Եղունգների ախտահարում. ոչ գրագետ մոտեցու՞մ մատնահարդարից, թե՞ ալերգիա

Եղունգների ախտահարում. ոչ գրագետ մոտեցու՞մ մատնահարդարից, թե՞ ալերգիա

1778

Աննան երկար ժամանակ օգտվել է մատնահարդարի ծառայությունից և որևէ խնդրի չի առնչվել, սակայն հերթական անգամ նույն մատնահարդարի մոտ այցելությունից հետո այրոց է զգացել եղունգների հատվածում։

«Մատնահարդարում անելուց մի քանի ժամ հետո սկսվեց քոր, այրոց, բշտիկներ առաջացան։ Բժշկի դիմել եմ, ասել է՝ ալերգիա է, բայց շատ հավանական է, որ նաև ոչ ստերիլ գործիքների կիրառման պատճառով են մատներս ախտահարվել: Ես վահանաձև գեղձի խնդիր ունեմ, դա էլ է նպաստում վիճակի վատթարացմանը. ձեռքերս անընդհատ չորանում են»,-ասում է Աննան՝ նշելով, որ այժմ բժշկի խորհրդով ալերգիայի դեմ դեղեր և քսուքներ է օգտագործում։ Բուժվելուց հետո Աննան նորից օգտվել է մատնահարդարի ծառայությունից և նորից բախվել նույն խնդրին:

Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով գելլաքից առաջացած խնդիրները պայմանավորված են եղունգի կառուցվածքով։

«Մեր եղունգները ճկուն են և էլաստիկ, իսկ գելլաքը չունի այդ էլաստիկությունը, շատերի մոտ եղունգներն ուղիղ են աճում և խնդիրներ չեն առաջանում, սակայն կան նաև մարդիկ, որոնց մոտ եղունգի անհարթությունները մի փոքր շատ են արտահայտված, և տվյալ դեպքում գելլաքը թույլ չի տալիս, որպեսզի եղունգը էլաստիկ շարժվի»,- նշում է մասնագետը։

Ըստ մաշկաբանի՝ նմանատիպ դեպքերում վնասվում է այն հատվածը, որտեղից եղունգն է ձևավորվում, և արդեն գելլաքը հեռացնելուց հետո եղունգը լինում է վնասված և ախտահարված:

«Ստերիլությունը պահպանելը, որակյալ նյութերի օգտագործումը, իհարկե, շատ կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է, որ եղունգները լինեն առողջ։ Եթե կա որևէ ախտահարված եղունգ, և դրա վրա գելլաք է արվում ստերիլ պայմաններում որակյալ նյութերի կիրառմամբ, միևնույն է, խնդիր լինելու է»,- եզրափակելով իր խոսքը՝ ասում է մաշկաբանը:

Մատնահարդար Արաքս Պողոսյանը նշում է, որ Հայաստանում շատ մեծ խնդիր է այն, որ մատնահարդարների մեծամասնությունը գրեթե չգիտի՝ ինչպես պետք է ապահովել գործիքների մանրէազերծման բոլոր փուլերը, ինչպիսի սարքավորումներ և նյութեր պետք է օգտագործել։

«Մատնահարդարման ժամանակ արյան միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու շատ մեծ հավանականություն կա, եթե գործիքները ստերիլ չեն։ Հաճախորդի եղունգների և մաշկի առողջության համար շատ կարևոր է, որ մատնահարդարները աշխատեն որակյալ նյութերով»,- ասում է մասնագետը։

Ըստ նրա՝ ամենակարևորը մատնահարդարման գրագետ մոտեցումն է. մատնահարդարները պետք է կարողանան աշխատել տարբեր տեսակի նրբամաշկի, եղունգների հետ, պետք է հասկանան՝ եղունգներն առողջ են, թե ոչ, թեկուզ առաջին հայացքից մոտավոր կարողանան խորհուրդ տալ՝ ինչ կարելի է անել:

«Մաշկային տարբեր հիվանդություններ, ալերգիաներ ունեցող մարդիկ են մեզ դիմում, և այստեղ անհրաժեշտ է գրագետ մոտեցում, որպեսզի ճիշտ աշխատանք տարվի և հաճախորդների հետ աշխատելիս ունենանք առողջ եղունգներ»,- ասում է մատնահարդարը և խորհուրդ տալիս եղունգները բուժելուց հետո գոնե վեց ամիս դադար տալ, որպեսզի նման խնդիրները չկրկնվեն:

Անգին Մարտիրոսյան

4-րդ կուրս

Կիսվել