«ՉԸՆԿՃՎՈՂ» ԳՈՒՅՆԵՐԸ

«ՉԸՆԿՃՎՈՂ» ԳՈՒՅՆԵՐԸ

2046

Ախ, երանի բեմիս լույսը չմարի,

Հենց այդ բեմում միտքս ոռնա ու լռի,

Հոգիս, մտքիս խենթությունը կսիրի,

Երևի սերն է իմ պատճառը ցավերի

«Խենթ ու խելառ ընկերս»,- դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին այսպես է բնութագրում ընկերը՝ Վարդանը: Սրճարանում էին, երբ Կարենը առաջարկեց դուրս գալ, թափառել քաղաքում: Փոքր թատրոնի դիմաց մոտեցավ հին ռուսական երգեր երգող կնոջը, նայեց արկղին՝ դատարկ էր: Սկսեց երգել, բավական  շատ գումար հավաքվեց: Կարենի ուրախ հայացքը ընկերը լավ է հիշում: Այսպիսի պատմությունները շատ են, նրա հոգին իրոք սիրում է մտքի խենթությունը:

«խենթ ու խելառ» նկարիչը, քանդակագործը, երկաթագործը, կինոռեժիսորը այս բազմազանության մեջ ամենից առաջ սիրում է թատրոնը. «Ինձ ավելի լավ եմ զգում թատրոնում՝ բեմի վրա, ինչպես ձուկը ջրում»:  Իսկ ձկներին առանձնահատուկ է վերաբերվում. մի փայտի կտոր գտավ շատ նման էր ձկան, հղկեց, մշակեց, դաստիարակեց և ծնվեց իր առաջին գունավոր ընկերը՝ ոսկե ձկնիկը, ով չնայած այն բանի, որ կատարում է բոլորի ցանկությունները, կարկատաններով է պատված: Ձկնորսություն շատ է սիրում և միշտ ցանկացել է ձկանը ջրից դուրս հանի և գունավոր ձուկ տեսնի, բայց միշտ նրանք միագույն են լինում, մտածում է` ներկերը իր մոտ լինեին, գունավորեր նրանց ու բաց թողներ, մի օր գուցե այդպիսի ձկները բազմանային: Իր պատրաստած ձկներից ամեն մեկը մի մարդու է նմանեցնում. դրսում մարդ է տեսնում, մի փոքր ուսումնասիրում է՝ հասկանում, որ այդ մարդու տեսակի, բնավորության, գույների ձուկ չունի, գալիս է արագ պատրաստում: Իր բոլոր կտավներն ու քանդակները գունավոր են. «Նկարը պետք է ուրախություն պատճառի, նայես նկարին, ու տրամադրություն փոխանցվի»,- ասում է «մաստերը»:  Նրան այսպես կոչեցին, քանի-որ ամեն հնարավոր և անհնարին գործերին խառնվում էր, երբ թատրունը հիմքից սարքում էին, նա մինչև ուշ գիշեր այնտեղ էր, քարը քարին էր դնում, սովորական երկաթի կտորից ծաղիկ էր պատրաստում, հետագայում թատրոնում կարող էր որպես դեկոր ծառայել, ամեն բան՝ նույնիսկ փայտի, երկաթի կտորը Կարենի ձեռքում կյանքի է կոչվում:

Իր սիրահարված ձկների մասին ժպիտով է խոսում. աղջիկը ամոթից կարմրել փակել է աչքերը, տղան՝ հպարտ լայն բացաց աչքերով է, իր դաստիարակծ տղան է, պետք է այդպես լինի, նույն ոգով է մեծացրել իր 3 որդիներին. «երբ ինձ հարցնում էին ինչ երեխա ունեցար, ես չէի ասում տղա, ասում էի՝ զինվոր, իսկ զինվորը իրավունք չունի տղա չլինելու»,- ասում է Կարենը:

Ախ, երանի նորից կրակս վառվի,

Թշնամու ջուրը այդ կրակը չի մարի,

Սերմը, որ հողիս մեջ դրի՝ կծլի

Օտար ծառն իմ արյունով չեմ ջրի:

15 տարեկան էր` Արցախյան ազատամարտին մասնակցելու համար փախավ տանից, հասավ մարտի դաշտ, բայց նրան ետ ուղարկեցին, համառ տղան նորից գնաց, այս անգամ հայտնվեց առաջին գծում: «Արցախ սիրելը բնազդ է ինձ համար»,- ասում է դերասանը և ավելացնում, որ բազմաթիվ պարգևներ այդպես էլ չի վերցրել, չեր կարող իր կիծքին կրել այն ինչ պետք է կրեր ինչ-որ ինքնակոչ. «Պատիվ եմ ունեցել, Մոնթե եմ տեսել, Վազգեն սպարապետ եմ տեսել, ես պատիվ եմ ունեցել նույն խրամատի մեջ մեռնել ընկերոջս հետ, դրանից ավել պարգև ինձ հարկաոր չէ»: Վնասվածքները լուրջ էին ՝ «չի քայլի», բոլորը սրանում վստահ էին, բայց նա կանգնեց և իր ոտքերով առաջ գնաց, բոլորին և իրեն ապացուցեց անհնարին ոչինչ չկա:

Իր առջև նպատակ էր դրել` նկարել ֆիլմ Ցեղասպանության մասին և հենց ապրիլի 24 ին ցուցադրել Թուրքիայում՝ Ստամբուլում: Ոչ մի բանի առաջ կանգ չառավ, ինչպես ինքն է ասում` հանձնվելու գույնը չունի: Կինը ի սկզբանե դեմ էր նրա որոշմանը, ասում էր` «թող անցնի 24-ը, եթե որոշել ես` կանես, բայց այդ օրը մի արա»: Մանկուց եկած համառությունը խոսեց. ապրիլի 24 ին «Զընգը զընգը» ֆիլմի պրեմյերան կայացավ Ստամբուլում, կինոթատրոնում հավաքված թուրք հանդիսատեսը մոտ 30 րոպե հոտնկայս ծափահարում էր: Կարենը շրջվեց, հիշում է ընկերը, գրկեց իրեն և բղավեց. «Տեսա՞ր Մարտին, հաղթեցինք, այսքան թուրքի հաղթեցի»: Իսկ վերջերս Դերասան Կարեն Մկրտչյանը երկրորդ գեղարվեստական ֆիլմը ներկայացրեց հանդիսատեսի դատին: 1 ժամ տևողությամբ «Հողս գրկեմ Է~, գրկեմ» հայրենասիրական կինոնկարը պատում է 1990-ականների սահմանամերձ գյուղի մասին:

Տաղանդավոր մարդը երկու երազանք ունի. շատ է ցանկանում աղջիկ ունենալ, իսկ մյուս երազանքը դեռ մանկուց է իր մեջ մնացել` այդպես էլ  չկարողացավ ծնողներին համոզել, բայց հույս ունի, որ կկարողանա մի օր երեխա որդեգրել, մի փոքրիկ մարդուկ, ում ընտանիք կնվիրի:

Ախ, երանի վաղը, որ գա, երանի,

Դատարկ մութը վառ, գունավոր թող անի,

Ախ, երանի, վախ երանի, երանի

Գույների մեջ մարդը մարդուն կների:

 

 

Մարի Առաքելյան

2-րդ կուրս

 

Կիսվել