Ինչու՞ է թանկացել կարտոֆիլը. երա՞շտ, թե՞ արտահանման խնդիրներ

Ինչու՞ է թանկացել կարտոֆիլը. երա՞շտ, թե՞ արտահանման խնդիրներ

816

Սիսիանի Անգեղակոթ գյուղի բնակիչ Թերեզա Եսայանի խոսքով այս տարի կարտոֆիլ շատ են ցանել, սակայն բերքը քիչ է ստացվել։

«Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի քիչ է եղել, մարդիկ կան ցանել են, բայց ընդհանրապես կարտոֆիլ չեն հանել»,- ասում է տիկին Թերեզան։

Նրա խոսքերուվ՝ այս տարի կարտոֆիլը 230 դրամով են վաճառել, մինչդեռ անցած տարի վաճառել են 100 դրամով։
Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը նշում է, որ բերքի սակավության և արտահանման պատճառով բնական է, որ կարտոֆիլի գինը պետք է բարձրանար:․

«Մեծածախ գինը հասնում է մոտավորապես 220 դրամի, իսկ խանութներում 300 դրամի չափով է։ Այս տարի երաշտի տարի է եղել, ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ են եղել ամբողջ Հայաստանի տարածքում, Վարդենիսի տարածքում նաև կարկուտ է եկել, ինչը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, ինչպես նաև կառավարության ասելով՝ երեսուն հազար դոլլարի կարտոֆիլ է արտահանվել»։

Հ․ Մնացականյանը հիշեցրեց նաև, որ նախանցած տարի էլ բերքը քիչ է եղել, և նույն գներն են եղել խանութներում։

Ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ կարտոֆիլի գնաճը պայմանավորված է ցանքատարածությունների պակասով և, իհարկե, ոռոգման համակարգի սխալ գործածմամբ։

«Արտահանումն իր հերթին սովորականից ավել է եղել, բայց դրանք այն ռեկորդային թվերը չեն, որոնց մասին խոսում են։ Համենայն դեպս գյուղացին այս տարի կարողացավ մի փոքր էլ արտահանել և գումար ունի՝ հաջորդ տարվա գյուղտարին սկսելու համար»,- նշում է Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ դեռ տեղական կարտոֆիլ կա շուկայում, ուստի՝ տարին նորմալ կփակվի։

Անգին Մարտիրոսյան

4-րդ կուրս

Կիսվել