«Ես եմ ընտրել կավին, թե նա ինձ ՝ դեռ մեծ հարց է»....

«Ես եմ ընտրել կավին, թե նա ինձ ՝ դեռ մեծ հարց է». Անդրանիկ Մանուկյան

1184

Կավագործությունը հայտնի է շատ հին ժամանակներից։ Հայ վարպետները իրենց աշխատանքներով փորձում են պահպանել և խթանել այս արհեստի զարգացումը։ Այդ վարպետներից մեկն էլ Անդրանիկ Մանուկյանն է, ով նաև «Սաղմոս կերամիկա»-ի հիմնադիրն է:

Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել կավագործությամբ: Ինչու՞ ընտրեցիք այս արհեստը:

-Կավագործության նկատմամբ հետաքրքրությունն ու սերն առաջացել է Տավուշի Մարզի Մովսես գյուղից, որտեղ ես գործուղղվել էի «Դասավանդիր, Հայաստան» ծրագրով։ Ընկերների նախաձեռնությամ, այնտեղի երեխաներից երկուսը կավագործություն էին սովորել և վերադարձել համայնք. այնուհետև դրամաշնորհային ծրագրի միջոցով արվեստանոց էինք վերանորոգել ու կահավորել։ Երեխաների փոքրիկ բիզնես էինք հիմնել, որն էլ ինձ մոտեցրեց կավագործությանը։ Մովսեսից վերադառնալուց հետո գնացի երեխաների վարպետների՝ Ջիվանի և Հռիփսիմեի մոտ՝ կավագործություն սովորելու, այնուհետև ընկերուհուս՝ Անիի հետ «Թումո Ստուդիաներում» կազմակերպվող կավագործության դասերին մասնակցեցինք՝ ճապոնացի վարպետ Չիհարուի ղեկավարությամբ։ Կես տարի սովորելուց հետ ձեռք բերեցինք կավագործության սարքավորումներ ու սկսեցին մեր փոքրիկ բիզնեսը վարել։ Ես եմ ընտրել կավին, թե նա ինձ՝ դեռ մեծ հարց է: (Ծիծաղում է): 

-Ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը և ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք այդ աշխատանքի հետ կապված:

-Բոլոր կավագործները գիտեն, որ միշտ առաջին աշխատանքների մեծ տոկոսն է վնասվում թրծավառարանի մեջ։ Հիշում եմ, որ ամենասկզբում ինչ պատրաստում էինք, վնասվում էին, որոշել էի սարքավորումները վաճառել ու այլ գործով զբաղվել, սակայն Անին թույլ չտվեց, ոգևորեց, դրդեց, որ շարունակենք աշխատել։ Ու նա չէր սխալվում. հաջողությունը շատ սպասեցնել չտվեց։

Կարո՞ղ եք ներկայացնել, թե ի՞նչ աշխատանքային փուլերով է անցնում կավի պատրաստումը:

-Կան կավագործներ, ովքեր իրենց աշխատանքային կավն իրենց ձեռքերով են պատրաստում, ոմանք էլ գնում են մշակված վիճակում կա՛մ տեղական, կա՛մ արտասահմանյան կավեր։ Ավելի պարզ կլինի, եթե մշակված կավով աշխատելու մեկ օրինակի փուլերն ասեմ: Օրինակ բաժակ պատրաստելիս նախ տրորում ենք կավը, ապա պատրաստում բաժակը, հեղուկ կավով փակցնում բռնակը, չորանալուց հետո հղկում ենք, մաքրում փոշին և թրծում վառարանում։ Այնուհետև ջրով մաքրում ենք բաժակը, ջնարակապատում և կրկին թրծում։ Ահա և բաժակի պատրաստման  փուլերի մեկ օրինակ։

Կա՞ն կավագործներ, ում աշխատանքները Ձեզ ոգեշնչում են:

-Կան ու նրանք շատ են, այդ պատճառով չեմ ցանկանա առանձնացնել։ Իրականում ամեն կավագործ իր ոճն ունի և ամեն մեկն իր ոճի մեջ յուրահատուկ է։

-Ի՞նչն եք ամենաշատը սիրում Ձեր աշխատանքում:

-Ամենաշատը սիրում եմ պատրաստածս իրերը նվիրելը, դա ինձ հաճույք է պատճառում։ Նաև, երբ ինքս եմ օգտագործում առօրյայում։

-Հաճա՞խ եք պատվերներ ստանում:

-Այո, բավականին հաճախ։ Այս պահին միայն մեծաքանակ պատվերներ ենք ընդունում և մեր պատրաստած տեսականին վաճառում՝ օնլայն կամ համագործակցող խանութների միջոցով։

-Ո՞րն է ամենաարտասովոր իրը, որը Ձեզ խնդրել են պատրաստել:

-Մոխրամանը. մենք մոխրամաններ չենք պատրաստում:

-Ի՞նչ եք կարծում, ապագայում կավագործությունը պահանջարկ կունենա:

-Կավագործությունը հիմա էլ ունի պահանջարկ, ուղղակի պետք է հասկանալ՝ խոսքը գործարանի մասին է, թե անհատ արտիստների, ովքեր ստեղծագործում են իրենց ուրույն ոճով։

-Ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակներին:

-Սկսնակներին խորհուրդ կտամ միայնակ չզբաղվել կավագործությամբ, երբեք չկոտրվել, երբ տեխնիկական խնդիրներ են առաջանում՝ չկասկածել, սա կարող է նաև շատ լավ եկամտի աղբյուր լինել, և իհարկե, գտնել, ստեղծել իրենց ոճը։

Աննա Խռոյան

4-րդ կուրս

Կիսվել