«Քանի դեռ կա Հայոց Մարդասիրական ճեմարանը, կլինի նաև հնդկահայ գաղութը»․ Զաքարիա ծ․...

«Քանի դեռ կա Հայոց Մարդասիրական ճեմարանը, կլինի նաև հնդկահայ գաղութը»․ Զաքարիա ծ․ վարդապետ Բաղումյանի դասախոսությունը՝ նվիրված հնդկահայ գաղութին

724

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ նվիրված Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրման և գործունեության 200-ամյակին։ Բանախոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն էր, որ 2005-2008թթ. զբաղեցրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրենի պաշտոնը։

Դասախոսությունը յուրօրինակ ճանապարհորդություն էր հնդկահայ գաղութով, Հնդկաստանում գտնվող հայկական եկեղեցիներով և Հայոց Մարդասիրական ճեմարանով։ Ցուցադրվեցին շուրջ 100-ից ավելի լուսանկարներ, որոնք Հայր Զաքարիան անձամբ էր լուսանկարել ճեմարանում անցկացրած ծառայության ընթացքում։

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Հայկական գաղութի սկզբնավորումը Հնդկաստանում կարելի է համարել 17-րդ դարը։ Ընդհանրապես հնդկահայ գաղութի մասին խոսելիս մենք պետք է անդրադառնանք Բենգալիա նահանգին, որովհետև այստեղ են ընթացել բոլոր իրադարձությունները։ Բենգալիայի նահանգում առաջին անգամ հայերի մասին խոսվում է 1665 թվականին։ Կա կարծիք, որ հնդկահայ գաղութը վերընձյուղվում է պարսկահայ գաղութին, որովհետև հիմնականում իրանահայ առևտրականներն էին գալիս Հնդկաստան, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ, մինչ այդ առևտրականների գալը Հնդկաստանում արդեն հայեր կային։

Հայր Զաքարիայի խոսքով՝ Հնդկաստանում հայերը մեծ պատիվ են ունեցել, աշխատասեր, նպատակասլաց, առևտրական հոտառություն ունեցող մարդիկ են եղել, հատկապես կարողացել են լեզու գտնել տեղի իշխանությունների հետ․

– Հայերը մեծ ծաղկում են ապրում Մուղալ կայսրության օրոք, հրաշալի կարողանում են լեզու գտնել այս կայսրերի հետ։ Հետաքրքրական է, որ արդեն 1688 թվականին Խոջա Փանոս Քալանթարը պայմանագիր է կնքում բրիտանական արևելահնդկական ընկերության հետ, որով հայ առևտրականները նույն իրավունքներն էին ստանում, ինչ անգլիացիները։ Մենք տեսնում ենք նաև, որ այնքան էին հայերը մտերմացել պետական իշանության ներկայացուցիչների հետ, որ կարողանում էին այլ հարցեր էլ լուծել։ Օրինակ, երբ անգլիացիները ցանկանում էին ինչ-որ ձևով  խնդիրներ լուծել Մուղալ կայսրության հետ, նրանք անմիջապես դիմում էին Խոջա Իսրայել Սահրադին, ով հաշալի կապեր ուներ պետական ղեկավարների հետ և հենց ինքն էր միջնորդ հանդիսանում անգլիացիների համար։ Եվ պատկերացրեք՝ հայերը այնքան իրավունքներ ունեին, որ կարող էին ազատ ելումուտ անել, նրանց համար հարկերը ավելի քիչ էին։ Կայրսության մեջ նույնիսկ հայազգի պետական պաշտոնյաներ կային, որոնք վստահելի գործընկերներ էին և մեծ դերակատարություն ունեին։ Սա էր պատճառը, որ հայերը իրենց լավ էին զգում Հնդկաստանում։ 

Ծ․ վարդապետ Բաղումյանը անդրադարձավ նաև Գրիգոր Հարությունյանին, ով հնդկական աղբյուրներում հայտնի է Գորգին Խան անունով։ Այս մարդը հնդկահայ կյանքում նույն դերակատարությունն է ունեցել, ինչ Անդրանիկ Զորավարը մեր կյանքում։ Նա Բենգալիայում 1762-1763 թթ․ անգլիացի գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի առաջնորդն է։ Անգլիացիների դեմ տարած ամեն հաղթանակից հետո հնդկական դրոշի հետ նաև բարձրացվում էր հայկականը։ Մի քանի անգամ անգլիացիները փորձել են Գրիգորին կաշառել, իրենց կողմը ձգել, սակայն նա հավատարիմ է մնացել իր կոչմանն ու երբեք չի դավաճանել հնդիկներին։ Այսօր շատ է խոսվում հայի տեսակի մասին, սա հայի ճշմարիտ տեսակն է։

