Մանե Պետրոսյանը լուսանկարչուհի է, ով իր լուսանկարներում արտահայտում է իր յուրահատուկ ոճն ու մարդկային գեղեցիկ զգացմունքները:
–Մանե ինչպե՞ս որոշեցիք զբաղվել լուսանկարչությամբ
-Լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել 44-օրյա պատերազմից հետո, որն ինձ օգնեց հաղթահարել ինձ համար իմ կյանքի ամենաբարդ փուլը: Սակայն կարող եմ ասել, որ լուսանկարչության հանդեպ սերն ու տաղանդը փոխանցվել է ինձ իմ պապիկից, ով զբաղվել է լուսանկարչությամբ դեռ 1975թ.-ից:
-Ձեր ծննդավայրը կամ բնակության վայրը որևէ կերպ ազդեցություն ունեցե՞լ են լուսանկարչության ընտրության հարցում:
-Ես ծնվել եմ քաղաք Երևանում, բայց եթե լինեմ անկեղծ, այն որևէ ազդեցություն չի ունեցել լուսանկարչության ընտրության հարցում: Երևանն ու իր փողոցները եղել են ու կլինեն ինձ համար ամենագեղեցիկն ու ամենաջերմը:
–Ունե՞ք նախընտրելի վայր, հաստատություն, որտեղից սիրում եք լուսանկարել և հենց ձեր ուզած նկարներն եք ստանում:
–Այսօր մեր երկրում շատ են ֆոտոստուդիաները, սակայն արդեն կլինի մի տարի, ինչ ես նկարում եմ « Studio Baveyan»- ում, որտեղից միշտ ստանում եմ իմ պատկերացրած լուսանկարները. այնտեղի մթնոլորտը, գույները, ամեն բան շատ տրամադրող են, բայց ըստ հաճախորդի ցանկության նկարահանվելու վայրը փոփոխվում է:
-Ի՞նչ տեխնիկայով եք նախընտրում նկարել, հաճախ են ասում, որ կան տեսախցիկներ, որոնցով բարդ է նկարել:
-Ես նկարում եմ NikonZ5- ով և այն բավականին լուրջ, նորամուծություններով հարուստ, վերջին սերնդի տեխնիկա է համարվում, բայց ասել, որ այն լավագույնն է, չեմ կարող, քանի որ ամեն մարդ ինքն է ընտրում և լուսանկարելուց ինքն է հասկանում, թե որն է իրեն ավելի հարմար, որն է իր համար ավելի հասանելի, որն է իր համար ավելի հեշտ:
-Ո՞րն է ձեր հիմնական ուղղությունը լուսանկարչության մեջ և ինչու՞:
–Վերջերս շատ հաճախ եմ առնչություն ունենում նորաձև լուսանկարչության կամ, ինչպես ասում են, fashion լուսանկրչության հետ, այս տեսակը կապված է ապրանքների՝ գովազդի, նորաձևության, նոր արտադրանքների հետ:
-Ինչի՞ մասին են հիմնականում պատմում ձեր լուսանկարները: Ի՞նչ զգացմունքներ եք դրանցով փորձում փոխանցել:
-Իմ լուսանկարներում գերակշռող մաս են կազմում զույգերը, ապագա մայրիկները, ծննդյան շութերը: Երբ նկարում եմ զույգերի, իմ նկարներով փոխանցում եմ սեր, հարգանք միմյանց նկատմամբ: Ապագա մայրիկներին նկարելիս անտարբեր չենք կարող մնալ և չնկատել նրանց հուզմունքը, նրանց աչքերի փայլը, անսահման երջանիկ հայացքները:
–Ո՞րն է ձեր սիրելի լուսանկարը և ի՞նչ պատմություն ունի այն:
-Այս նկարը ես արել եմ , երբ ընդամենը երկու շաբաթ էի զբաղվում լուսանկարչությամբ : Այն ինձ համար բոլոր ժամանակների ամենաստացվածն է ու հոգեհարազատը, այս լուսանկարը բերեց շատ հաջողություններ և մոտիվացրեց ինձ` էլ ավելի գեղեցիկ կադրեր ստանալուն:
-Կպատմե՞ք ամենահիշարժան նկարահանման մասին:
–Ամենահիշարժան նկարահանումը կապված է մի հղի կնոջ հետ, ով եկել էր նկարահանման, որից հետո պետք է գնար ծննդաբերության, ու ես շատ վախեցած, լարված նկարահանեցի և ճանապարհեցի հիվանդանոց:
-Ի՞նչ է քեզ համար լուսանկարչությունը:
–Լուսանկարչությունն ինձ համար իմ պատկերացումների արտահայտումն է , իմ հոգեվիճակը: Լուսանկարչության շնորհիվ տեսնում ես անգամ անտեսանելին, այն ինձ համար նոր կյանքի սկիզբ է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:
-Քանի որ ես ինքս էլ սկսնակ եմ, խորհուրդներ շատ չեմ կարող տալ, միայն կուզեմ ասել, որ երբեք չկոտրվեն, չհամեմատվեն, շարժվեն առաջ, հավատան իրենց ուժերին և գնան դեպի իրենց նպատակների իրականացում:
Աննա Խռոյան
4-րդ կուրս