Journalist.am–ի զրուցակիցն է «Ֆրիլանսինգ» ֆեյսբուքյան խմբի հեղինակ Հայկուհի Ոսկանյանը։ Հայկուհին ֆրիլանս աշխատանքով զբաղվում է 2017 թվականից։ Ստեղծել ու վարում է «Ֆրիլանսինգ» ֆեյսբուքյան խումբը, որի շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ, դասընթացներ: Հայաստանում համագործակցել է մի շարք կազմակերպությունների ու անհատների հետ։ Համատեղ աշխատել է Բելգիայի ֆրիլանս համայնքի հետ և հրապարակել ֆրիլանսերների համար օգտակար ուղեցույց գրքույկը։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆրիլանս աշխատանքը։
-Ֆրիլանսը աշխատելաոճ է, որը կյանքի նոր որակ է ստեղծում նրա համար, ով չի ուզում ապրել ամենօրյա նույն՝ լճացված առօրյայով, ով չի ուզում մտահոգվել առավոտյան գործից ուշանալու, պատշաճ հագուստ հագնելու, տրանսպորտից օգտվելու համար, ով նյարդայնանում է աշխատավայրում ունեցած կոնֆլիկտների, ժամավաճառության, ընդմիջմանը սնվելու անհարմարությունների, ղեկավարից կախման մեջ գտնվելու, սեփական նախաձեռնության կիրառման անհնարինության կամ ոչ ոգևորող աշխատանքով զբաղվելու, ինչպես նաև՝ հարազատների, ընկերների, ճամփորդելու կամ հետաքրքրող ժամանցի ու զվարճանքի համար ոչ միայն ժամանակ, այլև՝ անհրաժեշտ գումար չունենալու պատճառներով։ Սա կյանքի նոր որակ է ստեղծում նաև նրանց համար, ովքեր հուսահատվում, անլիարժեք են զգում իրենց՝ սեփական ունակությունները բացահայտելու հնարավորություններ չունենալու կամ նպատակների ու հնարավորությունների անհամատեղելիության պատճառով։
Ճիշտ կազմակերպված ֆրիլանս աշխատանքը վերջ է դնում և փակում սթրեսային ու կոնֆլիկտային այս ողջ ռիսկերի ճանապարհը։
-Ինչպե՞ս գտաք ու սկսեցիք աշխատել այս ձևաչափով:
-Անկեղծ կլինեմ․․․ Տարիներ առաջ առանց աշխատանք մնալու վախը ստիպեց ինձ համացանցում փնտրել ու գտնել աշխատանքներ, ու ինձ համար բացահայտեցի ֆրիլանսի աշխարհը։
Սկզբում չէի հավատում, որ այն՝ ինչ այդ ուղղությամբ ուսումնասիրում էի համացանցում, դա իրականություն է։ Մտածում էի, որ եթե այսքան հեշտ է այս ոճով աշխատելը, ինչու՞ մարդիկ չեն աշխատում։ Միայն հետո, երբ ինքս արդեն այս հարթակում բավականին կայացել էի, հարցիս պատասխանները այսպես ձևակերպեցի․
1․ Տեղեկացված չեն։
Իմ միջոցներով սկսեցի անվճար դասընթացներ կազմակերպել, բացատրել, օգնել ցանկացողերին։
2․ Տեղեկացված են, ունեն պահանջված գիտելիքներն ու հմտությունները, սակայն գրագետ չեն աշխատում ֆրիլանս համայնքում։
3․ Տեղեկացված են, չունեն պահանջված հմտությունները, բայց չեն էլ փորձում վերապատրաստվել կամ աճել, այլ՝ ուզում են այդ թերի հմտություններով մտնել ֆրիլանս աշխարհ։
-Ինչպե՞ս եք գտնում գործատուներ։
-Գործատուներն ամենուր են։ Նրանց գտնելու համար առաջնային նշանակություն ունի ինքն իրեն տրվող հետևյալ հարցը՝ ի՞նչ կարող եմ առաջարկել ես գործատուին։ Այս հարցին անկեղծորեն և լրջորեն մոտեցողը, երբ գտնի նրա պատասխանը, կգտնի նաև իր գործատուին։
