«Վստահ եմ, որ հետագայում իմ կայուն տեղը կունենամ հայկական շուկայում»․ Հրանուշ Սահակյան

«Վստահ եմ, որ հետագայում իմ կայուն տեղը կունենամ հայկական շուկայում»․ Հրանուշ Սահակյան

1082

Զրուցել ենք Հրանուշ Սահակյանի հետ, ով զբաղվում է ձեռագործ իրերի պատրաստմամբ

-Ինչպե՞ս ծագեց ձեռագործ իրեր ստեղծելու գաղափարը:

-Դեռ վաղ հասակից ինձ դուր է եկել գունավոր թելերով թաղիկներ ասեղնագործել սավանի վրա, սակայն պատանի հասակում զբաղվածության պատճառով մոռացության էի մատնել իմ այդ հոբբին։ 2018 թ.-ին երիտասարդներիս շրջանում շատ ակտուալ էր կրել անվանատառ կրծքազարդեր։ Դրանք շատ գեղեցիկ էին և հատուկ տեսք էին տալիս հագուստին, և ես մտածեցի, որ նույնպես ցանկանում եմ ձեռք բերել այդպիսի աքսեսուար, սակայն գնելու փոխարեն որոշեցի ինքս պատրաստել: Այդպես առաջին աշխատանքս եղավ գեղեցիկ, բայց ոչ իդեալական անվանատառ կրծքազարդ, որից հետո շատ դրական առձագանքներ ստացա։ Ընկերուհիներիս խորհրդով սոցիալական հարթակներում բացեցի Sahakyan handmade էջը և աշխատանքս տեղադրեցի այնտեղ։ Քանի որ այդ շրջանում անվանատառ զարդերը շատ ակտուալ էին, և մոտենում էին ամանորյա տոները, միանգամից ստացա մի քանի պատվեր։ Աշխատանքի գործընթացը ինձ դուր եկավ և որոշեցի, որ հոբբին կարող է դառնալ բիզնես։ Ժամանակը ցույց տվեց, որ չսխալվեցի, քանի որ հաջողակ բիզնեսի հիմքը սերն է այդ գործի նկատմամբ:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այս գործում:

-Առաջին հերթին ինձ մոտիվացնում է գեղեցիկի և մնայունի ստեղծումը, քանի որ յուրաքանչյուր զարդի մեջ մի ամբողջ հոգի ու սեր ես ներդնում։ Մոտիվացնում է նաև այն միտքը, որ կարող ես ոչնչից ստեղծել մի բան, ինչը մարդիկ գնահատում, սիրում և կրում են։ Բայց ամենակարևոր մոտիվացման աղբյուրը հետադարձ կապն է, մարդկանց արձագանքն ու դրական խոսքերը զարդը տեսնելուց հետո։

-Ապագայում Ձեր գործունեությունը ընդլայնելու գաղափարներ կա՞ն:

-Այո, գործունեությունս ընդլայնելու շատ մեծ գաղափարներ ունեմ, մտադիր եմ գնալ մինչև վերջ՝ առաջին հերթին խթանելով հայկական արտադրանքը։ Կատարելագործում եմ  նաև աշխատանքիս որակը, քանի որ ժամանակի ընթացքում ավելի եմ հմտանում այս գործում։ Վստահ եմ, որ հետագայում իմ կայուն տեղը կունենամ հայկական շուկայում և ոչ միայն։

Հաճախ ե՞ք Ձեր պատրաստած զարդերը ինքներդ կրում:

-Հաճախ չեմ կարողանում կրել, քանի որ այն զարդերը, որոնք ինձ համար եմ պատրաստում, շատ արագ վաճառվում են, սակայն ունեմ մի քանի սիրելի զարդ, որոնք պահում եմ և հաճախ կրում։

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, երբ նոր էիք սկսում Ձեր գաղափարն իրագործել, ո՞վ աջակցեց Ձեզ:

-Լինեմ անկեղծ, դժվարություններ շատ չեն եղել։ Երևի թե միակ դժվարությունը սկզբնական շրջանում որակյալ և մատչելի հումք գտնելն էր, քանի որ գաղափար չունեի, թէ ինչ է հարկավոր, ինչ քանակի և այլն։ Էմոցիոնալ առումով բոլոր մտերիմները և հարազատները աջակցել են իրենց դրական արձագանքներով և այն վստահությամբ, որ այս գործը ինձ մոտ շատ լավ է ստացվում, սակայն ֆիզիկապես բոլոր աշխատանքները արել եմ ինքնուրույն

Մերի Ալոյան

4-րդ կուրս

Կիսվել