Առողջական խնդիրներն ու պետության անտարբերությունը զրկել են Դավիթին կրթության իրավունքից

Առողջական խնդիրներն ու պետության անտարբերությունը զրկել են Դավիթին կրթության իրավունքից

436

Քսանմեկամյա Դավիթը մեկն է այն մարդկանցից, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ։ Բայց նա տարբերվում է. նրան չքայլելու պատճառով նույնիսկ չի տրվել հնարավորություն տարրական ու միջնակարգ կրթություն ստանալու։

Դավիթը ծնվել և ապրում է Արմավիրի Բամբակաշատ գյուղում։ Նա շատ  երազանքներ ունի, որոնցից մեկը ֆուտբոլ խաղալն է։ Շատ է սիրում ֆուտբոլ, բայց երբեք չի խաղացել։ Սիրելի ակումբը Բարսելոնան է, սիրելի ֆուտբոլիստը` Լեո Մեսսին։ Դավիթն ունի փոքրուց ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք, ինչպես ինքն է պատմում, իրենից խլեցին թե՛ մանկությունը, թե՛ պատանեկությունը, սրտում թողեցին վախի զգացողություն, ինչի պատճառով մեկուսացավ բոլորից, անգամ դպրոց չհաճախեց։

 «Իմ կյանքում ամեն ինչ շատ բարդ է ու դժվար դեռ փոքրուց։ Մեկ տարեկանում ընկել եմ աստիճաններից ու տենց կորցրել քայլելու կարողությունս։ Ոտքս ջարդվեց, գիպս դնելուց հետո կեղծ հոդ առաջացավ, ու ոտքս աստիճանաբար թեքվում էր, էլ չկարողացա ոտքս գետնին դնել մինչև հիմա։  Շատ դժվար ա տեղաշարժվել, դժվար ա փայտից աստիճանները հաղթահարելով` տուն հասնել, դժվար ա տեսնել՝ ոնց են ուրիշները խաղում ֆուտբոլ, իսկ ես չեմ կարողանում նրանց նման,  երբ տանից դուրս եմ գալիս, ծաղրող արտահայտություններ եմ լսում։ Փոքր ժամանակ մտածում էի, որ նորմալ ա, բայց  արդեն մեծ եմ ու ոչինչ չի փոխվել էսքան ժամանակ»,- պատմում է Դավիթը։  

Հենաշարժողական խնդիրը Դավիթի կրթություն չստանալու պատճառ է դարձել։ Դավիթը նշեց, որ նույնիսկ առաջին դասարան չի գնացել, անտառաճանաչ է։ Հարցին, թե ինչու դպրոցական կրթություն չի ստացել, տանը  դասապատրաստում ինչու չի իրականացվել, Դավիթը պատասխանեց, որ ընտանիքի անդամները չէին կարող ամեն օր դպրոց տանել-բերել, և բացի այդ, դպրոցում հարմարություններ չկային տեղաշարժվելու համար. «Հենաշարժողական խնդիրներ ունենալու պատճառով մնացի անտառաճանաչ։ Ծնողներս դժվար ջանքերով էին փող աշխատում, էդ էլ ծախսվում էր վիրահատություններիս վրա, էլ որտեղի՞ց հասցնեին դաս սովորացնող բերեին տուն, դե, անվճար չէր։ Դպրոց տանելու ժամանակ էլ չունեին, բացի էդ, հարմարություններ չկային, որ տեղաշարժվեմ, աստիճաններ կային շատ, ու դրանք բարձրանալ-իջնելը շատ դժվար էր։ Որ ճիշտն ասեմ, ես էլ ամաչում էի շատ դպրոց գնալուց, էն մյուս երեխեքից տարբերվելուց, մտածում էի՝ ձեռք կառնեն, ուրիշ աչքով կնայեն ինձ»։

Այս դժվարություններից զատ Դավիթն ունի մեծ կամքի ուժ և հույս, որը երբեք չի կորցնում. «Երջանիկ օրեր իհարկե լինում են։ Իմ լավ տրամադրությունն ու լավ օր ունենալը հույսի հետ ա կապված, որ մի օր ես էլ կկարողանամ ուրիշների պես քայլել։ Իմ ամենամեծ ուրախությունը ծնողներս են, իրանք են միշտ կողքս։ Հայրս ավագ ընկերոջ պես ա»։

Դավիթի ամենասիրելի տեղն իրենց տան փոքրիկ աղոթատեղին է, որտեղ նա ամեն օր մոմ է վառում. «Երեք տարեկանից գնացել եմ մեր տան փոքրիկ աղոթատեղին, ամեն անգամ մոմ վառելիս Աստծուց խնդրում եմ, որ ես էլ քայլեմ, վազեմ մնացած մարդկանց նման, կարողանամ բանակում ծառայել։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է բանակում ծառայելը։ Մանկուց, մոտավորապես 4 տարեկանից նպատակ եմ ունեցել բանակում ծառայելու։ Իմ ամենամեծ երազանքը էդ ա»։

2004 թվականից մինչև 2015 թվականը Դավիթը ենթարկվել է 7 վիրահատության. «Ամեն վիրահատությունից հետո մտածում էի, որ լավ է լինելու, կարողանալու եմ քայլել»։ Այն հարցին, թե վիրահատություններից հետո ինչ փոփոխություններ են եղել, Դավիթը պատասխանեց, որ եղել են որոշակի փոփոխություններ. ոտքն ուղղվել է համեմատաբար, առաջվա պես թեքված չէ, բայց ամեն դեպքում չի կարողանում այդ ոտքը դնել գետնին։ Վերջին տարիներին չվիրահատվելու պատճառը, տղայի խոսքերով, ֆինանսապես ապպահովված չլինելն է։

Փորձեցինք կապ հաստատել Դավիթին բուժող բժշկի հետ և հասկանալ, թե բուժման որ փուլում է գտնվում տղան։ Տվյալ բուժհաստատությունից, որտեղ իրականացվել է Դավիթի բուժումը, մեզ փոխանցեցին, որ բժիշկը գործուղման մեջ է և նրանից կոնտակներ չունեն։

Հասկանալու՝ ինչու Դավիթը կրթություն չի ստացել դպրոցական տարիքից մինչ օրս, զրուցեցինք  նրա մայրիկի՝ տիկին Ասլիի հետ։ Նրա խոսքով՝ աշխատում էին գիշեր-ցերեկ, ժամանակ չունեին դպրոց տանելու, բացի այդ մտածում էին՝ երեխային կնեղացնեն դպրոցում. «Վախեցել ենք դպրոց տանել, մտածել ենք՝ կարող ա անընդհատ ծաղրեն, վիրավորեն, հրեն, նեղացնեն ու  վիճակն ավելի բարդանա։ Մշտապես չէինք կարող Դավիթի կողքին լինել։ Տանը մենք ինչ կարողացել, սովորեցրել ենք»։

Հարցին, թե տնային ուսուցում ինչու չի կազմակերպվել տղայի համար, մայրը  պատասխանեց, որ տեղյակ չեն եղել, որ կա նման հնարավորություն. «Չենք իմացել, որ կա նման հնարավորություն, որ կարող ենք նման հարցով դիմել դպրոցին կամ գյուղապետարանին ու անվճար ուսուցում կազմակերպել տանը։ Առանձին մասնագետի ենք  գտնել, որ տանը պարապի, բայց դա էլ արդեն գումարների հետ էր կապված, իսկ մենք հնարավորություն չունեինք, իսկ երբ դիմեցինք դպրոց, Դավիթն արդեն 13 տարեկան էր, մեզ ասացին, որ առաջին դասարանից պետք է սկսի ուսումը, և այդպես չհամաձայնեցինք»։  

Պարզելու համար, թե համայնքապետարանն ինչ քայլեր է ձեռնարկել տղային կրթություն ստանալու հարցում օգնելու համար, կապվեցինք Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանի հետ։ «Երեխան փոքր ժամանակ ավելի վատ վիճակում էր, իր վիճակից ամաչելով չէր գնում։ Ես խոսել եմ երեխայի ծնողների հետ, ասել են՝ երեխան ի վիճակի չէ դպրոց գնալ, մենք էլ չենք կարող տանել-բերել, աշխատում ենք»,- պատասխանեց գյուղապետը։ Այն հարցին, թե ինչու տանը դասուսուցում կազմակերպելու հնարավորությունից չի օգտվել ընտանիքը, համայնքապետը պատասխանեց, որ տեղյակ չէ, և համայնքապետարանին էլ նման հարցով չեն դիմել։

Համայնքապետարանից փորձեցինք ստանալ վիճակագրական տվյալներ այն երեխաների քանակի վերաբերյալ, որոնք չեն ստացել դպրոցական կրթություն։ Համայնքապետարանից մեզ պատասխանեցին, որ նման տվյալներ չունեն, որովհետև, եթե նույնիսկ կան այդպիսի երեխաներ, ապա նրանց ծնողները չեն դիմել համայնքապետարան, և այդպիսով տվյալներ չեն ստացվել։

Հասկանալու՝ թե ինչ ծրագրեր են նախատեսված նման խնդրի առաջ կանգնած անձանց համար, կապվեցինք ԿԳՄՍ նախարարություն։ Մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ կան ծրագրեր, որոնց շրջանակներում հաշմանդամություն կամ առողջական խնդիր ունեցող յուրաքանյուր անձ անկախ տարիքից կարող է դիմել և օգտվել օրենքով իրեն հասանելի կրթություն ստանալու իրավունքից. «Եթե անձն ունի հաշմանդամություն կամ որևէ այլ առողջական խնդիր, և ինչ-ինչ պատճառներով չի ստացել կրթություն, չի նշանակում, որ այլևս անհնար է կրթություն ստանալ։ Բացի այդ, չի կարող անձն առհասարակ կրթություն ստացած չլինել, այլ բան է, որ չեն օգտվել իրենց իրավունքներից։ Դեպքերն անհատական են, յուրաքանչյուրին տրամադրվում է համապատասխան մոտեցում։ Պետք է անձի  տվյալները կազմել, կցել նաև առողջական խնդրի վերաբերյալ ամբողջական փաստաթղթերը և դիմել նախարարություն»։ Հարցին, թե ինչու չեն դիմում նախարարություն, մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ չդիմելու հիմնական պատճառը տեղեկատվության անմատչելիությունն է. «Գլխավոր պատճառը դիմելու ձևին ու ընացակարգին ծանոթ չլինելն է, լավ տեղեկացված չլինելը։ Սա մի կառույցի խնդիր չէ, սա գերատեսչական խնդիր է, որի համար չենք կարող միայն մեկ կառույցի մեղադրել, բայց այս մասով ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերի հասանելի լինի այն արտոնությունները, որոնցից հնարավոր է օգտվել»։

Նարե Բաբերյան

4-րդ կուրս

Կիսվել