«14 տարեկանում դարձել եմ «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին աղջիկ հաղթողը». Աննա Մկրտչյան, ԵՊԲՀ...

«14 տարեկանում դարձել եմ «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին աղջիկ հաղթողը». Աննա Մկրտչյան, ԵՊԲՀ ուսանող, SMM մասնագետ

978

Ես Աննան եմ՝ 20 տարեկան։ Ծնվել եմ Գյումրիում, որի համար շնորհակալ եմ բոլոր գերբնական ուժերին, որովհետև սիրում եմ իմ քաղաքը ահավոր շատ ու վերաբերվում եմ իրեն որպես հարազատի, հիմա ապրում եմ Երևանում ու սովորում բժշկական համալսարանում, ապագա բժիշկ եմ։

Դպրոցում լավ եմ սովորել, ավարտել եմ ոսկե մեդալով ու 14 տարեկանում դարձել եմ «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին աղջիկ հաղթողը։

Չնայած եթե ասեն՝ որն է կյանքիս ամենաերջանիկ օրը, այս պահի դրությամբ կնշեմ հենց այդ օրը, որովհետև այդ տարիքում նման էմոցիաներն ինձ համար անծանոթ էին՝ թե՛ սթրես, թե՛ վախ, թե՛ պատասխանատվություն, թե՛ անինքնավստահություն, թե՛ ուրախություն, այդ ամենը 4 ժամվա մեջ զգացել եմ ու  հաստատ, ինչ էլ լինի, չեմ մոռանա այդ օրը։

Հիմա 4-րդ կուրսում եմ, դեռ չեմ որոշել՝ կոնկրետ ինչ բժիշկ եմ ուզում դառնալ, բայց արդեն որոշել եմ, որ հաստատ բժիշկ եմ դառնալու։

Տատանվել եմ բավականին լուրջ, այն աստիճանի, որ ամռանը որոշեցի մասնակցել SMM-ի դասընթացի, մտածում էի՝ փոխել ոլորտս ու զբաղվել մարկետինգով։

Ստացվեց այնպես, որ սկսեցի աշխատել սպասարկման բաժնում, հենց այն գրասսենյակում, որտեղ դասերս էին անցնում։

Իրականում առանց էմոցիոնալ ինտելեկտի մարկետինգ հասկանալը անհնար է, նույնը կարելի է ասել բժշկության մասին, դրանով այդ 2 ոլորտը իրար նման են, ու եթե նույնիսկ չհամատեղեմ էլ, մեկի ոլորտում ձեռք բերած փորձը մյուսում կօգնի հաստատ: Դժվար թե կարողանամ լինել և՛ բժիշկ, և՛ մարկետոլոգ, որովհետև անհնար է պրոֆեսիոնալ լինել 2 այսքան տարբեր ոլորտում միաժամանակ: Մանավանդ, երբ դրանցից մեկը մաքսիմալ ալտրուիստական մասնագիտություն է։

Շատերն են ասում, որ կարող եմ ապագայում ինքս իմ SMM-ը անել որպես բժիշկ, բայց այդքան էլ դրական չեմ վերաբերվում այդ մոտեցմանը (ամեն դեպքում սա սուբյեկտիվ կարծիք է ):

Դժվար է ընտանիքից հեռու ապրելը, եթե մի 2 տարի առաջ կտատանվեի էս հարցին պատասխանելիս, հիմա վստահ կարող եմ ասել, որ ընտանիքից հեռու ապրելը դժվար է:

Գյումրիում աշխատելը, կարելի է ասել, երազանքս է: Երազանքները մի քիչ երևակայական ժանրից են լինում մեծմասամբ, բայց թե ինչու երազանք, որովհետև վստահ չեմ, որ պատրաստ կլինեմ զոհաբերել ավելի լավ պայմաններում աշխատելուս հնարավորությունը: Բայց քանի որ կյանքիս ոչ մի էտապում նյութապաշտ չեմ եղել, ավելի հավանական է, որ ոչ հավասար պայմաններում նույնիսկ կընտրեմ Գյումրիում աշխատելը, քան՝ այլ տեղ: Մարզերում բուժօգնությունը իրոք լավ պայմաններում չէ, ու շատ կցանկանամ, որ մարզերի ( ոչ միայն իմ քաղաքի) ուսանողները մտածեն ապագայում իրենց գիտելիքները իրենց « տան» համար կիրառելու մասին:

Մերի Ալոյան

4-րդ կուրս

Կիսվել