«Իմ տղեքս պիտի հայրենիքում ծառային ու հային». դժվարությունները չեն ընկճել արցախցի բազմազավակ...

«Իմ տղեքս պիտի հայրենիքում ծառային ու հային». դժվարությունները չեն ընկճել արցախցի բազմազավակ մորը

389

«Մարտի 7-ն էր, գիշերը պայթյունից արթնացանք , երեխաներս սկսեցին լաց լինել, մտածեցին՝ նորից պատերազմ է սկսվում, բայց ոչ, այս անգամ գազատար խողովակը պայթեցրին։ Հեռուն են մտածում, գիտեն՝ ինչ անեն, որ մարդկանց առօրյան խաթարեն»,-պատմում է Ստեփանակերտում բնակվող, մասնագիտությամբ դերասանուհի և դիմահարդար Լիանա Ոսկանյանը։ Նա 5 անչափահաս երեխաների մայր է։  

12 oր Արցախը զրկված էր գազամատակարարումից։ Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարն անցնում է Շուշիով, որտեղ էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այն վնասվել էր։ Ադրբեջանական զինուժը թույլ չէր տալիս Արցախի համապատասխան կառույցների աշխատակիցներին մոտենալ եւ պարզել գազատարի վթարի պատճառը, վերականգնել այն։ Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները նույնպես ապարդյուն էին երկար ժամանակ։ Մարտի 16-ին Արցախի իշխանությունները տեղեկացրին, որ Ադրբեջանը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, և մարտի 19-ին գազամատակարարումը վերականգնվեց։ Երեք օր անց` մարտի 21-ին, կրկին դադարեցվեց Արցախի գազամատակարարումը ու մարտի 28-ի դրությամբ չի վերականգնվել:

«Այս պահին գազօջախի կողքին կանգնած սպասում եմ, թե մեր գազը երբ կտան։ Սկզբում էլեկտրական գազօջախով էի պատրաստում, բայց սկսեցին լույսերն էլ անջատել»,- ասում է Լիանան։

Նա երեք որդի և երկու դուստր ունի։ 13, 11, 9, 7 և 1,5 տարեկան են երեխաները, ապրում են Ստեփանակերտում։ Այնտեղ են ծնվել ու մեծացել։ Ինչպես պատմում է Լիանան, պատերազմի առաջին օրը նկուղում են անցկացրել , այդ ժամանակ նրա կրտսեր երեխան 27 օրական էր, վախից ոչինչ չէր ուտում, միջնեկներն էլ, իր խոսքով, անընդհատ ուշագնաց էին լինում։ Սկզբում տեղափոխվել են Երևան, մեկ շաբաթ անց` Հրազդան։ Պատերազմից հետո վերադարձել և ապրում են Ստեփանակերտում։

Նրա ամուսինը վարորդ է։ Լիանան պատմում է, որ պատերազմից երկու օր առաջ ուղևորներ է տեղափոխել Մոսկվա և երբ իմացել է, որ պատերազմ է, վերադարձել և մեկնել է առաջնագիծ։

«Խնդրում էի, որ չգա, պատերազմ էր, չգիտեինք` ինչ կլիներ, ուզում էի` այնտեղ աշխատի և գումար ուղարկի, որ երեխաներին պահեմ։ Հիմա ամաչում եմ իմ ասածից։ Բայց հպարտ եմ, որ չի լսել ինձ. դա մեծ սխալ կլիներ մեր կռված տղաների հանդեպ»,-ասում է Լիանան։

Հոկտեմբերի 10-ին Լիանայի ամուսինը հատել է հայ-վրացական սահմանը,

 մեքենան առաջին անհրաժեշտության իրերով բեռնել ու մեկնել Արցախ։

Լիանայի խոսքով` ինքը երբեք դժվարություններից չի վախեցել։ Ասում է`ավելի վատին էր։ Ժպիտով է պատմում, թե ինչպես է պահում իր հինգ երեխաներին առանց գազի և երբեմն առանց էլեկտրականության, որը ծանրաբեռնվածության պատճառով մի քանի ժամով են ունենում։

«Տունը չենք կարողանում այլ կերպ ջեռուցել, երեխաներս վերարկուներով ու գլխարկներով են քնում։ Դպրոց և մանկապարտեզ չեն հաճախում, մասնավոր պարապմունքների են գնում միայն դպրոցական ծրագրից հետ չընկնելու համար,-պատմում է Լիանան և հավելում, որ Արցախի բնակչությունը մեկ վայրկյան անգամ չի ընկճվել` միահամուռ հավատում են, որ ամեն բան լավ է լինելու։-Բոլորս սրտի խորքում մտածում ենք, որ ամենավատը մեզ հետ արդեն եղել է և համբերատար սպասում ենք խնդրի լուծմանը»։

Չնայած սահմանի լարվածությանը՝ Լիանայի մտքով չի անցնում լքել Ստեփանակերտը։ Բայց  ադրբեջանցիների հետ ապրել և բարեկամություն անել էլ չի պատրաստվում։

 «Իմ տղեքս պիտի մեր հայրենիքում ծառային ու հային»,- ասում է նա։

Արփինե Բեջանյան

3-րդ կուրս

Կիսվել