«Մենք գիտեինք, որ թիկունքում էինք զինվոր»

«Մենք գիտեինք, որ թիկունքում էինք զինվոր»

1143

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը ոչ միայն սահմանում էր, այլ նաև թիկունքում: Այդ օրերին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ թարգմանություններ էին անում արևելյան լեզուներով, կիսվում տեղեկատվությամբ, թղթակցում տարբեր լրագրողական կայքերի՝ միջազգային լսարանի ուշադրությունը պատերազմի վրա սևեռելու նպատակով։ Նրանք իրապես մեծ աշխատանք են տարել պատերազմի ընթացքում: Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթևիկ Դունամալյանի խոսքերով՝ եթե մինչ պատերազմն իրենք սիրում էին իրենց մասնագիտությունը, ապա այդ ընթացքում էլ ավելի կարևորեցին այն։
«Պատերազմի օրերին տարբեր խմբերում հայտարարություններ էին տեղադրում, որ պետք են թարգմանիչներ, որոնք կամավոր հիմունքներով պատրաստակամ կլինեն տարբեր նյութեր թարգմանել։ Մի քանի խմբերում ես և շատ ուսանողներ կայինք։ Տարբեր տեղերից նյութեր էին գալիս, և մենք մեր մեջ արդեն բաժանում էինք արել, հստակ գիտեինք՝ որ մասը ով պետք է թարգմանի։ Խմբում կային և’ իրանագետներ, և’ թյուրքագետներ, և’ արաբագետներ։ Խմբերն այնքան տարբեր են եղել, որ, օրինակ, ես այդ ընթացքում քսանից ավելի խմբում կայի։ Նախաձեռնությունը բոլորինս է եղել։ Եվ պետք է ասեմ՝ այդ ժամանակահատվածում օրեր են եղել, որ մինչև առավոտյան լուսադեմ թարգմանություն ենք արել: Չեմ կարող չնշել, որ ունեցել ենք դասախոսներ, որոնք օգնել են, ստուգել են. նրանց աջակցությունը շատ-շատ մեծ է եղել։ Այդ շրջանում մենք գիտեինք, որ թիկունքում էինք զինվոր,  ամեն ինչ մի կողմ էինք դրել և միայն ու միայն թարգմանություն էինք անում»։
Արաբագիտության բաժնի ուսանողուհի Մանիկ Ժամկոչյանը աղոտ է հիշում այդ օրերը. «Այնքան ծանր օրեր էին, շատ բան չեմ հիշում, բայց նախաձեռնողը մեր դասախոսն էր ՝ Սոնա Տոնիկյանը։ Նախ՝ ցանկանում էր՝ բարելավեինք լեզվի մակարդակը, քանի որ այդ ծանր օրերին չէր ստացվում դասերով զբաղվել, իսկ դա համարում էինք և’ դաս, և’ անհրաժեշտություն»։ Նա նշում է, որ Պաշտպանության նախարարության էջում տեղեկություններ հայտնվելուն պես վերցնում և թարգմանում էին։ «Դասախոսն ուղղում էր մեր սխալները և ամեն անգամ ավելի լավ էր ստացվում։ Այդ թարգմանությունները տարածել եմ թվիթերի էջում, ուղարկել եմ արաբական երկրներում հայտնի երգիչների և դերասանների, որպեսզի կարդան և տեղեկանան՝ ինչ է կատարվում»։
Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողուհի Գոհար Նալբանդյանը պատերազմի ժամանակ եղել է Ռազմ.ինֆո կայքի կամավորներից։ «Մահացած ադրբեջանցիների մասին ինֆո էի հավաքում: Իմիջիայլոց, ադրբեջաներեն էլ չգիտեի ու ընթացքում եմ սովորել, իհարկե թուրքերենի իմացությունը օգնում էր։
Նյարդային աշխատանք էր, մանավանդ պատերազմի օրերին հեշտ չէր, բայց ինձ դա դուր էր գալիս, օրական կարող էի 10 ժամ տրամադրել, գոնե մի քիչ ինձ օգտակար էի զգում»,- նշեց Գոհարը։

Անգին Մարտիրոսյան

4-րդ կուրս

Կիսվել