Գորգին Խան

Հայր Զաքարիան Հնդկաստանում իր ծառայության ընթացքում փորձել է շրջել հայաշատ գրեթե բոլոր տեղերով, շուրջ 3000-ից ավելի լուսանկարներ է արել, տպագրել հոդվածներ հնդկահայ գաղութի վերաբերյալ։ Խոսելով Մարդասիրական ճեմարանի մասին՝ շեշտեց, որ այն այսօր գործող Սփյուռքի ամենահին կրթօջախն է, որը հիմնադրվել է 1821 թվականին բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ճեմարանը պատմության ընթացքում հայտնի է եղել իր ռեգբիի թիմով, մի քանի անգամ դարձել են Բենգալիայի չեմպիոն։ Ներկայումս հաստատությունում սովորում են աշակերտներ Հայաստանից, Իրանից, Իրաքից, Մյանմարից, Ռուսաստանից և հենց Հնդկաստանից։ Այստեղ ամեն ինչ ստեղծված է ուսումը որակյալ կազմակերպելու համար։ Ճեմարանը իսկապես կարողանում է պահել հայկական շունչը Հնդկաստանում։

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Նաև անդրադարձ կատարվեց Հնդկաստանում կառուցված հայկական եկեղեցիներին․

– Մենք ունեցել ենք ժամանակին տասը եկեղեցիներ, որոնցից այսօր պահպանվել են յոթը՝ Կալկաթայում, Բոմբեյում, Մադրասում, Չինսուրայում, Սեյդաբադում, ժամանակին նաև ունեցել ենք մատուռներ Ագրայում, Սուրաթում և Նոր Դելիում։ Ես ստիպված կլինեմ ձեզ շատ գերեզմաններ ցույց տալ, որովհետև կենդանի մարդիկ քիչ են, մենք ստիպված ենք անցյալին անդրադառնալ։ Ցավոք, արձանագրություններով տապանաքարերը այլևս անընթեռնելի են կամ անձրևների պատճառով քայքայվում են,  և այսօր ցուցադրված լուսանկարների շատ արձանագրություններ այլևս չկան։

Այն ժամանակ մետաքսի կտորեղենի ամենակարևոր կենտրոնում՝ Սեյդաբադ քաղաքում, հայազգի Խոջա Պետրոսը կառուցում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հետաքրքրական է Խոջա Պետրոսի կերպարը, լինելով հզոր առևտրական՝ Հովսեփ Էմինը նրան անվանում էր «կալկաթահայերի աստված»։

– Սեյդաբադը այժմ ոչ ժամանակակից քաղաք է, սակայն, երբ հանկարծակի դու մտնում ես հայկական տարածք, տեսնում ես մի օազիս։ Սեյդաբադում այժմ հայեր չկան, բայց եկեղեցին կանգուն է, ճեմարանականները այցելում են,  այնտեղ պատարագ է կատարվում, նաև կացարան է կառուցվել, որպեսզի, եթե մարդիկ ցանկանան այցելել այստեղ, կարողանան մնալ մեկ-երկու օրով,- պատմում է ծ․ վարդապետ Բաղումյանը։

Պետրոս Ոսկան Վելիջանյան կամ Խոջա Պետրոս Ոսկան

Սեյդաբադից հետո հայերի ամենակարևոր բնակավայրերց մեկը Չինսուրա քաղաքն էր, որտեղ էլ գտնվում է 1695 թվականին կառուցված Բենգալիայի երկրորդ ամենահին եկեղեցին՝ Սուրբ Հովհաննեսը։ Այստեղ թաղված են Արցախի Գյուլիստան գավառի Մելիք-Բեգլարյանների տոհմի հետնորդները, որոնք հայտնի էին որպես հնէաբաններ։ Այստեղ է թաղված նաև Ղարաբաղի վերջին իշխանը։ Հետաքրքական է, որ նրանք մինչև այստեղ հասել են։

Չինսուրայի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Հայկական եկեղեցի է հիմնադրվել նաև Մումբայում՝ Սուրբ Պետրոսը, որը կառուցվել է 1796 թ․-ին Հակոբ Համադանցու օժանդակությամբ։ Նաև Դաքքա քաղաքում 1781 թ․-ին կառուցվել է  Սուրբ Հարություն եկեղեցին։

Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցի

Հաջորդը 1712 թ․-ին Մադրաս քաղաքում կառուցված եկեղեցին է Սուրբ Աստվածածինը, որտեղ գտնվում է Հարություն Շմավոնյանի գերեզմանը։

– Մադրասի բոլոր եկեղեցիներում կարող եք տեսնել հայկական արձանագրություններ և հայկական գերեզմաններ, սա խոսում է այն մասին, որ հայերը կարևոր դերակատարություն են ունեցել Մադրասում, այն մեզ համար եղել է ազատագրական պայքարի բնօրաններից մեկը,- նշում է Հայր Զաքարիան։