Օրինակ, եթե անգլերենից իսպաներենի թարգմանիչ ես, ապա քո գործատուին հեշտությամբ կարող ես գտնել ամերիկյան աշխատաշուկայում։ Տեղանքը հասկանալուց հետ պետք է գտնես այն բիզնես ոլորտները, որոնց համար կարող ես թարգմանիչ աշխատել։
Օրինակ, այս թագմանիչը կարող է փնտրել իսպաներեն լեզվով համակարգչային խաղ ստեղծող ամերիկյան ընկերություններ։
Ֆրիլանս աշխարհում ընդունված է օգտվել նաև ֆրիլանս հարթակներից, որոնք ունեն գրանցվելու գրագետ եղանակները։
Գործատուին գտնելը հեշտ է, դժվարը համոզիչ լինելն է։
-Պատմեք Ձեր առաջին հեռավար աշխատանքի մասին:
-Դժվար է ստանալ առաջին աշխատանքը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր «աշխատաշուկայի մշակույթը»։ Որպես ֆրիլանսեր պետք է կարողանաս դիմելուց առաջ մտածել իրենց նման և դիմել այդ մտածողությանը համապատասխան ձևով։ Դա էր պատճառը, որ 7 ամիս հետո կարողացա սկսել իմ առաջին աշխատանքը ֆրիլանս աշխարհում։
Ինձ համար ցնծություն էր, քանի որ կարողացել էի պայմանագիր կնքել Վաշինգթոնի համալսարանի դասախոսներից մեկի հետ։ Աշխատանքս մարքեթինգի բաժնում էր։
Ֆրիլանս աշխարհում գործատուները լավ համագործակցությունից հետո տարբեր նախագծեր են առաջարկում կամ խորհուրդ են տալիս պայմանագիր կնքել բիզնես ունեցող իրենց ընկերների հետ։
-Արդյոք հե՞շտ է Հայաստանում գտնել ֆրիլանս աշխատանք։
-Ոչ, հեշտ չէ։
-Որո՞նք են ֆրիլանսի առավելություններն ու թերությունները:
Առավելություններն են՝
- Աշխատանքային ազատ գրաֆիկ ունենալը։
- Աշխարհը բաց է դառնում ձեր առջև՝ նոր հետաքրքրություններ զարգացնելու, հմտանալու, սիրած թեմայի կամ մասնագիտության շուրջն աշխատելով բավականություն ստանալու համար։
- Հնարավորություն է ընձեռվում ֆինանսապես ապահովված լինելու։
- Քայլ է՝ սեփական գործն սկսելու, կարիերիա ստեղծելու, նույն տեղում չդոփելու և ավելի առաջ գնալու համար։
- Այս դեպքում վերանում են տրանսպորտից օգտվելու, հարմար հագուստով աշխատանքի ներկայանալու, աշխատավայրում փոխհարաբերություններ կարգավորելու և այլ խնդիրներ։
- Ինքներդ եք դառնում աշխատանքի ձեր ղեկավարը, այն կանոնակարգողը, ծրագրավորողը, ոչ մեկին պատասխան չեք տալիս կամ թույլտվություն հարցնում թե՛ բացակայության, թե՛ ձեր նոր գաղափարները ներդնելու և այլնի համար։
Թերությունները՝
- Դուք եք վճարողը աշխատանքին անհրաժեշտ ամեն ինչի համար /տեխնիկայի ձեռքբերում, աշխատատեղի կահավորում, վերապատրաստում, առանց գործուղման ճամփորդություն․․․
- Դուք եք գտնում ձեր գործատուին, գործընկերներին, հաճախորդներին, նրանց հետ գալիս փոխադարձ համաձայնությունների։
- Ստիպված եք լինում շատ ուսումնասիրել, մասնակցել թրենինգների, անընդհատ սովորել մրցունակ լինելու համար, որովհետև այս աշխատելաոճում փոփոխություններն անընդհատ են։
-Ո՞ր հատկությունները կարող են խանգարել հաջողակ ֆրիլանսեր դառնալուն: Օրինակ՝ էքստրովերտը կարո՞ղ է ֆրիլանսեր լինել։
Ֆրիլանսն անհամատեղելի է՝
