Հոգեբանի հետ զրուցել ենք սթրեսի, դրա ազդեցության, առաջացման պատճառների և այլ հարցերի շուրջ․
-Ո՞րն է սթրեսի սահմանումը:
-Սթրեսը հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակն է՝ ի պատասխան արտաքին ազդեցության: Դրա պատճառ կարող են լինել տարաբնույթ բարդ իրավիճակները, ինչպես նաև միապաղաղ գործունեությունն ու էմոցիոնալ մի շարք այլ գործոններ։ Ի զարմանս շատերի՝ սթրեսն օգնում է մեզ հարմարվել փոփոխվող միջավայրին:
-Որո՞նք են սթրեսի առաջացման պատճառները:
-Իրականում, քանի որ բոլորս տարբեր ենք մեր առանձնահատկություններով, սթրեսի առաջացման պատճառներն էլ շատ բազմազան են: Եթե փորձենք ամբողջացնել, ապա որպես պատճառ կարող են հանդիսանալ մասնագիտական գործունեության մեջ պատասխանատվության բարձրացումը, ընտանիքում կոնֆլիկտային, բարդ իրավիճակները, ֆոբիաները, անլուծելի, անվերահսկելի խնդիրները, անգործունակությունը, չլրացված կարիքները, ցածր ինքնագնահատականի, բնակության կամ աշխատանքի փոփոխությունը, ամուսնալուծությունը, սիրելիի մահը, հանգստի բացակայությունը և այլն:
-Հաճախ են շփոթում սթրեսը եւ դեպրեսիան. կնշե՞ք՝ որոնք են այս երկուսի էական տարբերությունները:
-Քանի որ արդեն ինչ-որ առումով հասկացանք, թե ինչ է սթրեսը, եկեք նաև պարզենք՝ ինչ է դեպրեսիան, որպեսզի տարբերակումը հեշտ լինի: Դեպրեսիան հոգեկան խանգարում է, որի էությունը մտավոր գործունեության ճնշումն է՝ հիմնականում իր հուզական-կամային բաղադրիչով։ Ամենակարևոր տարբերակիչն այն է, որ դեպրեսիայի ժամանակ մարդը ի վիճակի չէ դրական զգացողություններ ունենալ՝ ի տարբերություն սթրեսի: Եվ միևնույն ժամանակ սթրեսը դեպրեսիայի առաջացման ամենագլխավոր պատճառներից է, բայց բնավ էլ պարտադիր չէ, որ սթրեսը վերածվի դեպրեսիայի: Խրոնիկ սթրեսային իրավիճակի դեպքում օրգանիզմը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունները, սկսում է վնասակար ազդեցություն ունենալ մարմնի վրա և սկսում է ձևավորվել դեպրեսիան:
-Հատկապես ո՞ր տարիքային խմբի մոտ է այն արտահայտվում:
-Սթրեսն ազդում է բոլորի վրա, այդ թվում՝ երեխաների։ Եթե նայենք այսպես կոչվող գրքային տեղեկատվությանը, ապա դեռահասները, կյանքի նոր փուլ մտնող/ կամ իրադարձության (քննություններ, ամուսնություն, երեխայի ծնունդ, հարազատի կորուստ) հետ բախվող անձինք ավելի հակված են սթրեսի ենթարկվելու, բայց այսօր, 21-րդ դարի այս արագ փոփոխվող ժամանակահատվածում, արդեն իսկ հստակ տարիք նշել չենք կարող:
-Որքա՞ն հաճախ են դիմում հոգեբանին այս խնդրով:
-Բավականին հաճախ, և դա ավելի քան օրինաչափ է: Մենք անցանք քովիդի և, ցավոք, պատերազմի միջով, կարող ենք ասել՝ ինչ-որ առումով դեռ այդ ամենի մեջ ենք: Եվ եթե սովորական, այսպես ասած, առօրյա կյանքում սթրեսային իրավիճակները շատ են, ապա նման արտակարգ իրավիճակները ինքնին սթրեսի առաջացման մեծ ազդակներ են․ սա այն հարցն է, թե ինչքան հաճախ են դիմում:
–Ինչպե՞ս կանխել սթրեսի առաջացումը:
-Կան որոշակի մեթոդներ, որոնք օգնում են օրգանիզմին կանխարգելել սթրեսի առաջացումը: Դրանցից են ինքներս մեզ հետ խոսելը տարբեր ոչ հաճելի իրավիճակներից հետո: Այո- այո ճիշտ հասկացաք: Ինչու՞ է սա կարևոր. սթրեսի առաջացման պատճառներից մեկը հաճախ թաքնվող էմոցիաներն են: Եթե ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ինքներդ ձեզ վերլուծեք, ավելի նախընտրելի է մտքերը գրելը: Օրինակ՝ «Ի՞նչ եմ զգում հիմա, ինչու՞ եմ մտածում դրա մասին, ի՞նչ կարող եմ անել այդ ուղղությամբ»: Երկրորդ կարևոր բաղադրիչը որակյալ քունն է. մարդն, ով լավ է քնում, ավելի հեշտությամբ է կարողանում տարբեր սթրեսային իրավիճակներ հաղթահարել:
Մյուս բաղադրիչը ֆիզիկական ակտիվությունն է. սա շատ կարևոր է սթրես առաջացնող հիմնական հորմոնների նվազեցման համար( կորտիզոլ, ադրենալին): Սթրեսի կանխարգելման անհրաժեշտ բաղադրիչներից են բնության մեջ հաճախ լինելը, սիրելի/հաճելի մարդկանց հետ շփումը, նախասիրություններով զբաղվելը և այլն: Բնականաբար շատ կարևոր է նաև «ինքնաբուժությամբ» չզբաղվելը. եթե անհատը զգում է, որ նկատելի ժամանակ նույնատիպ մտքեր/զգացողություններ են անհանգստացնում, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին, այս դեպքում՝ հոգեբանին:
Մերի Ալոյան
4-րդ կուրս