Ինչո՞ւ են հայերը խուսափում դիակիզարաններից

Ինչո՞ւ են հայերը խուսափում դիակիզարաններից

635

2006թ. փետրվարի 27-ին ընդունված օրենքով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Հայաստանի տարածքում հուղարկավորությունն իրականացվում է մարդու աճյունը գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

Երևանի հատակագծով գերեզմանների համար նախատեսված 556,9 հեկտարն արդեն սպառվում է։ Մի քանի տարի առաջ քաղաքապետարանն ահազանգում էր, որ գերեզմանատների տարածքը 2 անգամ գերազանցում է Երևանում կառուցված այգիների զբաղեցրած տարածքից։

Երևանում կա 21 համայնքային գերեզմանատուն: Շահագործվող բոլոր գերեզմանատներում՝ թեʹ բաց, թեʹ մասնակի փակ հանգուցյալներ հուղարկավորվում են, սակայն մասնակի փակ գերեզմանատներում նոր հատկացումներ չեն արվում։ Ընտանեկան գերեզմանի համար անվճար հիմունքնով տրամադրվում է առավելագույնը 12.5 քառ. մետր։

Հարցին՝ գերեզմանատներում կա՞ արդյոք տարածքի սակավության խնդիր, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ից պատասխանեցին. «Գերեզմանատներում տարածքի սակավության խնդիր միանշանակ կա, արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, դիտարկվում են գործող գերեզմանատների ընդլայման հարցերը, ինչպես նաև նոր տարածքների տրամադրման հնարավորությունը»։

Ըստ տրամադրված տվյալների նկատվում է մահերի աճի միտում.

Չնայած գերեզմանատներում տեղ չկա, սակայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դեմ է դիակիզումներին։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տեր Շահեի խոսքով՝ հանգուցյալին պետք է անպայման դնել հողը, քանի որ Քրիստոս հարություն առավ հենց գերեզմանից, ինչն էլ դարձավ մեր հավատքի հիմնաքարը։

«Ամեն մի ազգ, ամեն մի պետություն ու տարածաշրջան ունի իր ավանդությունները, օրինակ՝ Մալազիայի կղզիները (մահացած մարդկանց դիերը տանում դնում են հատուկ տեղ, որ անգղները ուտեն), Իսպանիան ( այժմ դիերն այրում են)։ Աշխարհում շատ երկրներ ընդունում են դիակիզումը։ Բայց, գալով մեր տարածաշրջան, Կովկասից մինչև Պաղեստին ընկած տարածաշրջանը, ունեն նույն ավանդությունը՝ անպայման հողին հանձնել հանգուցյալին»։

Ըստ Տեր Շահենի՝ կարելի է փորել շատ խորը փոս, և սերնդեսերունդ բոլորին թաղել այդ փոսում, ինչպես Շվեցարիայում։

Այս ամենին զուգահեռ դիակիզարանների կառուցումը մնում է առաջնային խնդիր։

Ըստ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Իսկանդարյանի՝ դիակիզարանները կառուցվելու են Երևանից դուրս, սակայն տարածքը դեռ հայտնի չէ. «Նախկինում նախատեսված էր մի տարածք, որը չի համապատասխանել դիակիզարանի կառուցման ստանդարտներին, այդ իսկ պատճառով պետք է նոր տարածք ընտրվի։ Այն գրավելու է 600 քմ տարածք. դիակիզարանին կից չի կառուցվելու եկեղեցի։ Դիակիզարանը համապատասխանելու է ստանդարտներին»։

Առաջին դիակիզարանը բացվել է 2006-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում, սակայն միանգամից էլ փակվել, քանի որ հանգուցյալի ոչ մի հարազատ չի դիմել: Ներկայումս տարվում են աշխատանքներ նոր դիակիզարանի կառուցման համար։

Սիլվի Պետրոսյան
Մերի Սահակյան
3-րդ կուրս

Կիսվել