Մադրասի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Հաջորդ մեր կանգառը Կալկաթան է՝ Բենգալիա նահանգի սիրտը, որտեղ մինչ օրս գործում է 1707 թ․-ին Աղա Նազարի օժանդակությամբ կառուցված Սուրբ Նազարեթ եկեղեցին։ Այստեղ մինչև այսօր հնչում է աղոթք և պատարագ։ Սուրբ Նազարեթ եկեղեցում են գտնվում Հովսեփ Էմինի և Մասեհ Բաբաջանյանի գերեզմանները։ Բակում դրված է Շմավոնյանի կիսանդրին։ Սփյուռքում կառուցված Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը գտնվում է անմիջապես այս եկեղեցու կողքին։

Սուրբ Նազարեթ եկեղեցին և բակում կառուցված հուշակոթողը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 

Ծ․ վարդապետ Բաղումյանը նաև ներկայացրեց բացառիկ և կարևոր պատմական լուսանկար, որն արվել է 1917 թ․-ին  Ս. Նազարեթ եկեղեցու բակում Ջրօրհնեքի պատարագից հետո։

– Այս լուսանկարը մեզ պատկերացում է տալիս այն ժամանակվա կալկաթահայության, Հայոց Եկեղեցու հետ ունեցած նրանց սերտ կապի, Ս. Նազարեթի արտաքին տեսքի, հնդկահայերի հանդերձանքի մասին, այստեղ մենք տեսնում ենք կալկաթահայության ամբողջականությունը։

Շարունակելով բանախոսությունը Հայր Զաքարիան խոսեց Կալկաթայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին, որը հիմնադրվել է 1906 թ․-ին։ Խոջա Պետրոսի որդին՝ Աղա Հարություն Պետրոսը այս եկեղեցու կողքին հիմնել է հայկական բարեգործական տուն՝ աղքատանոց, որտեղ մինչ այժմ ապրում են տարեց մարդիկ։ Աղքատանոց ասվածը եվրոպական ստանդարներով հրաշալի կացարան է։ Այս եկեղեցում է թաղված Մեսրովբ Սեթը՝ եզակի անձնավորություն, ում պարտական ենք հնդկահայոց կյանքի մասին շատ տեղեկություններ ունենալու համար։ Մեսրովբ Սեթը հավաքել է հայկական բոլոր գերեզմանների արձանագրությունները, իր հոդվածները կարող ենք տեսնել ժամանակի Կալկաթայի մամուլում։ Դժբախտաբար կյանքի վերջում մնացել է միայնակ և իրեն խնամող հնդիկ կինը այրել է բոլոր իր աշխատությունները։

Մեսրովբ Սեթ

Ծ․ վարդապետ Բաղումյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավագույն դեպքում Հնդկաստանում ապրել են 3000 հայեր, չի եղել շատ ավելին,  գաղութը մնայուն գրեթե չի եղել։ Հետևաբար հնդկահայերին այսօր մենք տեսնում ենք հիմնականում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում։ Սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է նաև Հնդկաստանի բնակլիմայական պայմաններով, հայերը չէին կարողանում դիմանալ, գերադասում էին բիզնես գործունեություն ծավալել Հնդկաստանում, իսկ գումարները ծախսել այլ երկրներում։ Այժմ Հնդկաստանում ապրում են 200 հայեր։

– Զարմանալի հետաքրքրական պատմություն ունի այս գաղութը։ Այստեղ վերելքներն ու անկումները միասին են։ Զարմանալիորեն հնդկահայ գաղութը մեծ սիրով կապված է եղել Սուրբ Էջմիածնին, կա անմնացորդ սեր և հավատարմություն Մայր Աթոռի հանդեպ։ Որտեղ եկեղեցի ենք կառուցել, դրա կողքին կառուցել ենք նաև դպրոց։ Ես այն մտածումն ունեմ, որ քանի դեռ կա մարդասիրական ճեմարանը, կլինի նաև հնդկահայ գաղութը, այն միակ հայախոս և հայաշունչ տեղն է, որը լուրջ դերակատարություն ունի Հնդկաստանի հայ համայնքի պահպանման և զարգացման գործում,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Հայր Զաքարիան։

Դասախոսությանը զուգահեռ փոքր ցուցասրահում բացվել էր «Կալկաթայի հայկական տպարանները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված էին անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Կալկաթայում ժամանակին գործող տպարանների՝ «Հայկական մարդասիրական ճեմարանի», «Ազգասիրի Արարատյան ընկերության», «Անգլիական Եպիսկոպոսական ճեմարանի», «Ավետ Ջնթլումեանի», «Խաչկեան Քահանայի», «Կ. Պոլսոյ Առևտրական սենեկի լրագրոյ», «Միսիոներների Յովսէփ Ստեփանոսեան», «Ս. Նազարէթ եկեղեցու», «Վիջէնեանի Արծիվ», «Օլիմպյան Պրես» ավելի քան 40  հրատարակություն՝ գրքեր և ամսագրեր։

Սոնա Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել