Հարցազրույց Tik Tok –յան բլոգեր Ազնիվ Ավագյանի հետ

Հարցազրույց Tik Tok –յան բլոգեր Ազնիվ Ավագյանի հետ

829

Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Ես Ազնիվն եմ, ով տիկտոկյան հարթակում հայտնի  է «Ազնիվ աղջիկ» անունով: 24  տարեկան եմ։ Ավարտել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ռադիոտեխնիկա և շարժական կապի համակարգեր բաժինը։ Սովորել և ավարտել եմ գերազանց, սակայն ասել, որ սիրել եմ մասնագիտությունս, սուտ կլինի։  Շուրջ 12 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտային պարերով։ Դա իմ տարերքն էր, սակայն չհասցնելով համատեղել համալսարանի դասերիս հետ՝  ստիպված եղա թողնել պարը։ 

-Ինչու՞ որոշեցիք այսքան մասնագիտությունների կողքին Tik Tok-ի  էջ ունենալ:

-Tik Tok-ը բացել եմ կարանտինի ժամանակ, երբ ամբողջ օրը տանն էի և ուզում էի մի բանով զբաղվել, ցրվել: Այս ժամանակահատվածում կարծում եմ դա լավագույն տարբերակներից էր և ինձ հետաքրքրել էր:

-Ինչպիսի՞ վիդեոներ եք հիմնականում նկարում:

-Հիմնականում նկարում եմ հումորային, պարային տեսանյութեր, դիմահարդարման հետ կապված, նաև  դեկորատիվ և կերպարային դիմահարդարումների, որոնք նույնպես սիրվեցին: Սակայն կան այսպես կոչված «թրենդներ», որոնք ոչ բոլորն եմ նկարում: Եթե երգը կամ տվյալ  թրենդի  մասին պարային շարժումները ինձ դուր չգան, ապա ինձ չեն հետաքրքրի դիտումներն ու հավանումները: Ես ուղակի չեմ անի:

-Դուք ունեք մեծ թվով հետևորդներ: Ինչպե՞ս եք վերաբերվում բացասական մեկնաբանություններին:

-Սկզբի շրջանում բացասական մեկնաբանությունները շատ խորը ազդեցություն էին թողնում ինձ վրա: Կարող էի շատ խորը վիրավորվել և արտասվել։ Նույնիսկ միտք է եղել ջնջել տիկ տոկը։ Հետո հասկացա, որ չար մարդիկ շատ են և անիմաստ է նրանց փորձել ինչ-որ բան ապացուցել. դու չես կարող բոլորին դուր գալ:

-Քանի՞ տարի է, որ բնակվում ես ԱՄՆում:

-Արդեն 3 տարի է ինչ ապրում եմ ԱՄՆ-ում։ Սկզբում չէի հարմարվում, կարոտը խեղդում էր, բայց, ընկնելով հունի մեջ, չհասկացա, թե ինչպես անցավ ժամանակը։ Ամռանը մեկ ամսով այցելել էի Հայաստան՝ կարոտս առնելու, բայց եթե կարողանայի, մի քանի ամիս ավել կմնայի:

-Դուք  նաև զբաղվում եք դերասանությամբ. ինչպե՞ս որոշեցիք նկարահանվել,  այն էլ օտար երկրում:

-Դերասանուհի դառնալը եղել է իմ մանկության երազանքը, սակայն խիստ ընտանիքում մեծանալու պատճառով ես փակել էի այդ էջը ինձ համար։ Ամուսնուս հետ ծանոթանալու ընթացքում պատմեցի երազանքներիս մասին, և նա խորհուրդ տվեց հասնել դրանց: Սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ և երբ են տեղի ունենում ֆիլմերի և հեռուստասերիալների քասթինգներ։ Այնուհետև առաջարկ եղավ Անուշ Պետրոսյանի կողմից «Սոսի Լոսը» սիթքոմում մարմնավորել Սարգիսի քարտուղարուհու կերպարը։ Գլխավոր դեր չէր, այլ, կարելի է ասել, փորձնական, որպեսզի հասկանայինք՝ արդյոք կստացվի ինչ-որ բան ինձ մոտ, թե՝ ոչ։ Հետո սկսեցի դասերի գնալ Անուշ Պետրոսյան քասթինգ դպրոց, և որոշ ժամանակ անց արդեն եղավ «Սոսի Լոս 2 » սիթքոմը, անտեղ մարմնավորեցի Լյուսիի կերպարը:

Ո՞ր սիթքոմներում եք նկարահանվել և ի՞նչ կերպարներ եսք մարմնավորել:

-«Սոսլանդիա» նախագծում ևս մասնակցել եմ, նկարահանվել եմ  երկու փոքր հատված։ Այս նախագծում եղել եմ դերասանների գրիմը ապահովողը՝ գրիմյոռը։ Նոր նախագիծ նույնպես կա, որը կոչվում է «9-րդ դպրոց»։ Գլխավոր հերոսին մարմնավորում է Վաչե Ամարյանը։ Այստեղ մարմնավորում եմ դպրոցի տնօրենի օգնականի՝ Աստղիկի կերպարը:  Ցավոք, որոշակի խնդիրների  պատճառով կիսատ թողեցի այս կերպարս։

-Առաջիկայում կան նոր նախագծեր, որտեղ նկարահանվելու եք:

-Հետագայում չեմ կարող ասել՝  կլինեն արդյոք նոր առաջարկներ, թե ոչ, և  չգիտեմ՝ կնկարահանվեմ կրկին ինչ որ նախագծում:  Ամեն դեպքում, անսահման երջանիկ էի, կարելի էր ասել՝ նպատակներս իրագործվում էին։ Շատ հետաքրքիր և ուրախ նկարահանումներ ունեցանք, շատ հայտնի դերասանների հետ ծանոթանալու և շփվելու հնարավորություն եղավ։

Սոնա Քյարունց

4 -րդ կուրս

Կիսվել