Տակառագործությունը՝ չնաշխարհիկ մի աշխարհ, տակառը՝ ընտանիք

Տակառագործությունը՝ չնաշխարհիկ մի աշխարհ, տակառը՝ ընտանիք

549

Լևոն Բիշարյանը 23 տարվա վարպետ է ու այս ընթացքում հազարավոր տակառներ է պատրաստել։ Ասում է՝ ամենագեղեցիկ գործերից մեկն է սա, տղամարդու իսկական գործ։ Սկզբում վարպետն աշխատում էր կոնյակի գործարանում, որտեղ էլ սովորեց տակառ պատրաստելու բոլոր նրբություները։

«Մեղմ ասած՝ դու սարքում ես խմիչքի տուն, այդ տունը պետք է լինի լավը, պինդ, ամուր։ Նաև գործարանի համար դա իր հարստության սեյֆերն է։ Պատկերացրեք տակառ սարքենք միշտ ծորա ու բարիքը կորի»,-ասում է վարպետը։                                                                                                                 
Տակառագործության մեջ գլխավորը փայտի ճիշտ ընտրությունն է։ Ասում է՝ սպիտակած մազերով կաղին են ընտրում. «Ռուսներն ասում են «սիդոյ դուբ»։ Մեր կաղինը համարվում է լավը աշխարհում։ Շատ համեղ խմիչք է ստացվում մեր կաղնուց պատրաստած տակառից»,-հավելում է տակառագործը։

Տակառ պատրաստելիս պետք է հաշվի առնել ամեն մանրուք, որ տարիների ընթացքում այն չձևափոխվի։ Տակառագործ լինելու համար հարկավոր է կարողանալ փայտի լեզուն հասկանալ, այսինքն՝ ինչ փայտ պետք է դնել։ Ամեն տակառ պատրաստելիս պետք է մոտավորապես 2000 անգամ հարվածել մուրճով։ Աստիճանաբար տակառը ստանում է իր ձևը։ Օղակներն օգնում են, որպեսզի տակառը շուտ ծռվի. «Օղակների ընտանիք կա։ Վերևի օղակը հայրն է ընտանիքի, որը պահում է ամբողջ տակառի դուռը։ Երկրորդը մեծ տղան է, երրորդը՝ փոքր։ Չորրորդը մայրն է։ Տակառը հիմնականում ծորում է կա՛մ դռան կողմից, կա՛մ մոր կողմից։ Եթե հայրը վատն է լինում, մեծ տղան է հասնում օգնության, եթե մայրը տուն պահող չի լինում ու սկսում է ծորալ, փոքր տղան է հասնում օգնության»,-ասում Է վարպետը։

Վարպետը մենակ չէ այս գործում։ Օշականի բնակիչներից երկուսն արդեն հմտացել են և նրա հետ հազարավոր տակառներ են պատրաստել։ Պարապ չեն մնում. գործարաններից պատվերներ միշտ ունեն։

Եթե ֆրանսիական մեթոդով են պատրաստում, իրենց հիմնական «բարեկամները» կրակն ու ջուրն են։ Կրակով տաքացնում են, իսկ ջրով փայտը սկսում են փափկացնել գոլորշիի հաշվին։ Այդ դեպքում տակառն ավելի ճկուն է լինում և շուտ ծռվում է։ Հետո ներսում վառվում է այն աստիճանի՝ նայած թե ինչի համար են պատրաստում տակառը։

«Եթե պատրաստում ես կոնյակի համար, գույնը շոկոլադի կամ սուրճի գույնի պես է լինում, որպեսզի ակտիվ երևա։ Եթե գինու համար ես պատրաստում, կա գինու բաց վառված, մուգ վառված և միջին վառված։ Իսկ վիսկիինը առհասարակ մոխիր է, տակառի շերտը ածուխի պես է»,-նշում է տակառագործը։

Ասում է՝ երբ տակառը սկսում են այրել, անուշ հոտ է գալիս, շոկոլադի համեր են զգում։ Երբ շնչում են, զգում են, որ տակառն արդեն պատրաստ է կոնյակի սպիրտի համար։

Օշականը վարպետի համար հարազատ գյուղ է դարձել։ Տակառ պատրաստելու համար ամեն օր Երևանից հասնում է Օշական։ Ասում է՝ լավ է զգում այստեղ, սա իր երկրորդ տունն է։

Գինեգործությունը զարգացնող երկրում տակառագործությունը պահանջված մասնագիտություն է, բայց Հայաստանում տակառագործները շատ չեն, դրա համար էլ պետք է նախ լավ վարպետներ ունենալ։

«Գործարանի տնօրենը չի իջնելու տակառի մաղոց կտրի կամ տակառը նորոգի։ Պետք են մարդիկ, մասնագետներ, իսկ այդ մասնագետներին պետք է ստեղծել։ Ես էլ մեծ հաճույքով, ինչպես մեծ բանաստեղծ Համո Սահյանն էր ասում՝ մի բուռ շնորհք ունեմ։ Ես էլ մի բուռ շնորհք ունեմ, կարող եմ իմ շնորհքը բաժանել, որ երեխաները սովորեն։ Լավ մասնագիտությունը, գեղեցիկ մասնագիտություն է»,-ասում է վարպետը։

Այս ամենը վարպետի համար չնաշխարհիկ աշխարհ է, ամենագեղեցիկ գործերից մեկն է։ Ըստ նրա՝ ամեն մասնագիտություն այստեղ օգտագործվում է։

Քնարիկ Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել