Լիլիթ Խաչատուրյանը ճանապարհորդ բլոգեր է, ով իր հետևորդներին պատմում է Հայաստանի և Արցախի, նրանց գողտրիկ անկյունների ու չբացահայտված վայրերի մասին: Journalist.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է առաջին ճամփորդական բլոգինգի, չբացահայտված վայրերի և դրսից արձագանքներ ստանալու մասին:
–Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ ճամփորդական բլոգներ գրելու մտահաղացումը:
-Բլոգ դեռևս երեք տարի առաջ ունեի, հրապարակում էի հայտնի մարդկանց հետ հարցազրույցներ: Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեում աշխատանքի ընդունվելուց հետո բլոգը վարելու ժամանակ չմնաց: Պետական աշխատանքից դուրս գալուց հետո վերսկսեցի բլոգի աշխատանքները` այս անգամ ճանապարհորդությունների ֆորմատով։ Հայաստանով շատ ճանապարհորդելը ստիպեց հասկանալ, որ մենք ունենք հետաքրքրիր կերպարներ, նախաձեռնություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել, բայց սա գիտակցում ես, երբ մի լավ ճանապարհորդում ես երկրում ու տեսնում ես այն, ինչը սովորաբար չես նկատում այս կամ այն շրջանի հետ մակերեսային ծանոթության ժամանակ։ Ինձ պետք էր մի հարթակ՝ ճանապարհորդությունների օրագիր՝ իմ տեսածը, զգացածը և ապրածը զետեղելու համար։
-Ո՞րն է եղել Ձեր առաջին ճամփորդական բլոգը և ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք այդ ճամփորդությունից:
– Ջերմուկն էր առաջին վայրը, որ գնացի։ Հոդվածս սկսվում է այսպես ․․․․ Ճանապարհորդությունս սկսվեց հենց մեր բակից, վարորդը պատրաստակամություն հայտնեց գալ և ինձ տան մոտից վերցնել։ Հասկացել եմ մի բան, որ տաքսիով ճանապարհորդելը նման է լոտոյի, կամ շահում ես, կամ՝ ոչ, միայն ասեմ, որ դեռ բախտավոր քարտ չեմ հանդիպել: Յոթ տեղանոց ավտոմեքենան մեծ ընտանիք էր, իսկ ես` անկոչ հյուր։ Ջերմուկցիներ, ովքեր միմյանց մինչև յոթ պորտը ճանաչում էին, գիտեին յուրաքանչյուրի խնդիրները, վարկային պատմությունները, վերցրած ապառիկը, հոգսերը, կյանքից սպասելիքները: Մի բան էլ հասկացա, որ մարզային տաքսին, դա նույն տեղեկատվական կենտրոնն է, բացի քարտեզից տրամադրում են ցանկացած տեղեկատվություն։
Վերջին շրջանում կերպարային փոփոխության պատճառով շատ հաճախ շփոթում են օտարերկրացու հետ, հեռվից ռուսերենով արձագանքում են, իսկ երբ հայերեն բարևում և շարունակում եմ խոսել, զարմանում են: Ամեն մի ճանապարհորդություն իրեն յուրահատուկ զվարճալի պատմություններ ունի: Մի գյուղում տուն հրավիրեցին, հարևանները եկան, շատ ուշ հասկացա, որ ինձ գյուղում չամուսնացած տղայի համար են տնտղում, ի դեպ տղայի մայրն էլ էր ներկա: Մեկ այլ գյուղում հյուր էինք մի տանը. մեզ ընդունեցին, հյուրասիրեցին ու զգում եմ՝ տան կինն անհանգիստ է, ասում եմ՝ ի՞նչ խնդիր կա, պատասխանում է՝ «ճիշտն ասած, ամուսնուս եմ սպասում ու պիտի տոլմա փաթաթեմ», ասեցի՝ բերեք: Նստեցինք, զրուցեցինք, միասին փաթաթեցինք։
–Օտարերկրացիների կողմից արձագանքներ ստանու՞մ եք:
-Այո, օտարերկրացիների արձագանքը շատ նկատելի է ինստագրամում, երբ Հայաստանից լուսանկար եմ տեղադրում։ Մեծ ընթերցողների խումբ ու մեծ արձագանք ունեմ Սփյուռքից։ Նրանք շատ ջերմ են արտահայտվում, գրում են, որ բլոգս Հայաստանի կարոտն առնելու, Հայաստանում շրջելու, զգալու ու ապրելու տարբերակ է։
–Ի՞նչ եք կարծում, ներքին զբոսաշրջությունը զարգացա՞ծ է :
-Տուրիզմը Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտներից է: Տուրիստական ընկերությունները, հյուրանոցային ու հանրային սննդի օբյեկտները համավարակի տարածման ու փակ սահմանների հետևանքով շրջանառության ու եկամուտների շեշտակի անկում գրանցեցին: Բայց այս ամենի հետ մեկտեղ դրական կողմ էլ կար, վերջապես հայերը սկսեցին ճանապարհորդել Հայաստանում ու ճանաչել Հայաստանը։ Պանդեմիան հնարավորություն ստեղծեց որպեսզի հայաստանաբնակը ճանապարհորդի Հայաստանում, և բացահայտնի Հայաստանի ներուժը: Մի քիչ կծու կհնչի, սակայն կարծում եմ, որ պանդեմիայի ընթացքում Հայաստանը ճանաչելուց զատ, Հայաստանաբնակները միմյանց հետ ծանոթացան։