- Անպարտաճանաչ լինելու հետ
- Ծուլության հետ
- Ինքնագործունեություն ցուցաբերելու հետ, որը շատ է նյարդայնացնում գործատուներին։
Հաճախ հանդիպում են մասնագետներ, ովքեր տիրապետելով աշխատանքին, չեն կարողանում ճիշտ ներկայանալ։ Սակայն սխալ եմ համարում այս ամենը հստակ ձևակերպել որպես անձի հոգեբանական առանձնահատկության հետևանք։
-Դուք միայնություն զգու՞մ եք ֆրիլանս աշխատելիս։
-Ես միայնություն չեմ զգում ֆրիլանս աշխարհում։
–Իդեալական ֆրիլանսեր. Ինչպիսի՞ն նա պետք է լինի։
Ֆրիլանսերի համար պահանջված է
- Լեզվի իմացությունը
Միջինից բարձր պետք է տիրապետել այն լեզուներին, որոնց շնորհիվ կարող եք ընդհանուր քննարկումներ իրականացնել (Բացառություն է writing աշխատանքները)։
- Ինքնակազմակերպված լինելը
Կարգավորել ժամային պահանջները, լինել խիստ ինքներդ ձեր նկատմամբ, «մատերի արանքով» չնայել եւ միշտ ինքնավերապատրաստվել։
- Չծուլանալը
Նույնիսկ մի ծուլացեք ամենափոքր քայլերում։ Դա կլինի նամակ գրելը, թե ամբողջ աշխատանքը ավարտին հասցնելը, նույն պատասխանատավությամբ մոտեցեք այդ ամենին։
- Դիվանագետ լինելը
Ֆրիլանս աշխարհում շփվում են տարբեր մշակույթ, դաստիարակություն, կրթություն և փորձ ունեցող մարդիկ։ Անհրաժեշտ է շփման մեջ լինել ավելի պարզ և հարգալից։
- Մասնագիտական պորտֆոլիո ունենալը։
-Կարո՞ղ եք մի քանի խորհուրդ տալ նրանց, ովքեր նոր են սկսում ֆրիլանս աշխատել:
-Երբեք չմտածեք, որ ֆրիլանս աշխատանք կարող են ստանալ թերի հմտություններով ու գիտելիքներով մասնագետները։ Անպայման լավ ու մրցակից մասնագետ դարձեք։
Լուրջ և գրագետ մոտեցում ցուցաբերեք աշխատանքային բոլոր հարաբերություններին։
-Ի՞նչ առաջարկ ունեք Հայաստանում ֆրիլանս աշխատելաոճի հետ կապված։
-Իմ բոլոր դասընթացների ժամանակ խոսում եմ իմ առաջարկի կամ ցանկության մասին։
Շատ երկրներ ունեն պետական ֆրիլանս հարթակ, որը պետականորեն են առաջխաղացնում և օգնում են իրենց երկրի ֆրիլանսերներին գործատուներ գտնելու հարցում։ Այսինքն՝ ֆրիլանսերը հեշտությամբ է աշխատանք գտնում։
Սա իրական ցանկություն է, և հուսով եմ, որ մի օր կունենանք պետական ֆրիլանս հարթակ, որը կհեշտացնի մեր՝ ֆրիլանսերների աշխատանքը։
Իսկ ընդհանրապես, ֆրիլանսը ունի խնդիրներ, որոնց լուծման համար դարձյալ ունենք պետական աջակցության կարիքը։ Օրինակ՝ գլոբալ վճարային համակարգերի ներդրումը, որով աշխատում են այլ երկրներում։
Հայաստանի ֆրիլանս համայնքը մեծ չէ, բայց կան պատրաստված ու հմուտ ֆրիլանսերներ։
Ինձ համար երազանք է, որ ունենանք գրագետ ֆրիլանս համայնք։ Համոզված եմ, երբ լայն տարածում գտնի գրագետ ֆրիլանս աշխատելաոճը, անպայման հայաստանյան աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի փոփոխություն կլինի։ Գաղտնիք չէ, որ շատերը ավարտելուց հետո չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատել, իսկ ֆրիլանսի տարածումը կօգնի բալանսավորել, շտկել այդ անցանկալի իրողությունը։
Տաթևիկ Գաբրիելյան
4-րդ կուրս