքների զգացում, գերքրտնարտադրություն, կոկորդում օտար մարմնի զգացում և մարմնական այլ բազմապիսի տհաճ զգացողություններ։

Քանի որ վախեր կարող են առաջանալ կյանքի յուրաքանչյուր իրավիճակի, երևույթի, մարդկանց, կենդանիների հետ կապված, ապա պետք է հասկանալ՝ ինչքանով է այն ազդում կյանքի որակի վրա։ Եթե անհատին դա այնքան է առօրյա կյանքում խանգարում, որ խաթարվում է նորմալ կենսագործունեությունը, ապա միանշանակ պետք է դիմել հոգեկան ոլորտի մասնագետի․ կան դեպքեր, որոնք հնարավոր է բուժել միայն հոգեթերապևտիկ տարբերակով, և կան դեպքեր, որոնց դեպքում դեղորայքային բուժումն անխուսափելի է։

Հասմիկ Անդրեասյան

4-րդ կուրս

Կիսվել