-Կա՞ ինչ-որ վայր, որի պատմությունը ամենաշատն եք ուսումնասիրել, բայց այդ վայրում դեռ չեք եղել:
-Այո, Հին Խոտն է, Սյունիքի մարզում, սպասում եմ գարնանը, այս պահին էլ կարող եմ այցելություն իրականացնել, բայց այն հույզերը չեմ ունենա, վստահ եմ, ինչ կլինի գարնանը, երբ բնությունը զարթոնք կապրի։
–Ո՞ր վայրն է ամենաշատը տպավորել Ձեզ և ի՞նչ բացահայտում եք արել այդ տեղի հետ կապված:
-Դժվարանում եմ պատասխանել, որովհետև յուրաքանչյուր վայր, կապ չունի նոր կամ կրկնվող այցելությունից հետո ես սիրահարվում եմ նրան, բայց մեծ դժվարությամբ կառաձնացնեմ:
Գյումրի՝ Եզակի և յուրօրինակ։ Գյումրին բացառիկ մարդկանցով ու պատմությամբ հարուստ քաղաք է, եթե մեկ անգամ այստեղ գտնվեք, այն ստիպելու է միշտ ետ վերադառնալ։
Օպերայի առաջին շենք, օժիտի տուն, դռներ ու պատուհաններ, հայտնի հայկական ֆիլմերի նկարահանման վայրեր, բերդեր, թանգարաններ ու շատ այլ հետաքրքիր երևույթներ, որոնց համար արժե գալ Գյումրի։ Ինքս հաճախակի եմ լինում այս վայրում, ինչո՞ւ, որովհետև Գյումրին երբեք չի կրկնվում։
Խուստուփ։ Այս ճանապարհորդության ընթացքում նկատեցի Սյունյաց լեռների եզակիությունը՝ խրոխտ ու անառիկ, հեռվում ռազմիկների նման շարք կազմած, վեր խոյացած, պերճ, պարծանքի զգացումով լցված հետևում էին մեզ ու մեր շարժումներին։ Մարդկային պատմությունների ինչքա՜ն ահռելի և մեծ պաշար են կրում իրենց մեջ, մեզ նման քանիսին են դիմավորել, լսել պատմություններ և ճանապարհել լռությամբ՝ զուրկ մեծամտությունից։ Լեռների աշխարհում մենք աննկատ, մի փոքր զանգված ենք և եթե մի պահ աչքերդ փակես և լսողությունդ սրես, կնկատես քեզ հետ ապրող զուգահեռ կյանքը, միջատների ժրաջան աշխատանք, թռչունների օրինաչափ թռիչք, քամու ու բուսականության ներդաշնակ, ժամանակ առ ժամանակ կռվին նմանվող բախումներն ու զրույցները։
Ռեալական ուսումնարան։ Հայկական Հոգվարթս՝ մոգության և հրաշագործության դպրոց: Ցավոք, այսօր այն մեր տարածքում չէ՝ Շուշիում է, սակայն այն միշտ կմնա այս թոփ սիրելի վայրերից մեկը։ Ինքս սիրում եմ մարզերով շրջել և լքված վայրեր այցելել, գրեթե ճանապարհորդությանս ամենամեծ հատվածը հենց այդ վայրերում էլ անցնում է. կինոդահլիճ, լողավազան, գրադարան, ամառանոց, ավերված շինություններ, պահպանված յուրահատուկ աուրա, հետաքրքիրն այն է, որ այս վայրերը հայերին միջազգային հարթակներից հայտնի դարձան։ Աշխարհի բոլոր հատվածներից այստեղ են ժամանում հազարավոր զբսաշրջիկներ՝ գնահատելու ավերված շինությունների ողջ հմայքը։
Ուղտասար։ Դեպի քաղաքակրթության սկիզբ Ուղտասարը յուրահատուկ բացօթյա թանգարան է։ Վայր, որի միջոցով բացահայտվում է հին հայերի սովորույթները, կենցաղն ու կյանքը, բազմաթիվ նախապատմական ժայռապատկերներ, որոնք 4000-7000 տարեկան են։ Սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունները, որոնցից մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված են ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Քարերի վրա պատկերված են մարդիկ` որսի, հողի մշակման, մրցույթների, մարտական և պարային տեսարաններում։ Առկա են կենդանիների բազմաթիվ պատկերներ` վայրի և ընտանի բիզոններ, այծեր, մուֆլոններ, ջեյրաններ, եղնիկներ։
Կաչաղակաբերդ։ Ասք բերդի մասին, բարձր անտառապատ բլրի վրա անհնար է չնկատել կտրուկ վեր խոյացող մի լեռան գագաթ: Փարթամ բնությունը ձեզ կտեղափոխի հրաշագործների աշխարհ, կսկսեք մտածել անտառում բնակվող բարի օդային ոգիների գոյության մասին: Դուք բացում եք դուռը, անցնում շեմը և հայտնվում հիանալի կախարդական աշխարհում, վայր, որտեղ կենդանի բույսեր են, թռչուններ, իսկ յուրաքանչյուր անկյուն կարող է մի ակնթարթում վերածվել հեքիաթի: Բերդի ընդգրկած տարածքը հեռվից նայելիս փոքր կթվա, բայց իրականում բավականաչափ մեծ է: Ամրոցի տարածքը բավականին ընդարձակ է: Մինչ օրս պահպանվել են ամրոցի որոշ սրահները, ժայռերի մեջ փորած գաղտնամուտքերը և պահեստները, ինչպես նաև հրակնատները, որտեղից քարկոծում էին թշնամիներին։
Աննա Խռոյան
4-րդ կուրս