Մեդիամշակութային ճգնաժամ կամ անմշակույթ հեռուստացույցը

Մեդիամշակութային ճգնաժամ կամ անմշակույթ հեռուստացույցը

745

Թերևս տեղին կլինի նկատել, որ օրեցօր զարգացող մեդիա ոլորտը, մեծ հաշվով, անտարբեր է մշակույթի նկատմամբ: Անմեղության կանխավարկածը հարգելով՝ կարող ենք արձանագրել, որ այո՛, մի քանի իրադարձային լուրեր իրազեկվում են, սակայն քաղաքական ճահճում լճանում է իրական մշակույթը: Ի՞սկ ինչ ասել է մշակույթ, ո՞րն է վերջինիս դերն ու նշանակությունը: Հետաքրքրական է, որ վերջին տասնամյակում բոլորիս համար այս պարզագույն հարցին պատասխանելը մի տեսակ երկրորդական է դարձել: Շատերի պատկերացմամբ իրենք բարձրարժեք մշակույթի կրողներ են, քանի որ հաճախ են սոց. ցանցում հավանում առյուծի նկարի վրա ասենք հնդիկ մի փիլիսոփայի կամ էլ տիբեթյան մի ճգնավորի փայլուն միտքը, սա դեռ լավագույն դեպքում:

Հանրույթի մեկ այլ շերտ էլ մշակութային քաղցը հագեցնում է տարօրինակ վերտառությամբ հոլովակներ դիտելով, թե բա աննախադեպ լուրեր, բա չիմացաք, սա պարտավոր է դիտել ամեն մի հայ: Ցավալի է, բայց իրողություն, որ այսօր մնայուն մշակութային արժեքները ստորադասվում են, հեռուստալսարանին ծիծաղեցնելը դարձել է առաջնահերթություն: Աներկբա է, որ նոր իրողությունների հետ փոխվել է ամեն բան, ձևն ու բովանդակությունը, ասելիքն ու եզրակացությունը դարձել են երկրորդական, այսօր պահանջարկ ունի կոմերցիոն արտադրանքը՝ համեմված կիսամերկ մարմիններով, թեյի ու սուրճի աննախադեպ առաջարկներով, որոնք քիչ է մնում էկրանից ներս լցնեն մեր հարգարժան դեր կատարողները:

 Եվ ի վերջո, ինչու՞ մեր հասարակությունը ինքը չի պահանջում օրինակ՝ Մեր մեծերը, Համաշխարհային մշակույթը մեր աչքերով կամ էլ մի այլ խելքը գլխին պրոդուկտ, որը կարող է բարձրացնել հանրության գիտակցական մակարդակը, ձևավորել ճաշակ: Սրանք հարցեր են, որ դեռևս պատասխան չունեն, իսկ մինչ այդ մշակութային մեդիաքաղցը սպանում է հասարակության դեռևս առողջ մասին, տանում դեպի դատարկություն: Թերևս պիտի արձանագրենք մի պարզ ճշմարտություն, որ զանգվածային լրատվական միջոցն էլ մի յուրատեսակ դպրոց է, ուստի պարտավոր է իր ակնդիրներին ու ունկնդիրներին կրթել ու դաստիարակել, ապահովել վերջիններիս մշակութային պահանջմունքները, սակայն, ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում, փողը տուր ուզում ես հեռուստացույցի միջից էշի պես զռռա: Ցավալի է, սակայն այս անտարբեր ու կողմնակալ վերաբերմունքը արդեն իսկ հասցրել է լրջագույն խնդիրների: Ժամանակավոր արժեքներն ու մտացածին թրենդները գլուխ են բարձրացրել ու համատարած ապակողմնորոշել հատկապես երիտասարդներին: Մեդիա ռեսուրսը կորչում է անտաղանդ նորարարությունների ստվերում, այս նոր մշակույթը հիմնովին կազմաքանդում է մեր ազգային նկարագիրը, դեգռադացման հասցնում այն ծիլերը, որոնք տարիներ հետո մեր երկրի հենասյուները պիտի դառնան: Իսկ մինչ այդ մեդիա դաշտը լռում է, խուլ ու համր ձևանում:  

Հետգրություն… կային ժամանակներ, երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էին հեռուստացույցի դիմաց, որպեսզի ունկնդրեին ՛՛Տասի-տաքսի՛՛ լեգենդար ներկայացումը կամ էլ լսեին Առնո բաբաջանյանի՝ երեք ժամ տևողությամբ համերգը, ի՜նչ ժամանակներ էին:

Պետրոս Գասպարյան

5-րդ կուրս

Կիսվել