«Ինչպես նկարիչն է իր արվեստանոցում վրձնով կտավներ ստեղծում, այնպես էլ վարսահարդարն է...

«Ինչպես նկարիչն է իր արվեստանոցում վրձնով կտավներ ստեղծում, այնպես էլ վարսահարդարն է ստեղծում արվեստի գործեր»

494

Փոքր տարիքից համառորեն պարուհի դառնալ ցանկացող, բայց վարսահարդարումն ընտրած Շուշաննան այսօր իր բիզնեսի նախագիծն ունի, ցանկանում է բացել սեփական գեղեցկության սրահը։

«Արդեն տասը տարի է՝ ես գումար եմ խնայում, որպեսզի կարողանամ իմ բիզնեսը սկսել»,-ասում է Շուշաննան։

Մեր զրուցակիցը իրեն համառ մարդ է համարում և կարծում է, որ համառությունը արդարացված զենք է, որը մարդուն օգնում է առաջ գնալ՝ արհամարհելով բոլոր խոչընդոտները, որոնց հանդիպում ենք դեպի նպատակ տանող ճանապարհին։

«Միշտ երազել եմ սեփական բիզնես ունենալ և այս տասը տարիների ընթացքում իմ առաջ նպատակ էի դրել ֆինանսապես պատրաստ լինել։ Անընդհատ գումար խնայելով, իմ սեփական աշխատանքով այսօր ես պատրաստ եմ ստեղծել իմ բիզնեսը»,- ասում է Շուշաննան։

Շուշաննան կարծում է, որ վարսահարդարումը նախ և առաջ արվեստ է, հետո՝ արհեստ։

«Ինչպես նկարիչն է իր արվեստանոցում վրձնով կտավներ ստեղծում, այնպես էլ վարսահարդարն է ստեղծում արվեստի գործեր»,- ասում է նա։

Մեր զրուցակիցը նաև շատ ընթերցասեր է, սիրում է հատկապես մոտիվացիոն գրքեր կարդալ, քանի որ դրանք օգնում են բացահայտել սեփական ուժերը և հաղթահարել թուլությունները։

«Սիրում եմ հատկապես Նապոլեոն Հիլի «Մտածիր և հարստացիր» գիրքը, այն ինձ շատ է օգնել, որ ես իմ բիզնեսի տեսլականը հստակ պատկերացնեմ»։

Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա բոլոր նրանց, ովքեր նունպես ունեն բիզնես սկսելու ցանկություն, Շուշաննան պատասխանեց, որ ինքը դասական օրինակ է, սկզբում իհարկե կլինեն մտավախություններ, բայց կարևոր է այդ մտավախություններին հաղթել և համառորեն շարժվել դեպի նպատակ։

Մարիամ Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել