Վճարի՛ր ասված գումարը, կամ լքի՛ր բնակարանը. թանկացումներ վարձավճարների շուկայում

Վճարի՛ր ասված գումարը, կամ լքի՛ր բնակարանը. թանկացումներ վարձավճարների շուկայում

769

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում տասնյակ ռուսաստանաբնակներ, լքելով իրենց երկիրը, եկել են Հայաստան։ Վերջիններիս Հայաստան է բերել Ռուսատանում տիրող իրավիճակը։ Դրա հետևանքով Հայաստանում թանկացել են վարձով բնակարանները։

 «Հստակ իմացածս տվյալներով որ ասեմ, սովորական, նույնիսկ, խորհրդային շրջանի վերանորոգումով բնակարանը վարձով է տրվում 60000-80000 դրամով: Իսկ խմբի հայտարարությունները եթե նայենք, բնակարաններ կան, որ թանկացրել են երկակի, եռակի և ֆանտաստիկայի ժանրի գների»,– Journalist.am-ին տված  հարցազրույցում ասաց «Վարձով բնակարաններ» ֆեյսբուքյան էջի ադմինիստրարտոր Աշոտ Հայրապետյանը։

Բնակարանների վարձերը թանկացել են ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում։ Ներկայումս գները տատանվում են Երևանում՝ 130000 – 250000 դրամի սահմաններում, Վաղարշապատում՝ 80000 – 150000-ի, Արտաշատում՝ 80000-170000-ի սահմաններում և այլն։ Այս ֆոնին տուժում են վարձով բնակարաններում բնակվողները։  «Վարձով բնակարաններ» ֆեյսբուքյան էջում կարող ենք տեսնել բազմաթիվ բողոք-հայտարարություններ՝  ներկայիս թանկացումների վերաբերյալ։ Բնակարանների տերերը թանկացնում են վարձը՝ մարդկանց կանգնեցնելով ընտրության առաջ․ կա՛մ համաձայնում եք նշված գինը վճարել, կա՛մ էլ սահմանված ժամկետում պետք է լքեք  բնակարանը։ Սոցիալական ցանցերում արդեն քանի օր է՝ դրվում են նման հայտարարություններ․ «Ժողովուրդ, ինձ շտապ բնակարան է անհրաժեշտ, քանի որ տանտերն ինձ խնդրել է նշված ժամանակահատվածում ազատել բնակարանը», «Տանտերը բնակարանի վարձը թանկացրել է, ասում է՝ կամ վճարիր 200000 դրամ (նախկին 120000 փոխարեն), կա՛մ էլ ազատիր այն»։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այստեղ հիմնական խնդիրն այն է, որ բնակարան  վարձակալելիս մարդիկ պայմանագիր չեն կնքում, ինչն էլ նրանց փաստի առաջ է կանգնեցնում։

Որպես ֆեյսբուքյան էջի ադմինիստրատոր՝ Աշոտ Հայրապետյանը ինքն էլ որոշակի քայլեր է ձեռնարկում՝ մարդկանց օգնելու հարցում․ «Որպես խմբի պատասխանատու՝ փորձում եմ ընձեռված հնարավորության սահմաններում կանխել թանկացման փորձերը՝ կիրառելով տարբեր բնույթի սահմանափակումներ, նաև զգուշացում, խմբից հեռացում և այլն»։

Այս առնչությամբ պետական մակարդակով ևս քայլեր կատարվեցին։ Մարտի 15-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տարածեց հետևյալ հայտարարությունը․ «Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ, խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Տելեգրամյան կայքէջում։ Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ Ոստիկանությանը»։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել