«ԿԱՐԵՎՈՐԸ ԶԳԱՍ ԹԵ՛ ՔՈ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԹԵ՛ ԴԻՄԱՑԻՆԻՆԸ ՄԵԿ ԿԱԴՐՈՒՄ»

«ԿԱՐԵՎՈՐԸ ԶԳԱՍ ԹԵ՛ ՔՈ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԹԵ՛ ԴԻՄԱՑԻՆԻՆԸ ՄԵԿ ԿԱԴՐՈՒՄ»

1934

23-ամյա լուսանկարչուհի Ռուզաննա Մնացականյանը ավարտել է Երևանի  ազգային ագրարային համալսարանի  (ԵԱԱՀ)  ագրոբիզնես շուկայաբանություն բաժինը:  Տարվել է լուսանկարչությամբ դեռ դպրոցական տարիներից:  Ունենալով բացարձակ այլ մասնագիտություն` այնուամենայնիվ, մեծ ոգևորությամբ զբաղվում է  լուսանկարչությամբ և բավականին շատ ժամանակ ծախսում է դրա վրա: Սկզբում փորձել է ծանոթներին կամ բնությունը տարբեր ոճերում սիրողական լուսանկարել, մինչև գտել է սեփական «ԵՍ»-ը:

«Կարևորը զգաս թե՛ քո էմոցիաները և թե՛ դիմացինինը մեկ կադրում»,- կիսվում է մեր զրուցակիցը:

«Մեր հայ լուսանկարիչները շատ լավն են և մեծ ապագա կարող են ունենալ, եթե իհարկե հնարավորություն լինի: Մեր քաղաքում, ըստ ինձ, դեռ դանդաղում է լուսանկարչական զարգացումը: Տեխնիկական առումով պակաս բաներ շատ կան`  լուսային, գույնի, մշակման հարցերում թերությունները շատ են, չնայած առաջըթաց նկատելի է, քանի որ մեծ է ցանկությունը:  Ցավալի է, բայց այստեղ  հիմնականում վերաբերվում են զուտ որպես գումար աշխատելու միջոց: Հաճախ հենց այդ պատճառով էլ տուժում է արվեստը, կորում է իմաստը»,- կարծում է լուսանկարիչը:

Ռուզաննայի սիրելի լուսանկարիչներն են Դոն Մակուլին, Աննի Լեիբովիտզը, Ւրվին Օլաֆը: «Սիրում եմ պորտրետ  նկարել, բնականաբար սիրելի նկարիչներս էլ են նույն ոճի մեջ աշխատում: Սիրում եմ ընդգծել մարդու անհատականությունը, աչքերի խաղը, այլալված հայացքի պարզությունը. փորձում եմ ոչ թե իմ զգացածը փոխանցեմ, այլ հենց իրենը»:

Մոդելներին ընտրում է տարբեր պատճառներով, ցանկանում է փոխանցել այդ պահին զգացածը՝ հայացքները, շարժումերը կամ միմիկաները : Ամեն անգամ կենտրոնանում է տարբեր հատկանիշների վրա : «Կցանկանայի նկարել Հիտլերին, իր բոլոր էմոցիաները, շարժումները, հայացքը,  խոսելիս աչքերի խորությունը: Նրան ավելի լավ ուսումնասիրելուց հետո մի տեսակ ցանկությունս կրկանապատկվել է»:

Մեր հարցին,  թե ինչպես է ծրագրել իր հետագա անելիքները, Ռուզաննան պատասխանեց. « Պատկերացնում եմ` կյանքս տրամադրել լուսանկարչությանը, եթե իմ մեջ այն ավելին զարգացնեմ, ինձ նաև եկամուտ կապահովի: Կցանկանամ ունենալ իմ ստուդիան, հագեցած տեխնիկայով, և աշխատել հետաքրքիր առօրյայով»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լառա Սահակյան

5-րդ կուրս

Կիսվել