Բոլոր ճանապարհները բերում են Հայաստան. Ռիկարդո Բերգման

Բոլոր ճանապարհները բերում են Հայաստան. Ռիկարդո Բերգման

921

Մեկ անգամ Հայաստանում երթուղային էի նստել, ձեռքիս պայուսակ կար, կանգնած էի։ Մի մարդ փորձեց վերցնել իմ պայուսակն ու ասաց, որ ինքը կպահի։ Ես զարմացա ու նաև վախեցա։ Չգիտեի, որ Հայաստանում մարդիկ իրար այդ կերպ օգնում են։ Գերմանիայում ոչ ոք այդպես չի անում։

Գերմանացի Ռիկարդո Բերգմանն առաջին անգամ Հայաստան է եկել վեց տարի առաջ` YCCD Cooperation-ում կամավորություն անելու նպատակով։ Այնուհետև կրթությունը շարունակելու համար վերադարձել է Բեռլին, ապա` Սանկտ Պետերբուրգ և Օդեսա։ Ուսումն ավարտելուց հետո հասկացել է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան։

«Մտածեցի` ինչու՞ ոչ, նորից Հայաստան։ Այդ ժամանակ հետաքրքիր էր տեսնել Հայաստանը հեղափոխությունից հետո ու հասկանալ, թե  ինչպես են տնտեսությունն ու հասարակությունը փոխվել»,-ասում է Ռիկարդոն։

Իր առաջին այցի ընթացքում ապրում էր Դիլիջանում, այժմ Երևանում է, սակայն պատրաստվում է տեղափոխվել մեկ այլ քաղաք։

«Նորից Դիլիջան չեմ գնա, քանի որ Դիլիջանում ձմեռները շատ ցուրտ են, իսկ Երևանում ամառներն են շոգ։ Բացի այդ, Հայաստանում բազմաթիվ այլ  տեսարժան վայրեր կան, որտեղ հնարավորության դեպքում կարելի է ապրել։ Լոռու մարզի մասին եմ մտածում, գուցե` Դսեղ», – ասում է Ռիկարդոն։

Դիլիջանում ապրելու տարիներին Բերգմանը զբաղվել է կամավորությամբ, աշխատել հատկապես երիտասարդների հետ։ Սովորել է հայերեն ու իր հերթին կազմակերպել գերմաներենի դասընթացներ։

«Հետաքրքիր էր այն, որ Դիլիջանի երկու դպրոցներում երեխաները գերմաներեն էին սովորում, իսկ ես նրանց հետ հավելյալ աշխատում էի։ Դասերն ամեն անգամ արդյունավետ ու հետաքրքիր էին անցնում, ու ես մինչև հիմա էլ շարունակում եմ շփումս աշակերտներիս հետ»,-ասում է Ռիկարդոն։  

Հենց այդ ժամանակ էլ գերմաներեն սովորող ընկերների հետ սկսել է հայերեն սովորել։ Միմյանց հետ խոսում էին ու օգնում իրար։ Հայերեն գրքեր դեռևս չի ընթերցում, բայց սոցցանցերում հաճախ է կարդում հայերեն գրառումներ։ Այս զրույցը նրա հետ վարել ենք հայերեն, ասում է` իր առաջին հայերեն հարցազրուցն է: Եթե հայերեն լավ իմանա, գուցե տարիներ անց Գերմանիայում հայերենի դասընթացներ կազմակերպի։

Ըստ Բերգմանի` Գերմանիայի և Հայաստանի նմանություններն ու տարբերությունները շատ են. «Վերջին անգամ, երբ Գերմանիայում էի, զգացի, որ արդեն մի փոքր հայ եմ դարձել։ Երբ ինձ հրավիրել էին մի տեղ և հարցրին, թե երբ կգնամ, ասացի, որ ճաշից հետո, սակայն Գերմանիայում այդպես չեն ասում, բոլորն ուզում են իմանալ կոնկրետ և հստակ ժամ»։

Ապրելով Հայաստանում` Ռիկարդոն նկատել է, որ, ի տարբերություն Գերմանիայի,  հայկական ընտանիքներում խստությունն ավելի շատ է։ Գերմանիայում երիտասարդներին ծնողներն ազատություն են տալիս, ու նրանք որոշակի տարիքում հեռանում են իրենց հայրական տներից։

Հիշում է, որ 2,5 տարի առաջ, երբ ապրում էր Դիլիջանում, ֆրիլանսեր էր, ու չկար այնպիսի վայր, որտեղ  հանգիստ կարող էր աշխատել։ Տնից կամ սրճարաններից ամեն օր աշխատել չէր ստացվում, այդ ժամանակ էլ ֆրիլանսերների համար հատուկ աշխատավայր ստեղծելու գաղափարը ծագեց։ Մեկ տարի առաջ ընկերոջ հետ ստեղծեցին Balcony Dilijan-ը` վայր, որտեղ կարող են գալ ֆրիլանսերներ, նստել այլ ֆրիլանսերների կողքին ու աշխատել։

«Ի տարբերություն Գերմանիայի կամ Ռուսաստանի` Հայաստանում համեմատաբար հեշտ է բիզնես սկսելը, առավել դժվար է վստահելի գործընկեր գտնելը։ Բացի այդ, Հայաստանում մեծ մասամբ նախընտրում են քիչ աշխատել և շատ վաստակել հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Գերմանիայում այդպես չեն անում»,-նշում է Ռիկարդոն։ Հայաստանում ապրելով` նա շատ է փոխվել, դարձել է ավելի հանգիստ։ Իր շրջապատում շատերին այդ հանգամանքը զարմացնում է։

Լուսինե Գուլյան

3-րդ կուրս

Կիսվել