Պատերազմից հետո Արցախի պետհամալսարանի ուսանողների թիվը նվազել է

Պատերազմից հետո Արցախի պետհամալսարանի ուսանողների թիվը նվազել է

773

Արցախի պետական համալսարանում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնվել է: Համալսարանի ՈՒԳԸ նախագահ Տաթևիկ Ղահրամանյանի խոսքով՝ համալսարանական կյանքը նորմալ հունի մեջ է մտել, թեև երկրում լարված իրավիճակը շարունակվում է: 

Համալսարանի 26 ուսանող է զոհվել 2020թ.-ի 44-օրյա պատերազմում:   

Հետպատերազմական շրջանում համալսարանի ուսանողների համար ստեղծված դժվարություններից Տաթևիկն առանձնացնում է կրթությունն Արցախում շարունակելու երկընտրանքը՝ տարբեր խնդիրներով պայմանավորված։ 

«Ուսանողների մի մասը թղթերը հանել է մեր համալսարանից, որովհետև  հանգամանքների բերումով տեղափոխվել են Հայաստան կամ այլ երկիր և չէին կարող ուսումը մեզ մոտ շարունակել անգամ հեռակա ձևով: Որոշ ուսանողներ գործի բերումով, հենց պատերազմի հետ կապված, թղթերը մեր համալսարանից հանել ու Արցախի այլ բուհեր են տեղափոխվել, որտեղ համեմատաբար ավելի հեշտ է սովորելը: Բնականաբար, քանակական առումով ուսանողների մեծ կորուստ ունենք: Այս տարվա դիմորդներն էլ էին քիչ: Դասերի հիմնական պրոցեսն ամբողջությամբ վերականգնվել է և կարելի է ասել, որ անգամ քննություններին մենք զիջումներ չենք նկատում: Չկա այնպիսի դասախոս, որ պատճառաբանի, որևէ արդարացում փնտրի մեղմ գնահատելու համար»,- ասում է Տաթեւիկը:   

Արցախի պետական համալսարանում առկա ուսուցումն անվճար է: Ուսանողները վճարումներ կատարում են միայն լուծարքների համար:  Չնայած սրան՝ Տաթևիկը նշեց, որ, ըստ իրենց տվյալների, ուսանողների թիվը նվազել է: Համաձայն համալսարանի ուսումնական  գործընթացի կազմակերպման բաժնի պետ Իրինա Խաչատրյանի տրամադրած տվյալների՝ 2020թ.-ին առկա համակարգում սովորող ուսանողների թիվը 1392 էր, հեռակա համակարգում՝ 674: 2021թ.-ի հունվարի տվյալներով՝ առկա համակարգում սովորելիս է եղել 1405, իսկ հեռակա համակարգում՝ 679 ուսանող, իսկ նույն ուսումնական տարվա՝ 2022թ.-ի 2-րդ կիսամյակում համալսարանի առկա համակարգում ուսանողների թիվը դարձել է 1383, իսկ հեռակա համակարգում՝ 692 ուսանող:  

Այն ուսանողներին, որոնք ցանկանում են թղթերը բուհից հանել, ըստ ՈւԳԸ նախագահի՝ փորձում են հետ պահել, բայց երբ ընտանիքը տեղափոխվում է, ուսանողն ինչքան էլ ցանկանա, չի կարող մնալ:   

Արցախի պետական համալսարանը հինգ ֆակուլտետ ունի՝ Բնագիտական, Բանասիրական, Մանկավարժության և սպորտի, Պատմության և իրավագիտության, Տնտեսագիտության:   

«Ուսանողների թվի առումով առաջատար է բանասիրական ֆակուլտետը, ինչպես նաև Մանկավարժության և սպորտի ֆակուլտետը, իսկ որակական առումով, այսպես ասած, առաջատար է Պատմության և իրավագիտութրուն ֆակուլտետը»,- ասում է ՈւԳԸ նախագահը։   

Այս հանգամանքը Տաթևիկ Ղահրամանյանը բացատրում է տարբեր միջազգային և տեղական ծրագրերի առկայությամբ. «Ակտիվ են նաև փոխանակման ծրագրերը: Ուսանողներ կան, ովքեր հիմա գտնվում են Հունգարիայում, սակայն սա փոխանակման ծրագիր չէ. հայագիտական ֆակուլտետ է այնտեղ գործում: Ուսանողները մեզ մոտ բակալավրիատն ավարտել են, այնտեղ շարունակում են զարգացնել գիտելիքները»։   

Տնտեսագիտության եւ Բնագիտության ֆակուլտետներն էլ մասնակցում են տարբեր ստարտափերի ստեղծմանը: Սակայն համալսարանի ՈւԳԸ նախագահի խոսքերով՝ համալսարանը չունի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտացված ֆակուլտետներ. «Նման մասնագիտություններ չունենք, հետաքրքրություն կա, եթե լինեին ֆակուլտետները, կարծում եմ՝ մեծ թվով դիմորդներ կլինեին, բայց ֆինանսավորման պատճառով նման մասնագիտացումներ չկան»։ 

Այս խնդիրը, ըստ Տաթևիկի, պայմանավորված է նաև կադրերի պակասով: 

«Կադրերի խնդիր միանշանակ ունենք, բայց փորձում ենք ինչ-որ ձևով սա լրացնել, կան դասախոսներ, ովքեր Հայաստանից են միանում, օնլայն դասեր են անցկացնում, հիմնականում կադրերի խնդիրը կապված է պահանջված մասնագիտություններ չունենալով։ Եթե կադրերը լինեին, մասնագիտություններն էլ կլինեին: Այս հարցով պետք է Կրթության նախարարությունը քայլեր ձեռնարկի, որովհետև ֆինանսավորման խնդիրն է, օրինակ՝ հենց ֆինանսական խնդիրների պատճառով որոշ ֆակուլտետներ՝ հիմնականում Բնագիտական ֆակուլտետի կազմում, միացրել ենք»։ 

Համալսարանի ՈւԳԸ-ն և ՈւԽ-ն համատեղ միջոցներ են ձեռնարկում նաև այս խնդիրների լուծման համար, թեև Տաթևիկը նշում է, որ շատ բան իրենցից կախված չէ. «Օրինակ՝ քիմիայի բաժնում եթե լիներ երեք ուսանող, համալսարանը չէր կարող երեք ուսանողի համար դասախոսին նույն չափով վարձատրել, ինչքան երեսուն հոգանոց լսարանին դասախոսող դասախոսին: Բայց նաև մեր ՈՒԽ-ն որևէ բաժնի դիմորդների թիվը շատացնելու համար դպրոցի հետ աշխատանքներ է տանում: Սահիկների միջոցով կազմակերպում են ճանաչողական դասեր՝ ինչո՞ւ ընտրել Արցախի պետական համալսարանը, կամ ինչո՞ւ ընտրել համալսարանի որևէ մի բաժին: Մեր ՈւԽ և ՈւԳԸ համագործակցությունն ամուր է, օտարված չենք միմյանցից»։   

Համալսարանական այս երկու կառույցները կազմակերպում են նաև ինտելեկտուալ խաղեր թե ուսանողական միջավայրում, թե՛ բանակում:

«Կապը պահում ենք նաև բանակի հետ: Այցելում ենք բանակ, ծանոթանում զինվորների կենսակերպին, ինտելեկտուալ խաղ է կազմակերպվում՝ խառը բաշխված խմբերով. այդպես ծանոթություն է ստեղծվում և դրական շփում է ամրանում մեր և զինվորների միջև: Բանակայինների համար էլ ենք համալսարանական միջավայրը պահում»,- նշում է Տաթևիկը։ 

Արցախի համալսարանը համագործակցում է նաև Երևանի և Վանաձորի պետական համալսարանների հետ: 

«ԵՊՀ-ի հետ համատեղ ստեղծագործական մրցույթ է կազմակերպվել, ընդ որում՝ և’ մեր համալսարանից են ուսանողներ մասնակցել և’ ԵՊՀ-ից: Հաղթողների մեծ մասն Արցախից է եղել: Իսկ այս պահին մեզ համար ամենակարևորը մայիսին կազմակերպվելիք գիտաժողովն է, որի համար ամեն օր աշխատում ենք դեկանների, պրոռեկտորների հետ, որպեսզի հաջող գիտաժողով լինի: Գիտաժողովի թեման ազատ է, այսինքն՝ բոլորը կարող են մասնակցել»,-ասաց Տաթեւիկը։ 

Զրույցի ավարտին նա հավելեց.  «Մեզնից յուրաքանչյուրը պետք է ջանա գործի դնել իր ողջ ներուժը, որպեսզի Արցախի մայր բուհը լինի Արցախին արժանի բուհ` կողմնորոշված, նպատակասլաց, հայրենիքի ներկայի համար հոգացող և ապագայի մասին մտածող ուսանողներով»։ 

Տաթեւ Ալիխանյան

3-րդ կուրս

Կիսվել