ՑԱՎՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԺՎԱՐ ՊԱՏՄԵԼԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՑԱՎՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԺՎԱՐ ՊԱՏՄԵԼԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

1556

Թանգարանային գիշերը յուրահատուկ տոն է արվեստասերներին համախմբելու, մշակույթին մոտ գտնվելու և արվեստի մթնոլորտում համընդհանուր տոնակատարության մասնակիցը լինելու համար:

Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսը 18-ը նշվում է, որպես թանգարանների միջազգային օր: Հետագայում այդ տոնին ավելացավ նաև «Թանգարանային գիշեր» համաեվրոպական տոնակատարությունը, որը ամեն տարի նշվում է մայիսի 20-ին:

Վերջին տասներեք տարում Հայաստանում շատ մեծ շուքով նշում է այս օրը և տոնին մասնակցում են 100-ից ավելի թանգարաններ` տարբեր մարզերից: Սա հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է: Տարեցտարի մեծանում են մասնակցող թանգարանների թիվը, կազմելով արդեն 113-ը: Այս տարվա կարգախոսն է «Ցավոտ պատմություններ: Դժվար պատմելին թանգարաններում»: Աշխարհի ավելի քան 30 հազար թանգարաններ հանդես կգան թեմային համահունչ միջոցառումներով: Թեմայի նպատակը համամարդկային խնդիրներին անդրադառնալն է:

Միջոցառման շրջանակներում գրեթե բոլոր թանգարանները հետաքրքիր ցուցադրություններ, դասախոսություններ, երաժշտական և ժամանցային ծրագրեր էին պատրաստել արվեստասերների համար: Կներկայացնենք մի քանիսը.

Հայ պատմության թանգարանը միշտ էլ եղել է հայ հասարակության ուշադրության կենտրոնում է: Թանգարանն ամբողջությամբ մշակութային ժառանգություն է, քանի որ ցուցադրված են Հայաստանի պատմության բոլոր էջերը: Այս եռօրյա տոների շրջանակներում թանգարանը լիքն էր մարդկանցով: Իհարկե նկատելի է նաև, որ  այցելուներից շատերը օտարերկրացիներ են, ովքեր փորձում են ծանոթանալ հայերի պատմությանը: Այս թանգարանը մոտ մնալով թեմային և խորագրին հանրությանը ներկայացրեց «Պատմության սև էջը 1915» խորագրով ցուցահանդեսը, որին հաջորդեց մոմավառություն՝ անմեղ զոհերի հիշատակին: Մինչև կեսգիշեր շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի թանգարան:

Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանը ևս չէր կարող անտարբեր թողնել մարդկանց: Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված  բանաստեղծի մահվան 30-ամյակին: Այստեղ պահվում են Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակների  ավելի քան 18.000 ցուցանմուշներ:Հուշային բաժնում   Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանն է` վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։

Թանգարանում ցուցադրված է նաև  բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

Տոնի առիթով այս թանգարանը ևս հանդես եկավ թեմային որոշակի մոտ ծրագրերով: Վերջինս ներկայացրեց Ավրորա մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ «Բարություն,  մարդասիրություն, ինչպես նաև «1937 թվականի Թումանյանի զավակները ստալինյան բռնաճնշումների զոհ» խորագրերով ցուցահանդեսները: Ավելի ուշ տուն- թանգարանի բակում փոքրիկ երաժշտական համերգով հանդես եկան պատանի երաժիշտներ, նվագելով հայկական գործիքներ և ջութակ: Մարդիկ երկար պտտվում էին թանգարանում, դպրոցահասակ երեխաները հետաքրքրությամբ զննում էին ցուցասրահը:

Բավականին հետաքրքիր մթնոլորտ էր նաև Երվանդ Քոչարի թանգարանում: Քոչարի թանգարանում միանգամից երևում է նրա սերը Եվրոպայի:  Նույնիսկ նրա կտավներում և քանդակներում զգացվում է  հատկապես Ֆրանսիայի շունչը: Այս տարվա «Ցավոտ պատմություններ: Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի շրջանակներում ներկայացված էր Ե. Քոչարի՝ բանտում ստեղծած «Մովսես Մովսիսյան դիմանկարը 1942 թվական» և «90 տարի անց Մաեստրո Քոչարի փարիզյան առաջին ցուցահանդեսը»: Նրա աշխատանքները գրավում են մարդկանց իր յուրօրինակությամբ: Նա սկսել է նկարել դեռ մանկուց՝ 13 տարեկանից և իր ողջ գործունեության ընթացքում իրեն փորձել է նկարչության բազում տեսակներում, փնտրելով իր ոճը, իրեն հոգեհարազատ տեսակը: Մեծաքանակ զբոսաշրջիկները ևս հիանում էին Քոչարի երևակայությամբ և օրիգինալ գաղափարներով:

Երևանի բոլոր թանգարանները ինչ-որ կերպով կարողացան բավարարել հանրության սպասելիքները և թանգարանային գիշերը իսկապես վերածել տոնի, քանի որ այդքան հայի մեկ տեղում, մեկ գաղափարի շուրջ  համախմբել հաճախակի չի կարող կրկնվել:

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել